Հուսով եմ՝ աշխարհի առաջնությունում Արթուր Դավթյանը կլինի բազմամարտի եզրափակչում. Հակոբ Սերոբյան

25 Սեպտեմբերի 2017 16:18
Հուսով եմ՝ աշխարհի առաջնությունում Արթուր Դավթյանը կլինի բազմամարտի եզրափակչում. Հակոբ Սերոբյան

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Փարիզում՝ պատրաստվելով աշխարհի առաջնությանը: Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի խոսքով՝ Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանն ու Արթուր Դավթյանը տարվա գլխավոր ստուգատեսում հանդես կգան բարդացված վարժություններով.

«Աշխարհի առաջնությունում մեր տղաներն ուժեղագույնների շարքում են: Արթուր Դավթյանը պայքարելու է բազմամարտում: Նա լավ մարզավիճակում է և եզրափակիչ անցնելու համար ուժերը ներում են: Անկախ Հայաստանի պատմության մեջ աշխարհի առաջնությունում բազմամարտի եզրափակչում դեռևս մասնակից չենք ունեցել: Հուսով եմ, որ Արթուրը կկոտրի այդ սառույցը:

Հարություն Մերդինյանը (նժույգաթափեր) մի քանի օր է իր վարժությունը գրեթե առանց վրիպումների է կատարում: Լավ հանդես գալու դեպքում նա կարող է լինել լավագույնների թվում:

Վահագն Դավթյանի (օղակներ) հետ մշակում ենք բարդացված վարժությունը, շտկում թերությունները: Տեսնենք՝ որ տարբերակով նա ավելի մաքուր կկատարի:

Փարիզում լավ մարզումներ ենք անցկացնում, այստեղ պայմանները շատ լավ են»,- ասել է Հակոբ Սերոբյանը:

Հակոբ Սերոբյանն ամփոփեց նաև օրեր առաջ Ֆրանսիայի մայրաքաղաքում կայացած աշխարհի գավաթի խաղարկության փուլում հայ մարմնամարզիկների արդյունքները.

«Ընդհանուր առմամբ գոհ չեմ, միջին գնահատական եմ տալիս, քանի որ եզրափակչում երկու մասնակից ունեինք:  Վահագն Դավթյանը հավակնում էր մրցանակային տեղի, սակայն վայրէջքի ժամանակ մեծ քայլ արեց, որի պատճառով զրկվեց մեդալից: Մեր մարզաձևում նույնիսկ միջին սխալները վճռորոշ են: Հարությունն այդ պահին լավ մարզավիճակում չէր: Վարժությունը կատարելու ընթացքում նա ընկավ: Այդ տարիքում դժվար է պահպանել մարզավիճակը: Իսկ Արթուրը վատ հանդես չեկավ:

Աշխարհի առաջնությունում այսպես հանդես գալու դեպքում չեմ դժգոհի: Մրցակցությունը շատ մեծ է լինելու, բարդ ծրագրեր են անելու բոլոր ուժեղները»,- Հակոբ Սերոբյանի խոսքերն է մեջբերում ՀԱՕԿ լրատվականը:

Աշխարհի առաջնությունը կկայանա Կանադայի Մոնրեալ քաղաքում, հոկտեմբերի 2-8-ը: Հայաստանի հավաքականը մրցավայր կմեկնի Փարիզից, սեպտեմբերի 27-ին:

Լուսանկարը՝ ՀԱՕԿ լրատվականի կայքից.


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: