Նադալը կդադարի հաղթել միայն այն ժամանակ, երբ կավարտի կարիերան. Ֆեդերեր

27 Օգոստոսի 2017 22:44
Նադալը կդադարի հաղթել միայն այն ժամանակ, երբ կավարտի կարիերան. Ֆեդերեր

Շվեյցարացի լեգենդար թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը չի զարմանում, որ իր հայրենակից Ստեն Վավրինկայի և սերբ Նովակ Ջոկովիչի բացակայության պայմաններում, ինքն ու Ռաֆաել Նադալն են համարվելու US Open-ի գլխավոր ֆավորիտները: Հիշեցնենք, որ Վավրինկան ու Ջոկովիչը խաղացել են 2016 թ. US Open-ի եզրափակչում:

«Չէի կարող պատկերացնել, որ US Open-2016-ի եզրափակչի մասնակիցն ու հաղթողը չեն խաղա այս տարի: Այո՛, նաև Էնդի Մարեյն էր պատրաստվում խաղալ: Կարծում եմ, բոլորն էլ զարմացած են, որ ես և Նադալը վերադարձել ենք նախկին մակարդակին:

Երբ ինչ-որ մեկը վնասվածք է ստանում, ապա խաղում է մեկ ուրիշը: Այդպես էր նախորդ տարի, երբ չկայինք ես ու Ռաֆան: Դա նորմալ է, երբ ինչ-որ մեկը օգտվում է նրանից, որ մյուսները չեն խաղում: Բայց դրա համար պետք է ճիշտ ժամանակին ճիշտ վայրում հայտնվել, լինել առողջ, թարմ և նույն ոգով:

Ռաֆան հրաշալի մրցաշրջան է անցկացնում: Նա կարողացավ «Ռոլան Գարոս»-ում 10-րդ տիտղոսը նվաճել: Շատերը այլևս հույս չունեին: Ես միշտ կարծել եմ, որ նա կդադարի հաղթել միայն այն ժամանակ, երբ կավարտի կարիերան: Նա փայլուն թենիսիստ է: Այնքան էլ զարմացած չեմ, որ նա  այդպիսի վերադարձ կատարեց և կրկին դարձավ աշխարհի առաջին ռակետը: Դա տպավորիչ է»,- 35-ամյա թենիսիստի խոսքերն է փոխանցում US Open-ի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ մրցումային տարում US Open-ը «Մեծ սաղավարտ»-ի վերջին մրցաշարն է, որը կկայանա օգոստոսի 28-ից սեպտեմբերի 9-ը: Australian Open-ում և «Ուիմբլդոն»-ում հաղթել է Ռոջեր Ֆեդերերը, իսկ «Ռոլան Գարոս»-ում՝ Ռաֆաել Նադալը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: