Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը վերադարձել է Բելառուսից, որտեղ ուսումնամարզական հավաք էր անցկացնում «Ստայկի» օլիմպիական մարզաբազայում: Հայ ըմբիշները շարունակում են պատրաստվել օգոստոսի 21-26-ը Փարիզում կայանալիք աշխարհի առաջնությանը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
«Մարզվում էինք Բելառուսի, Ղազախստանի, Լիտվայի և Ֆինլանդիայի հավաքականների հետ համատեղ: Հավաքը բավականին արդյունավետ էր, հիանալի մարզումներ ենք անցկացրել»,- Լևոն Ջուլֆալակյանի խոսքերը մեջբերում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Թիմն այժմ նախապատրաստական վերջին փուլում է գտնվում: Մինչև տարվա գլխավոր ստուգատեսը հունահռոմեական ըմբիշները օգոստոսի 7-19-ը և մեկ հավաք կանցկացնեն Օլիմպավանում:
«Ինձ գոհացնում է մեր կատարած աշխատանքը, մնում է եզրափակիչ հավաքը ճիշտ անցկացնենք և լավ մարզավիճակով մեկնենք աշխարհի առաջնություն: Մասնակից չենք նախատեսում միայն գերծանր քաշային կարգում: Մնացած բոլոր քաշերում ըմբիշներ կունենանք»,- նշեց մարզիչը:
Լևոն Ջուլֆալակյանը թիմի վերջնական կազմը կհրապարակի օգոստոսի 10-ին:
լուսանկարը՝ ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքի: