Մեր մրցակիցները. «Սանտա Կոլոմա», Անդորրա

20 Հունիսի 2017 12:06
Մեր մրցակիցները. «Սանտա Կոլոմա», Անդորրա

Հին ծանոթները

Մեր երկրպագուներին քաջ հայտնի «Սանտա Կոլոմա»-ն Անդորրայի համանուն գյուղի ակումբն է, սակայն թիմի՝ տեղական չափանիշներով հաղթական ախորժակը բնավ գյուղական չէ: Երկրի 10-ակի չեմպիոնն ու 8-ակի գավաթակիրը «լուրջ» հաջողությունների է հասել նաև միջազգային ասպարեզում, երբ 2014/15 մրցաշրջանում նրանց հաջողվել է հաղթահարել Չեմպիոնների Լիգայի որակավորման 1-ին փուլի արգելքը: Ցավով պետք է վերհիշենք, դա տեղի է ունեցել մեր «Բանանց»-ի հետ դիմակայության արդյունքում, երբ պատասխան հանդիպման 95-րդ րոպեին դարպասապահը գրավեց մեր թիմի դարպասն ու արտագնա գոլի հաշվին հաջորդ փուլի ուղեգիր պարգևեց իր թիմին:

Անցյալ տարի նույնպես «Սանտա Կոլոմա»-ն մեր չեմպիոնի՝ այս անգամ արդեն «Ալաշկերտ»-ի մրցակիցն էր: Առաջին խաղից հետո, երբ մրցակցի հարկի տակ Խաշմանյանի սաները գոլազուրկ ոչ-ոքի գրանցեցին, հայ երկրպագուները կրկին անհանգստության նշաններ ցույց տվեցին: Սական երևանյան հանդիպումն ամեն ինչ իր տեղը դրեց՝ փաստացի ապացուցելով, որ չնայած ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում մենք մոտ ենք միմյանց, սակայն խաղադաշտում թիմերի կարգերը էականորեն տարբեր են:

Հե՜յ, ո՞վ կա այդտեղ...

Վերադառնանք մրցակցին: «Սանտա Կոլոմա»-ի ֆուտբոլիստների մի մասը ոչ պրոֆեսիոնալ է և օրվա ընթացքում զբաղվում է նաև այլ աշխատանքով: Չնայած դրան՝ թիմում մեկ ֆուտբոլիստ կա, ում քաջածանոթ են ոչ միայն անդորրացիները: Խոսքը Ժոան Կապդևիլայի մասին է: Իսպանացին Աշխարհի (2010) ու Եվրոպայի (2008) չեմպիոն է, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր (2000), Իսպանիայի չեմպիոն (1999/00), գավաթակիր (2001/02) և կրկնակի Սուպերգավաթակիր (2000, 2002), հասցրել է հանդես գալ այնպիսի ակումբներում, ինչպիսիք են Մադրիդի «Ատլետիկո»-ն, «Դեպորտիվո»-ն, «Վիլյառեալ»-ը, «Էսպանյոլ»-ը, Լիսաբոնի «Բենֆիկա»-ն:

Տեղական ու միջազգային որոշակի ճանաչում ունի նաև Իլդեֆոնս Լիման: Եվրոպական միջին և միջից ցածր մակարդակի թիմերում հանդես գալուց բացի նա առավել հայտնի է՝ որպես Անդորրայի ազգային հավաքականի ավագ, ով 100-ից ավելի հանդիպում է անցկացրել ընտրանու կազմում:

Վերջին խաղը

Այս պահի դրությամբ անդորրական ակումբն իր վերջին պաշտոնական հանդիպումն անցկացրել է մայիսի 28-ին՝ երկրի գավաթի խաղարկության եզրափակչում 0:1 հաշվով զիջելով «Ունիո Էսպորտիվա Սանտա Կոլոմա» թիմին: Այդ և մրցակցի այլ խաղերի մանրամասների վերաբերյալ համացանցում ոչինչ գտնել չհաջողվեց, ուստի դժվար է որևէ վերլուծություն կատարել թիմի տակտիկական դասավորության, խաղային ձեռագրի մասին: Մնում է հուսալ, որ «Ալաշկերտ»-ի մարզչական շտաբը կօգտվի անցյալ տարվա խաղերից ստացած տպավորություններից ու հաջողությամբ կլուծի իր առջև դրված խնդիրը:

Մեր սպասելիքները

Նույնիսկ քննարկման ենթակա չեն բոլոր այլ տարբերակները, բացի «Ալաշկերտ»-ի՝ հաջորդ փուլ դուրս գալուց: Ընդ որում՝ հայ երկրպագուների հպարտությունը կխաթարվի նույնիսկ այն դեպքում, եթե մեր չեմպիոնը խնդիրը կարողանա լուծել ոչ այնքան վստահ հաղթանակներով: Թիմի՝ լուրջ տրամադրվածության մասին է խոսում նաև գլխավոր մարզչի՝ «ԲԱՏԷ-ի մասին կսկսենք մտածել միայն «Սանտա Կոլոմա»-ի արգելքը հաղթահարելուց հետո» հայտարարությունը: Ուստի ամեն ինչ գնում է նրան, որ մեր չեմպիոնը հաջողությամբ կհաղթահարի անդորրական թիմի արգելքն ու հաջորդ փուլում կհանդիպի առավել լուրջ փորձության՝ ի դեմս «ԲԱՏԷ»-ի: Բայց այդ մասին՝ ավելի ուշ...

Արամ Ավագյան


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: