Հռիփսիմե Խուրշուդյանը վերադառնում է մրցահարթակ

21 Դեկտեմբերի 2017 15:31
Հռիփսիմե Խուրշուդյանը վերադառնում է մրցահարթակ

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Հռիփսիմե Խուրշուդյանի որակազրկումը կասեցվել է: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ մամուլի ծառայությունը:

Որակազրկման ավարտից հետո Հռիփսիմե Խուրշուդյանը վերադառնում է մեծ սպորտ՝ նոր ու ավելի մեծ նպատակներով:

«Վերջապես լսեցի այդքան սպասված լուրը՝ 2018 թվականի մայիսից որակազրկումը կասեցվում է, և այսօր ասում եմ՝ Հռիփսիմե Խուրշուդյանը վերադառնում է մեծ սպորտ:

Վերադարձս շատ սպասված է: Քնում և արթնանում էի լավ լուր լսելու հույսով: Երբ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը զանգեց ու ասաց, որ կարող եմ նորից մրցումների մասնակցել՝  քիչ էր մնում ուշագնաց լինեի ուրախությունից:

Չեմ պատկերացնում կյանքս առանց ծանրամարտի: 19 տարի ես այս մարզաձևով եմ ապրում: Սա փորձություն էր, որը պետք էր հաղթահարել: Ես մեծ կամքի ուժ ունեմ եւ նահանջող մարդկանցից չեմ: Հիասթափություններ ունեցել եմ, չեմ ցանկացել ոչ մեկի հետ խոսել, շփվել: Կարծես հիշողությունս կորցրած լինեի, ագրեսիվ էի բոլորի հանդեպ, նույնիսկ երեխայիս հետ չէի կարողանում հանգիստ շփվել: Թշնամուս չէի ցանկանա այդ հիասթափությունը, հոգեկան ապրումները, բայց իմ մեջ ուժ եմ գտել ու հաղթահարել բոլոր դժվարությունները:

Ցավոք սրտի, Եվրոպայի առաջնությունը բաց կթողնեմ: Այսուհետ հանդես կգամ նոր քաշային կարգում ՝ 90 կգ: Այն կարծես ինձ համար լինի: Վերջապես նոր քաշում կմրցեմ ինձ հավասարների, ոչ թե ինձնից 30 կգ ծանր մարզիկների հետ: Սակայն, եթե 90 կգ քաշային կարգն օլիմպիական չհամարվի, ես անպայման կփոխեմ քաշս:

Առաջին հերթին ցանկանում եմ վերադարձնել  մարդկանց վստահությունը: Չեմ ցանկանում, որ մարդիկ մտածեն, թե որակազրկվել եմ ու հեռացել սպորտից: Նպատակս, իհարկե, Եվրոպայի, աշխարհի առաջնությունների և օլիմպիական խաղերի մեդալներն են»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասել է Հռիփսիմե Խուրշուդյանը:

Հիշեցնենք, որ հայ ծանրորդուհին 2016 թվականին որակազրկվել էր, քանի որ նրա արյան մեջ արգելված խթանիչներ էին հայտնաբերվել: Խուրշուդյանը որակազրկում կրելու ընթացքում չի դադարել մարզվել ու մարզավիճակ հավաքել:

Հիշեցնենք, որ Խուրշուդյանը Եվրոպայի կրկնակի չեմպիոն է և Լոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր:

Հարցազրույցն ու լուսանկարը՝ ՀԱՕԿ պաշտոնական կայքի


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: