Հետևողական եմ եղել ձեռք բերված բոլոր պայմանավորվածություններին․ Սևադա Արզումանյանը՝ հրաժարականի որոշման մասին

30 Մայիսի 2019 22:53
Հետևողական եմ եղել ձեռք բերված բոլոր պայմանավորվածություններին․ Սևադա Արզումանյանը՝ հրաժարականի որոշման մասին

Այսօր «Արցախ» - «Շիրակ» հանդիպման հետխաղային ասուլիսին իր հրաժարականի հայտարարությամբ է հանդես եկել «Արցախ»-ի գլխավոր մարզիչ Սևադա Արզումանյանը։ Sportal.Am-ը հարցազրույց է ունեցել մասնագետի հետ նրա որոշման մանրամասների և հետագա ծրագրերի մասին։

- Վերջին խաղերում թիմի ցուցադրած ելույթներից ու արդյունքներից ելնելով՝ բավական անակնկալ էր Ձեր որոշումը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այն։
- Օգտվելով առիթից՝ նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել թիմի տղաներին այսօրվա հաղթանակի, ցուցաբերած կամային հատկանիշների, ինչպես նաև այն ժամանակահատվածի համար, որը մենք միասին անցկացրեցինք։ Այս ընթացքում ծավալուն աշխատանք կատարվեց, ստեղծվեց մարտունակ ու համակրելի թիմ։ Շնորհակալ եմ նաև թիմի հովանավորներին, մասնավորապես՝ Կարեն Աբրահամյանին այս կարճ ժամանակահատվածը միասին անցկացնելու համար։ Մի կողմ դնելով ֆուտբոլային բաղադրիչը՝ հանձին Կարեն Աբրահամյանի՝ ես ձեռք եմ բերել ընկեր՝ շատ լավ մարդկային որակներով։

Ինչ վերաբերում է իմ հայտարարությանը, սա ի սկզբանե եղել է մեր բանավոր պայմանավորվածությունը։ Ես սովոր եմ, որ թիմի առջև դրվեն խնդիրներ, ու դրանցից բացի՝ այս ընթացքն ավելի շատ եղել է ճանաչողական․ անծանոթ մարդիկ փորձել են միասին թիմային աշխատանք կատարել։ Ամեն դեպքում հասկանում եմ, որ նրանք գումարներ են ներդնում և պետք է ծանոթանային իմ աշխատանքին։ Ըստ էության, այսօր լրանում է մեր բանավոր պայմանավորվածությամբ սահմանված այդ ժամկետը և այսուհետ ակումբի զարգացման տեսլականն ինձ համար հայտնի չէ։ Ուստի համարում եմ, որ հետևողական եմ եղել ձեռք բերված բոլոր պայմանավորվածություններին, իսկ հետագա բոլոր որոշումները մնում են ակումբի սեփականատիրոջ ու ղեկավարության հայեցողությանը։

- Մասնագետները, երկրպագուներն ու լրագրողները միակարծիք են, որ առաջնության գարնանային փուլից սկսած՝ Ձեզ հաջողվել էր մարտունակ թիմ ստեղծել, որն էլ բերել էր կոնկրետ արդյունքների։ Չե՞ք ափսոսում արդյոք, որ չեք շարունակելու այդ աշխատանքը թիմի ֆուտբոլիստների հետ թե՛ մարդկային, և թե՛ ֆուտբոլային առումներով։
- Շնորհակալ եմ այդ գնահատականը հնչեցնողներին։ Իհարկե, յուրաքանչյուր կիսատ թողած աշխատանք ափսոսանք է առաջացնում։ Բայց դա ֆուտբոլային կյանքի բաղկացուցիչ մասն է։ Այդ ամենը հաշվի առնելով էր, որ մինչև հանրությանն իմ որոշման մասին տեղեկացնելը, ես խոսեցի տղաների հետ, անձամբ շնորհակալություն հայտնեցի նրանց այդ գնահատականներին միասին արժանանալու համար։

Ճիշտ է, մեր առջև մեծ ամբիցիաներով խնդիրներ չէին դրվել, օրինակ՝ վերջին հորիզոնականում չհայտնվելը, աշնանային հատվածի համեմատ ավելի լավ արդյունքներ գրանցելը և այլն, սակայն շատ կարևոր էր, որ խաղային ու արդյունավետության առումով հաջողվեց լուծել դրանք։

- Այս դեպքում եթե առաջարկ լինի մնալ ու շարունակել աշխատանքը, Դուք կհամաձայնե՞ք։
- Ես սիրում եմ ֆուտբոլը, այն իմ կյանքն եմ համարում։ Իհարկե, ես պետք է աշխատեմ որևէ ակումբում։ Մինչ օրս որևէ բանակցություն այլ ակումբների հետ չի եղել, քանի որ սկզբունքային եմ ու թույլ չէի տա նման բան։ Եթե սնվում եմ մի աղբյուրից, այն երբեք չեմ պղտորում։ Այս հայտարարությունից հետո, սակայն, արդեն կարող եմ քննարկումներ սկսել նոր աշխատանքի վերաբերյալ։ Կլինի դա «Արցախ»-ը, թե՝ այլ թիմ, չեմ կարող ասել։ Ամեն դեպքում՝ ֆուտբոլից չեմ հեռանալու։ Քանի որ թիմերը գալիք մրցաշրջանին նախապատրաստական ծրագրերն են կազմում, ենթադրում եմ, որ «Արցախ»-ի մոտ այս հարցում որոշակիություն կա, բայց ավելի կոնկրետ քննարկում չենք ունեցել։

Լուսանկարը՝ «Արցախ» ՖԱ ֆեյսբուքյան էջի


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: