Աշխարհի 6-րդ ռակետ Նովակ Ջոկովիչը, ով ամռանը վնասվածքի պատճառով ժամանակից շուտ ավարտել էր մրցաշրջանը, հրապարակել է իր թիմի կազմը՝ նախատեսված գալիք մրցաշրջանի համար, երբ կվերսկսի իր ելույթները:
Ինչպես հաղորդում է Reuters-ը, սերբ թենիսիստի գլխավոր մարզիչը կշարունակի մնալ «Մեծ սաղավարտ»-ի մրցաշարերի ութակի հաղթող, հայազգի Անդրե Աղասին, ֆիտնես-մարզիչը կլինի իտալացի Մարկո Պանիչին, իսկ ֆիզիոթերապևտը՝ արգենտինացի Ուլիսես Բադիոն:
Ջոկովիչի ներկայացուցիչների տարածած հայտարարությունում ասվում է, որ թենիսիստը շարունակում է ապաքինվել արմունկի վնասվածքից: Նա ջանասիրաբար աշխատում է, որպեսզի հնարավորինս շուտ վերադառնա մարզումներին և հասցնի վերականգնված լինել մինչև 2018-ի հունվարին կայանալիք Australian Open-ի մեկնարկը: