Նազիկ Ավդալյանն ավարտել է կարիերան

26 Փետրվարի 2018 16:08
Նազիկ Ավդալյանն ավարտել է կարիերան

Ծանրամարտի աշխարհի ու Եվրոպայի նախկին չեմպիոն Նազիկ Ավդալյանը երկար ժամանակ է դադարեցրել է մարզումները: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը.

«Նա հայտարարել է, որ այլևս չի մասնակցելու մրցումների, ավարտում է կարիերան և ցանկանում է ուշադրությունը լիովին սևեռել ընտանիքի վրա»,- ասաց ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը:

Խոսելով առաջիկա ծրագրերի մասին՝ Փաշիկ Ալավերդյանը նշեց, որ մեծահասակներն օգոստոսի 20-ից հետո կարող են մասնակցել միջազգային ֆեդերացիայի օրացուցային ծրագրում ընդգրկված բոլոր մրցումներին.

«Մեր գլխավոր նպատակը, իհարկե, աշխարհի առաջնությունն է, որտեղ խաղարկվելու են օլիմպիական խաղերի վարկանիշեր: Նոր կանոնակարգի համաձայն, օլիմպիական ուղեգրերը լինելու են անհատական: Այսուհետ Խաղերին յուրաքանչյուր երկիր առավելագույնը կարող է ունենալ 4 կին և 4 տղամարդ ծանրորդ:

Մինչև տարվա գլխավոր ստուգատեսը, մեր մարզիկները կմասնակցեն ուսանողական խաղերին, Եվրոպայի Մ 20 ու Մ 23 տարեկանների առաջնություններին, որպեսզի լիովին պատրաստ մոտենանք աշխարհի առաջնությանը: Ինչպես նաև, կունենաք ուսումնամարզական հավաքներ: Հաջորդ ամիս տղամարդիկ հավաք կանցկացնեն Ուկրաինայում, իսկ կանայք՝ Երևանի Օլիմպավանում»,- ասաց Փաշիկ Ալավերդյանը:

Այս տարի կարևոր մրցում է սպասվում պատանիներին: Բուենոս Այրեսի պատանեկան ամառային խաղերին երկիրը կարող է ներկայացնել մեկ տղա եւ մեկ աղջիկ.

«Մեկ ուղեգիր ունենք տղաներից: Դեռևս չենք որոշել՝ որ ծանրորդը կմեկնի Բուենոս Այրես: Ամեն դեպքում հանդես կգա ուժեղագույնը: Իսկ աղջիկներն օլիմպիական ուղեգիր կփորձեն ձեռք բերել Եվրոպայի առաջնությունում: Դրա համար պետք է թիմային հաշվարկով զբաղեցնել 1-6-րդ հորիզոնականները: Մեծ հնարավորություններ ունի Լիանա Գյուրջյանը»,- ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի խոսքերն է մեջբերում ՀԱՕԿ պաշտոնական կայքը:

Նախատեսվում է, որ մարտի 26-ին կլինի ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի համաժողով, որին կմասնակցնի նաև Փաշիկ Ալավերդյանը:

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: