Երազանքս իրականացավ, սակայն այսքանով չենք սահմանափակվելու. Հակոբ Մկրտչյան

11 Ապրիլի 2019 22:44
Երազանքս իրականացավ, սակայն այսքանով չենք սահմանափակվելու. Հակոբ Մկրտչյան

Վրաստանի Բաթումի քաղաքում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 89 կգ քաշային կարգի չեմպիոնի կոչումը նվաճելուց հետո Հակոբ Մկրտչյանը կիսվել է տպավորություններով:

«Երազանքս իրականացավ, սակայն այսքանով չենք սահմանափակվելու: Առջևում կան շատ մրցումներ, իսկ ամենակարևորն Օլիմպիական խաղերն են: Պետք է բարձրանամ 96 կգ քաշային կարգ և բոլորին հաղթեմ նաև այնտեղ: Օլիմպիական խաղերին ևս կփորձեմ մասնակցել 96 կգ քաշային կարգում:

Երկրորդ տեղ գրաված վրացի ըմբիշն ինձ հավասար էր, պայքարեցինք միասին, և ես կարողացա հաղթանակի հասնել: Հրում վարժությունում ցանկանում էի կատարել նաև երրորդ մոտեցումը և թարմացնել ռեկորդը, սակայն մարզիչներն ասացին, որ պետք չէ: Կփորձեմ ռեկորդ գրանցել աշխարհի առաջնությունում, որտեղ հանդես կգամ 96 կգ քաշային կարգում:

Այս հաղթանակը նվիրում եմ հայրիկիս, սիրելիներիս ու ամբողջ հայությանը»,- Մկրտչյանի խոսքերն է մեջբերում ՀԱՕԿ լրատվականը:

Հիշեցնենք, որ Հակոբ Մկրտչյանը երկամարտում գրանցել էր 371 կգ (164+207) արդյունք և սահմանել նաև Եվրոպայի ռեկորդ: Պոկում վարժությունում 22-ամյա ծանրորդը չորրորդն էր, իսկ հրում վարժությունում նվաճեց փոքր ոսկե մեդալ: Եվրոպայի փոխչեմպիոն դարձած վրացի Ռևազ Դավիթաձեի երկամարտի արդյունքն էր 370 կգ (170+200):

Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Դավիթ Հովհաննիսյանը երկամարտի 360 կգ (165+195) արդյունքով դարձավ բրոնզե մեդալակիր: Պոկում վարժությունում 22-ամյա Հովհաննիսյանը 165 կգ արդյունքով նվաճեց փոքր բրոնզե մեդալ: Նա հաջող կատարեց բոլոր՝ 6 մոտեցումները:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: