Կայացավ թենիսի «Մեծ սաղավարտ»-ի այս տարվա երկրորդ մրցաշարի՝ «Ռոլան Գարոս»-ի եզրափակիչ հանդիպումը, որում մրցում էին Ռաֆաել Նադալն ու Ստեն Վավրինկան:
Վավրինկայի կողմից սպասված դիմադրությունը այսօր չկայացավ: 2 ժամ 5 րոպե շարունակված խաղում 31-ամյա Նադալը համոզիչ հաղթանակ տարավ՝ ընդհանուր 2:6, 3:6, 1:6 հաշվով և դարձավ մրցաշարի հաղթող: Հատկանշական է, որ ամբողջ մրցաշարի ընթացքում նա ոչ մի սեթ տանուլ չտվեց: Այս ցուցանիշը նա գրանցել էր նաև «Ռոլան Գարոս»-ի 2008 և 2010 թվականների խաղարկությունում:
«Ռոլան Գարոս»-ի մրցաշարերում սա լեգենդար իսպանացու 10-րդ հաղթական տիղոսն էր: Վերջին անգամ այս մրցաշարում Նադալը հաղթանակ էր տարել 2014 թվականին: Ընդհանուր առմամբ «Մեծ սաղավարտ»-ի մրցաշարերում սա «հողածածկի արքայի» 15-րդ հաղթանակն էր: Այս ցուցանիշով Նադալը զիջում է միայն մեկ թենիսիստի՝ լեգենդար Ռոջեր Ֆեդերերին, որի հաշվին կա «Մեծ սաղավարտ»-ի մրցաշարերի 18 տիտղոս:
Հիշեցնենք, որ «Ռոլան Գարոս»-ի կանանց մրցաշարում հաղթել էր լատվիացի 20-ամյա թենիսիստուհի Ելենա Օստապենկոն՝ եզրափակչում առավելության հասնելով Սիմոնա Հալեպի նկատմամբ: