Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը ֆրանսիական «CP Besançon Lutte» ակումբի կազմում դարձել է Ֆրանսիայի առաջնության բրոնզե մեդալակիր: Այս մասին ըմբիշը հայտնում է իր ֆեյսբուքյան էջում:
Արսեն Ջուլֆալակյանն անցկացրած 9 գոտեմարտերն էլ հաղթանակով է ավարտել:
«Ցավոք սրտի, տղաներից մի քանիսը վնասվածք ունեին, հակառակ դեպքում չեմպիոնությունը մոտ կլիներ: Այնուամենայնիվ, վատ արդյունք չէ թիմի համար:
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակումբին, մարզիչներին, թիմակիցներիս, այն մարդկանց, ովքեր կազմակերպեցին այս մեծ միջոցառումը: Առանձնահատուկ շնորհակալություն ընկերոջս ու թիմակցիս` Արթուր Սիմոնյանին: Անհամբերությամբ սպասում եմ 2018 թվականին»,- գրել է ըմբիշը:
Ջուլֆալակյանն ուղևորվում է Փարիզ, որտեղ Ֆրանսիայի ըմբշամարտի հավաքականի հետ մեկշաբաթյա ուսումնամարզական հավաք կանցկացնի: