ԱՄՆ-ում ընթացքի մեջ է թենիսի «Մեծ սաղավարտ»-ի այս տարվա վերջին մրցաշարը՝ US Open-ը, որի տղամարդկանց մրցապայքարում այսօր կայանում են 1/8 եզրափակչի հանդիպումները:
Աշխարհի առաջին ռակետ Ռաֆաել Նադալը այս փուլում ուժերն էր չափում ուկրաինացի Ալեքսանդր Դոլգոպոլովի հետ: Իսպանացի թենիսիստը լուրջ դիմադրության չհանդիպեց: 1 ժամ 41 րոպե շարունակված խաղում Նադալը հաղթեց 6:2, 6:4, 6:1 հաշվով և դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ նրա մրցակիցը կլինի ռուսաստանցի Անդրեյ Ռուբլյովը:
Հարկ է նշել, որ լեգենդար թենիսիստի համար Դոլգոպոլովի նկատմամբ տարած հաղթանակը հոբելյանական 50-րդն էր US Open-ի բոլոր խաղարկություններում:
Հիշեցնենք, որ պայքարը շարունակում է նաև մրցաշարի մյուս գլխավոր ֆավորիտը՝ Ռոջեր Ֆեդերերը, որի մրցակիցը 1/8 եզրափակչում գերմանացի Ֆիլիպ Կոլշրայբերն է: