Մենք մարզիչներով այս պահին աշխատում ենք այնպես անել, որ թիմը «թափից» չընկնի. Էդուարդ Սահակյան

03 Սեպտեմբերի 2019 22:08
Մենք մարզիչներով այս պահին աշխատում ենք այնպես անել, որ թիմը «թափից» չընկնի. Էդուարդ Սահակյան

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Էդուարդ Սահակյանը Ղազախստանում անցկացվելիք աշխարհի առաջնությունից առաջ խոսել է թիմի մասին: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը:

«Թիմը այս պահին նորմալ ֆիզիկական և ֆունկցիոնալ վիճակում է: ԱԱ-ից առաջ վերջին շաբաթն է, թիմը հավաք է անցկացնում, իսկ մնացած հարցերի պատասխանը կտա մրցումը: Բնականաբար, Լևոն Ջուլֆալակյանից հետո թիմի ղեկը ստանձնել դժվար էր, այդ մասին երկրորդ կարծիք չկա: Մենք մարզիչներով այս պահին աշխատում ենք այնպես անել, որ թիմը «թափից» չընկնի և կարողանա լավ հանդես գալ աշխարհի առաջնությունում»,- ասաց մարզիչը:

Հարցին, թե ինչու թիմի հետ չի մարզվում Արսեն Ջուլֆալակյանը, Էդուարդ Սահակյանը պատասխանեց.

«Արսենը ցանկություն չհայտնեց մասնակցել հավաքին, նա իր մարզումներն այլ կերպ է պատկերացնում այս պահին: Մենք շատ կցանկանայինք, որ նա մասնակցեր այս հավաքին»: Սահակյանի խոսքով, Արսեն Ջուլֆալակյանի և Կարապետ Չալյանի փորձամրցման ժամանակ մարզիչների համար էական չի եղել, թե ով կհաղթի: «Տվյալ պահին այս էր իրավիճակը, և այսպիսի լուծում տրվեց: ԱԱ-ից հետո նոյեմբեր-դեկտեմբերին կանցկացվի Հայաստանի առաջնություն, որից հետո պարզ կլինի, թե ովքեր կհամալրեն հավաքականի կազմը»,-ասաց Էդուարդ Սահակյանը:

87 կգ քաշային կարգում Մաքսիմ Մանուկյանի եւ Արթուր Շահինյանի մրցակցության մասին հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատարն ասաց.

«Մրցաշարերը ցույց տվեցին, որ Մաքսիմը պատրաստ է հանդես գալ 82 կգ քաշային կարգում, իսկ Արթուր Շահինյանը՝ 87-ում»:

Մեծահասակների ԱԱ-ում նորամուտը կնշի 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը.

«Մենք հավատում ենք նրա ուժերին, դրա համար էլ նա կազմում է»,- ասաց Էդուարդ Սահակյանը:

Մարզիչը ճեպազրույցը եզրափակեց հետևյալ խոսքերով, որ երկար տարիներ է սպորտում և հավատում է, որ մարզչական կազմով կկարողանան այս փուլը ավարտին հասցնել.

«Մեր առջև խնդիր դրված չէ, բայց պետք է փորձենք գերազանց մասնակցել աշխարհի առաջնությանը»:

Հիշեցնենք, որ ըմբշմարատի աշխարհի առաջնությունը վարկանիշային է Տոկիո-2020-ի համար: Սեպտեմբերի 14-22-ը Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում կայանալիք ԱԱ-ում հանդես կգան Նորայր Հախոյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Մաքսիմ Մանուկյանը (82 կգ), Արթուր Շահինյանը (87 կգ) եւ Արթուր Ալեքսանյանը (97 կգ)։


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: