Ինձ համար փոփոխության ժամանակներ էին և ես օգտվեցի ստեղծված առիթից. տեղի է ունեցել Մխիթարյանի ասուլիսը

10 Սեպտեմբերի 2019 15:40
Ինձ համար փոփոխության ժամանակներ էին և ես օգտվեցի ստեղծված առիթից. տեղի է ունեցել Մխիթարյանի ասուլիսը

Այսօր «Ռոմա»-ն հրավիրված մամուլի ասուլիսում ներկայացրել է թիմի նորեկ Հենրիխ Մխիթարյանին:

- Ես երջանիկ եմ այստեղ լինել: Մինչև այստեղ գալս ինձ մոտ դժվար ժամանակներ էին: Սա ինձ համար նոր փորձություն է: Ես հրաշալի գիտեմ ակումբի նպատակները և կանեմ ամեն հնարավորը, որպեսզի օգնեմ թիմին հասնելու առաջադրված նպատակներին,- իր խոսքն այսպես է սկսել մեր ընտրանու ավագը:

Խաղադիրքի մասին
Ես կարող եմ խաղալ հարձակման բոլոր դիրքերում, կարևորը թիմին օգտակար լինելն է:

Թիմակիցների հետ ծանոթության մասին
Հավաքականների խաղերից հետո զրուցել եմ Ֆլորենցիի և Ջեկոյի հետ: Հավաքականներն արդեն անցյալում են, պետք է կենտրոնանանք հաջորդ խաղի վրա:

Ֆոնսեկայի խաղաոճի մասին
Ես հետևել եմ «Շախտյոր»-ին Չեմպիոնների Լիգայում և առաջնությունում: Շատ արդյունավետ խաղով մեծագույն թիմերի դեմ է պայքարել: Հուսով եմ, Ֆոնսեկան կկարողանա նույնն անել այստեղ:

Ճնշման և Ա Սերիա տեղափոխվելու մասին
«Ռոմա»-ն նոր փորձ է ինձ համար: Երբեք չեմ հանձնվելու և օգնելու եմ թիմիս: Ճնշումն ինձ չի վախեցնում, բոլոր մեծագույն թիմերում այն կա: Քննադատությունն էլ ֆուտբոլի մասն է: Ես 30 տարեկան եմ և գիտեմ՝ ինչպես կառավարել դրանք: Ընտրել եմ Ա Սերիան, որովհետև սա ինձ համար հիանալի հնարավորություն է, եկել եմ, որպեսզի հաճույք ստանամ ֆուտբոլից:

Անգլիա վերադարձի մասին
Անգլիան անցյալում է: «Ռոմա»-ն հետքայլ չէ: Իտալիայում հրաշալի ֆուտբոլ են խաղում: Ինձ համար փոփոխության ժամանակներ էին և ես օգտվեցի ստեղծված առիթից: Ֆուտբոլիստի համար կարևոր է երջանիկ լինել խաղալիս, իսկ «Արսենալ»-ում ինձ մոտ այդպես չէր:

VAR-ի մասին
Որոշ դեպքերում այն օգտակար է, որոշներում՝ ոչ, այն խաղը ծանր ու անհետաքրքիր է դարձնում: Երբեմն գոլ ենք խփում ու չգիտենք՝ տոնե՞լ այն, թե՞ ոչ: Այս դեպքում զգացողությունները տարբերվում են: Իտալիայի հետ խաղում կարմիր քարտը փոխեց իրավիճակը, բայց դա մրցավարի սխալն էր:

Թուրքիայում խաղալու մասին
Խնդիրներ չեն լինի, ես շատ եմ խաղացել այնտեղ:

Թիմում հարմարվելու մասին
Իմ տարքն ու փորձը թուլ կտան խաղընկերներիս օգնությամբ շուտ հարմարվել: Դա ինձանից էլ է կախված: Ժամանակն անցնում է և ցանկանում եմ որքան հնարավոր է շուտ դա անել:

Առաջիկա խաղին մասնակցության մասին
Ֆոնսեկայի հետ տարբեր թեմաներով ենք զրուցել: Խաղին դեռ 4-5 օր կա, ոչ ոք չգիտի: Վաղը մարզում կանցկացնեմ, դրանից կախված կլինի:

Եվրոպա Լիգայի մասին
Մրցաշրջանը դեռ նոր է սկսվել, վստահ եմ՝ կարող ենք քայլ առ քայլ հասնել մեր նպատակներին: Բոլոր թիմերը մեծ ամբիցիաներ ունեն: Համոզված եմ, որ իմ և թիմիս հավակնությունները համընկնում են:

Նախկին և ներկա մարզիչների մասին
Բոլորն էլ տարբեր փիլիսոփայություն ունեին. մեկը՝ հարձակողական, մյուսը՝ պաշտպանողական: Ես շատ բան եմ սովորել և ուզում եմ շարունակել անել դա: Հույս ունեմ առաջիկայում իտալերեն սովորել, որպեսզի ավելի լավ շփվեմ թիմակիցներիս ու ձեզ հետ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: