Հունահռոմեական ըմբշամարտի 80 կգ քաշային կարգում աշխարհի նորընծա չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը երեկ վերադարձել է հայրենիք: Նշենք, որ Մանուկյանը կարիերայի ընթացքում առաջին անգամ է արժանացել այս տիտղոսին:
«Դեռ գլուխս տաք է, բայց սկսում եմ գիտակցել՝ ինչ աշխատանք եմ կատարել: Այս նվաճումն ինձ համար երազանքի իրականացում էր: Կարծում եմ՝ տարիքն այնքան էլ մեծ նշանակություն չունի:
Մրցակիցներս շատ ուժեղ էին, չեմ ցանկանա առանձնացնել որևէ մեկին, բայց կարողացա պայքարել ու հաղթել: Իհարկե, եզրափակիչն ավելի պարտավորեցնող էր: Այդ պահին՝ գորգ մտնելուց առաջ, միայն հաղթանակի մասին էի մտածում:
Հաջորդ նպատակս օլիմպիական ոսկին է՝ Տոկիո-2020-ի չեմպիոնությունը»,- Մաքսիմ Մանուկյանի խոսքերն է մեջբերում ՀԱՕԿ լրատվական ծառայությունը: