Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Australian Open-ի եզրափակչում Ռոջեր Ֆեդերերը, պարտության մատնելով Ռաֆաել Նադալին, ճանաչվել էր մրցաշարի հաղթող: Հանդիպումից հետո շվեյցարացի թենիսիստը խոսել է իր զգացողությունների մասին.
«Շատ ուրախ էի Ռաֆայի համար, որ նորից նախկին մակարդակին է վերադարձել: Մենք չէինք էլ հավատում, որ կրկին այսպիսի մրցաշարի եզրափակչում կխաղանք: Ուրախ եմ, որ հաղթել եմ, բայց եթե նույնիսկ պարտվեի, ուրախ կլինեի երկուսիս համար: Հիանալի կլիներ, եթե կարողանանյինք կիսել այս հաղթանակը: Երկուսս էլ շատ էինք աշխատել մեր խաղի վրա:
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ թիմին: Մենք հասանք նրան, ինչին որ նպատակաուղղված էինք: Հույս ունեմ, որ Ռաֆան կշարունակի հանդես գալ երկար տարիներ: Պետք է շնորհակալություն հայտնեմ նաև հովանավորներին: Եվ ուրախ եմ, որ Ռոդ Լեյվերը (ավստրալացի թենիսիստ, «Մեծ սաղավարտ»-ի մրցաշարերի 11-ակի հաղթող, խմբ.) նույնպես ներկա էր խաղին, դա յուրահատուկ էր դարձնում այն: Հուսով եմ՝ ոչ մեկին չմոռացա: Կհանդիպենք միասին հաջորդ տարի: Հուսով եմ՝ նույնքան ուրախ կլինեմ, ինչքան՝ այսօր»,- եզրափակիչ դիմակայությունից հետո ասել է Ֆեդերերը: