Բուլղարացի թենիսիստ Գրիգոր Դիմիտրովը նվաճեց Ցինցինատիի «Մաստերս» մրցաշարի տիտղոսը՝ եզրափակչում 6:2, 7:5 հաշվով հաղթելով ավստրալացի Նիկ Կիրիոսին: Այս հաղթանակով Դիմիտրովը վաստակեց 1000 վարկանիշային միավոր և 924.225 դոլար:
Նույն մրցաշարի կանանց մենախաղերի տիտղոսը նվաճեց իսպանուհի Գարբինե Մուգուրուզան՝ եզրափակչում ընդամենը 57 րոպեում ջախջախիչ՝ 6:1, 6:0 հաշվով առավելության հասնելով ռումինուհի Սիմոնա Հալեպի նկատմամբ: Մուգուրուզան 900 վարկանիշային միավոր վաստակեց և 522.450 դոլար:
Հիշեցնենք, որ այսօր ATP-ի նոր՝ թարմացված վարկանիշային աղյուսակում իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը 2014 թվականի հուլիսի 6-ից հետո առաջին անգամ գլխավորեց վարկանիշային աղյուսակը: Նադալին հաջորդում է բրիտանացի Էնդի Մարեյը: Հաջորդ 3 հորիզոնականներում փոփոխություն չի եղել. Ռոջեր Ֆեդերերը, Ստեն Վավրինկան և Նովակ Ջոկովիչը պահպանել են իրենց դիրքերը:
Զգալի առաջադիմել է Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը, ով կարիերայում առաջին անգամ տեղ է զբաղեցրել առաջին երեսուն լավագույն թենիսիստների շարքում՝ 32-րդ հորիզոնականից տեղափոխվելով 29-րդ հորիզոնական: