Մեր առաջիկա գլխավոր նպատակը Եվրոպայի առաջնությունն է. Լևոն Ջուլֆալակյան

27 Փետրվարի 2018 21:28
Մեր առաջիկա գլխավոր նպատակը Եվրոպայի առաջնությունն է. Լևոն Ջուլֆալակյան

Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացված ըմբշամարտի միջազգային մրցաշարում Հայաստանի հունահռոմեական ըմբիշները նվաճեցին վեց մեդալ:  97 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանը նվաճեց հաղթողի կոչումը, իսկ Արմեն Մելիքյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Մաքսիմ Մանուկյանը և Արթուր Շահինյանը (երկուսն էլ՝ 87 կգ) արժանացան բրոնզե մեդալի:

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը խոսել է Կիևում անցկացված միջազգային մրցաշարում մեր ըմբիշների մասնակցության մասին.

«Շատ ուժեղ մրցաշար էր: Բազմաթիվ թիմեր եկել էին առաջին կազմով: Մենք լիարժեք մրցումային պատրաստվածությամբ Կիև չէինք մեկնել, քանի որ մեր առաջիկա գլխավոր նպատակը Եվրոպայի առաջնությանը ճիշտ պատրաստվելն է: Ընդհանուր առմամբ մեր տղաները լավ մասնակցեցին: Իհարկե, նկատվեցին նաև թերություններ, որոնց վրա պետք է աշխատել: Երիտասարդների էլ էինք ընդգրկել, որոնք ուրախացրին: Միևնույն ժամանակ տեսա նրանց բաց կողմերը: Մնում է՝  նախապատրաստության հաջորդ փուլերը լավ անցկացնենք:

Սովորաբար, մենք ցանկացած մրցման մեկնում ենք հաղթելու նպատակով: Բայց քանի որ նոր քաշային կարգեր են և օրենքներ են փոխվել (առավոտյան՝ կշեռք, մեկ ժամ անց՝ մրցաշար և այլն), տղաները պետք է այդ փորձարկումներն անցնեն: Ամեն մի մարզիկ այս ամենն իր օրգանիզմի վրա պետք է զգա և հասկանա: Այս մոտեցումները նրանց համար դեռ անսովոր են: Մարզիկը որքան էլ փորձառու լինի, այս ճանապարհը պետք է անցնի: Սա էր Կիևում մեր հիմնական նպատակը Եվրոպայից առաջ», - Ջուլֆալակյանի խոսքերն է մեջբերում ՀԱՕԿ լրատվական ծառայությունը:

Լուսանկարը՝ ՀԱՕԿ լրատվականի


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: