IWF-ի նախագահը պաշտոնական նամակ է ուղարկել Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիա

08 Սեպտեմբերի 2017 15:40
IWF-ի նախագահը պաշտոնական նամակ է ուղարկել Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիա

Այսօր Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան պաշտոնական նամակ է ստացել միջազգային ֆեդերացիայի նախագահ Տամաշ Այանից: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ լրատվական ծառայությունը

IWF-ի նախագահը նշել է, որ 2017 թվականի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականին որակազրկելու տեղեկությունն առայժմ ոչ պաշտոնական է: Նամակում մասնավորապես նշված է:

«Մենք արդեն տեղեկացրել էինք 2016 թվականի հունիսի 22-ին Թբիլիսիում կայացած ժողովում ընդունված որոշման մասին: Ըստ այդ որոշման՝ պատժամիջոցներ պետք է կիրառել այն հավաքականների նկատմամբ, որոնց երեք և ավելի մարզիկների դոպինգ թեստերը դրական արդյունք են ունեցել 2008 թ. և 2012 թ. օլիմպիական խաղերի ժամանակ:

Այժմ համապատասխան հանձնաժողովը պետք է որոշում ներկայացնի գործադիր կոմիտեին: Որոշումը կհամարվի պաշտոնական միայն գործադիր կոմիտեի ժողովից հետո՝ ձեզ ուղարկված նամակով: Այդ մասին կհաղորդենք որքան հնարավոր է շուտ»:

Հայաստանի հակադոպինգային ծառայության ղեկավար Արեգ Հովհաննիսյանը ՀԱՕԿ լրատվականին հաղորդել է, որ իրենք ևս տեղեկություն են ստացել ծանրամարտի միջազգային ֆեդերացիայից: Նամակում նշված է, որ ստեղծվել է «Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի մաքուր սպորտի հանձնաժողով», որը քննարկումներ կկատարի և սեպտեմբերի 12-ի իրենց ժողովում առաջարկներ կներկայացնի միջազգային ֆեդերացիայի գործադիր կոմիտեին:

Այդ առաջարկները վերջնական կքննարկվեն սեպտեմբերի 30-ին՝ Բուխարեստում կայանալիք միջազգային ֆեդերացիայի գործադիր կոմիտեի ժողովում:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: