Դժգոհ եմ հանդիսատեսի պահվածքից. Լևոն Ջուլֆալակյան

30 Հունվարի 2018 20:06
Դժգոհ եմ հանդիսատեսի պահվածքից. Լևոն Ջուլֆալակյան

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը ՀԸՖ պաշտոնական կայքին տված հարցազրույցում ամփոփել է Հայաստանի առաջնությունը:

- Պարոն Ջուլֆալակյան, խնդրում եմ խոսեք Հայստանի առաջնությունից՝ անդրադառնալով հանդիսատեսի և ըմբիշների պահվածքին: 

- Դուք էլ ձեր աչքով տեսաք ամբողջը: Ես դժգոհ եմ հանդիսատեսի պահվածքից: Տպավորություն էր, որ մենք ուրիշ երկրում էինք մասնակցում առաջնության և  գոտեմարտում էինք իրենց ըմբիշների դեմ: Համենայն դեպս ներկաները չպետք է իրենց այդպես պահեին այն մարզիկների նկատմամբ, ովքեր իրենց հաղթանակներով տարիներ շարունակ Հայաստանին մեծ պատիվ են բերել: Մի բան պարզ է. դահլիճում կային անկիրթ, իրենցից ոչինչ չներկայացնող հանդիսականներ, պարզապես՝ ոչնչություններ: 

- Գո՞հ եք Հայստանի առաջնությանը մասնակցած ըմբիշների քանակից և մրցակցությունից:

-Անցած տարվա համեմատ մասնակիցների քանակն ավելացել է: 2017 թվականին մասնակցում էին 68 մարզիկ, այս տարի՝ 85: Անգամ այս դեպքում եմ ես դժգոհ: Մեր առաջնությունում ես ցանկանում եմ տեսնել 140-150 մասնակից, բայց որակով, այլ ոչ թե՝ պարզապես մասնակից: Ինձ շատ է մտահոգում որակը: Միշտ էլ եղել են թերություններ, որոնք աշխատանքի շնորհիվ շտկվել են: Երկար տարիներ է գլխավորում եմ հավաքականը և ամեն տարի հաջողվել է մեդալներ նվաճել, սակայն մեզ համար անհամեմատ ավելի հեշտ կլիներ հավաքականում աշխատել ավելի լավ պատրաստված, բարձրակարգ ըմբիշների հետ:

- Նոր անուններ հավաքականում կտեսնե՞նք:    

- Նոր անուններ, բնականաբար, կլինեն քանի որ նոր քաշային կարգեր են ավելացել: Փորձարկվելու են Հայաստանի առաջնությունում հաղթած մարզիկները: Աչքի ընկած ըմբիշներ կան, բայց, կրկնում եմ, որակը  ինձ չի գոհացնում: Հավաքներն ու միջազգային մրցումները ցույց կտան: 

- 77 կգ քաշային կարգի եզրափակիչ գոտեմարտը՝ Արսեն Ջուլֆալակյանի և Կարապետ Չալյանի միջև, բուռն քննարկումների առիթ դարձավ: Կարծիքներ էին հնչում, որ անարդար մրցավարություն կար: Դուք ի՞նչ կասեք:

 - Ընդհանուր առաջնության մրցավարությունն ինձ չգոհացրեց: Սակայն ես ինձ թույլ չտվեցի խառնվել նրանց գործողություններին: Մեզ մոտ ընդունված կարգ կա և այն ուժի մեջ է. եթե մի քաշային կարգում որակներով իրար հավասար կամ իրար մոտ ըմբիշներ կան նրանք փորձարկումներ են անցնում նաև միջազգային գորգում: Փորձը ցույց է տալիս, որ շատ ըմբիշներ, որոնք հաղթում են ներքին առաջնությունում, միջազգային գորգում իրենց դրսևորել չեն կարողանում: Արսեն Ջուլֆալակյանն իր անցած ճանապարհով ապացուցել է, որ կայացած ըմբիշ է: Կարապետ Չալյանը երիտասարդ, խոստումնալից ըմբիշ է: Սակայն մեծահասակների առաջնություններում դեռ միայն մեկ բրոնզե մեդալ ունի և մի շարք սայթաքումներ: Կոնկրետ այս քաշային կարգում՝ Կիևի միջազգային մրցաշարին կմասնակցեն երկու ըմբիշներն էլ: Այնտեղ կլինեն անկախ մրցավարներ, անկախ հանդիսատես և կորոշվի ուժեղագույնը, ով էլ կմասնակցի Եվրոպայի առաջնությանը:

Լուսանկարը՝ ՀԸՖ պաշտոնական կայքի

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: