Մենք ազգային հավաքականի երկրպագուներ ենք և հարցը բարձրաձայնողը. որոշումն արդեն կկայացնի ֆեդերացիան. Red Eagles

06 Փետրվարի 2019 15:19
Մենք ազգային հավաքականի երկրպագուներ ենք և հարցը բարձրաձայնողը. որոշումն արդեն կկայացնի ֆեդերացիան. Red Eagles

Վերջին օրերին հայկական ֆուտբոլային աշխարհի քննարկման հիմնական թեման մեր առաջնությունում արտասահմանցի ֆուտբոլիստների թվի սահմանափակումն է: Խնդիրը բարձրաձայնվեց ամիսներ առաջ, երբ մասնագետներից բացի իրենց դիրքորոշումը հայտնեց նաև մեր ազգային հավաքականի երկրպագուների Red Eagles ակումբը: Առաջնության խաղերից մեկի ժամանակ նրանք ակցիա իրականացրեցին, որտեղ պահանջում էին ակումբներում առնվազն 51% տեղ երաշխավորել հայ ֆուտբոլիստների համար:

Այս թեման քննարկելու և ֆան-ակումբի դիրքորոշմանը ծանոթանալու համար Sportal.Am-ի խմբագրությունում հյուրընկալել էինք շարժման ղեկավար Դենիս Սարգսյանին, անդամներ Արեգ Հակոբյանին ու Դավիթ Թորոսյանին:

Sportal.Am - Սկսենք նրանից, որ դուք կողմ եք լեգեոներների թվի սահմանափակմանը Հայաստանի առաջնությունում, և այս խնդրի հետ կապված ակցիա եք իրականացրել առաջնության խաղերից մեկի ժամանակ: Ինչպե՞ս եք հիմնավորում ձեր դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ:

Red Eagles - Մենք ժամանակին ակցիա իրականացրեցինք լեգեոներների լիմիտի հետ կապված և, կարելի է ասել, որ մեր նպատակին հասանք: Այս հարցը սկսեց քննարկվել ավելի լայն շրջանակներում: Մենք մտածում ենք ազգային հավաքականի մասին, սերնդափոխության, հայ ֆուտբոլիստների պակասի մասին: Հայաստանի առաջնությունում տենդենց ենք նկատում, որ ունենք թիմեր, որտեղ մեկնարկային կազմի 10-ից 9 ֆուտբոլիստները լեգեոներներ են լինում: Ինձ հետաքրքիր է, թե այդ պարագայում 19 տարեկան հայ ֆուտբոլիստները որտեղ են խաղալու և աճելու: Ասում են մրցակցություն... Միայն մրցակցությունով չես կարող աճել, պետք է խաղաս, որ աճես: Մենք չենք պնդում, որ լեգեոներներ չլինեն, բայց պետք է լինի խելամիտ որոշում, լեգեոներներ պետք է լինեն, բայց՝ սահմանափակ քանակով: Թող լինի թեկուզ 5-6 լեգեոներ, բայց սահմանափակում անպայման պետք է լինի: Օրինակ, «Արարատ-Արմենիա»-ն ակադեմիա չունի ու ինչ-որ տեղ կարելի է հասկանալ նրանց ընտրած քաղաքականությունը, բայց «Փյունիկ»-ն ու «Բանանց»-ն ունեն ակադեմիաներ և, միևնույնն է, կրկին մեծ թվով լեգեոներներ ունեն:

Sportal.Am - Ձեր կարծիքով՝ լիմիտի խելամիտ սահմանաչափը ո՞րն է: Կան տարբեր սխեմաներ: Խոսքը գնում է հայտացուցակում ընդգրկված լեգեոներների քանակի՞ մասին, թե՞ հիմնական կազմի:

Red Eagles - Եթե հիմնական կազմին չվերաբերվի, ապա այդպես կրկին հարցի լուծում չենք ունենա, որովհետև եթե, օրինակ, թույլատրվի 10 լեգեոներ, 10-ն էլ կարող են հիմնական կազմում ընդգրկվել ու խնդիրը, միևնույնն է, չի լուծվի: Եթե լեգեոները, ասենք, ստանում է 2000 դոլար աշխատավարձ ու թիմն իր կազմում ունի 9 լեգեոներ, դրա փոխարեն կարող է բերել, օրինակ, 4 լեգեոներ, որոնք ավելի բարձրակարգ կլինեն ու ավելի շատ աշխատավարձ կստանան: Բացի դա կարող է լինել նաև 5+2 ձևաչափով, որի դեպքում հիմնական կազմում 5-ից ավելի լեգեոներ ունենալու դեպքում ամեն խաղացած լեգեոների համար ակումբը կվճարի պայմանական գումար, որը կփոխանցվի այն ակումբներին, որոնք պատրաստ են իրենց կազմում 80 տոկոսից ավելի հայ ֆուտբոլիստ ունենալ:

Sportal.Am - Դուք ասում եք, որ մեծ թվով լեգեոներների քանակը խանգարում է հայ ֆուտբոլիստների աճին, այնինչ նույն «Արարատ-Արմենիա»-ում 20-ից ավելի լեգեոներների պարագայում հիմնական կազմում խաղում է երիտասարդ հայ ֆուտբոլիստ Արմեն Նահապետյանը, իսկ Ժիրայր Շաղոյանը գրեթե յուրաքանչյուր խաղում փոխարինման է դուրս գալիս: Ստացվում է, որ նույնիսկ այն թիմերը, որտեղ շատ լեգեոներներ կան, չեն խոչընդոտում հայ ֆուտբոլսիտների աճին, այլ, ընդհակառակը, նույն այդ տղաները, խաղալով, օրինակ, փորձառու ֆուտբոլիստ Վլադիմիր Խոզինի կողքին, կարող են աճ գրանցել:

Red Eagles - Վարդան Մինասյանը հայ կադրերին տեղ է տալիս: Պատկերացնենք «Լոռի»-ն կամ «Արարատ-Արմենիա»-ն արդյունք են ցույց տալիս և մտնում Եվրագավաթի խմբային փուլ: Իհարկե, դա լավ կլինի, բայց մյուս թիմերը նույնպես կսկսեն նրանց քաղաքականությամբ շարժվել, որպեսզի իրենք էլ հաջողություն ունենան ու ի՞նչ կունենանք արդյունքում: Կունենանք առաջնություն, որտեղ մեծ թվով լեգեոներներ կլինեն ու բոլոր թիմերը կշարժվեն նույն քաղաքականությամբ ու բոլոր թիմերի նպատակը եվրագավաթներ մտնելը կլինի, այլ ոչ թե հայ ֆուտբոլիստներին զարգացնելը:

Sportal.am - Բոլորս գիտենք, որ ակումբ պահելը բիզնես է, արդյո՞ք ակումբի նախագահները պարտավոր են կորուստներ ունենալ բիզնեսում՝ հանուն հիմնական կազմում ավելի շատ հայ ֆուտբոլիստներ ունենալու ու չե՞ք կարծում, որ շատ սեփականատերեր լիմիտի դեպքում մեծ գումարներ չեն ներդնի հայկական ֆուտբոլում:

Red Eagles - Լավ, ուրեմն ես էլ ձեզ հարց ուղղեմ: Հայաստանի առաջնութան նպատակը ո՞րն է:

Sportal. Am - Հայաստանի առաջնության նպատակը ուժեղագույնին և մրցանակակիրներին որոշելն է: Ոչ մի երկրի առաջնություն հավաքականի խնդիրները լուծելու համար չի անցկացվում: Ցանկացած լուրջ ֆուտբոլային ակումբ ունի իր խնդիրները, որոնք ոչ մի կերպ չեն վերաբերում տվյալ երկրի հավաքականին: Եթե, օրինակ, Մադրիդի «Ռեալ»-ին զանգահարեն Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայից և խնդրեն ինչ-որ ֆուտբոլիստի խաղացնել հավաքականի խաղից առաջ պրակտիկա ունենալու համար, «Ռեալ»-ի ղեկավարությունը նրանց «գրողի ծոցը» կուղարկի:

Red Eagles – Տեսեք, օրինակ, լեգոներների թվի սահմանափակումը Ռուսաստանում տվեց իր դրական արդյունքը. թիմը դուրս եկավ աշխարհի առաջնության ¼ եզրափակիչ:

Sportal. Am – Համամիտ չենք, եթե արդյունքը դրական լիներ, հավաքականի կազմում չէին լինի նատուրալիզացված Մարիո Ֆերնանդեսը, Գիլերմեն, Արին, ռուսական արմատներով Նոյշտետերն ու Ռաուշը: Կոկորինն ու Սմոլովն էլ բացարձակ ցանկություն չունեն գնալ արտերկրի ակումբ, քանի որ «ոչինչ չանելով» մեծ գումարներ են վաստակում:

Red Eagles - Մենք կարծում ենք, որ ակումբը պետք է մտածի նաև հավաքականի շահերի մասին: Միայն բիզնեսի մասին մտածելով մեր ֆուտբոլիստները չեն զարգանա: Բացի այդ, ևս մեկ հարց ենք ուզում բարձրաձայնել. հայկական ակումբների մոտեցումները պետք է փոխվեն, և թիմից թիմ տեղափոխության դեպքում պետք է փոխհատուցում ստանան, այլ ոչ թե ֆուտբոլիստները պարզապես խզեն պայմանագիրը և տեղափոխվեն այլ թիմ: Այդ դեպքում քիչ բյուջե ունեցող ակումբները կշահեն և ավելի մրցունակ կլինեն: Օրինակ, պայմանական Էդգար Մանուչարյանը «Ալաշկերտ»-ում ստանում է ամսեկան որոշակի գումար ու «Արարատ-Արմենիա»-ն առաջարկում է ավելի բարձր աշխատավարձով պայմանագիր, ոչ թե պայմանագիրը խզի և տեղափոխվի, այլ «Արարատ-Արմենիա»-ն վճարի փոխհատուցման գումարը և տրանսֆեր կայանա, ինչպես դա ընդունված է ամբողջ աշխարհում:

Sportal.am - «Կարևորը հավաքականն է» մոտեցումը տարիներով եղել է հայկական ֆուտբոլում, և առաջնությունը մղվել է 2-րդ պլան: Եվ ի՞նչ ունենք արդյունքում. 1,5 հաջողված շրջափուլ, որը համընկավ Մինասյանի և որոշ ֆուտբոլիստների կարիերայի մարզավիճակի գագաթնակետի հետ: Այսօր բողոքում ենք, որ սերնդափոխության ժամանակն է ու համապատասխան կադրերը քիչ են: Այդ դեպքում ի՞նչն է նրանց խանգարել աճել, եթե ամեն ինչ արվել է նրանց աճի համար, բոլոր պայմանները եղել են, լեգեոներներն էլ չեն գերակշռել ակումբներում: Առաջնության մակարդակը իջավ՝ մնաց 6 ակումբ ու նույնիսկ վտանգ կար, որ կարող ենք առաջնություն չունենալ:

Red Eagles - Մենք չենք ասում, որ լեգեոներներ չլինեն: Թող լինեն, բայց հայ ֆուտբոլիստներին առաջնահերթություն պետք է տրվի, որպեսզի նրանք աճեն:

Sportal.am - Իսկ մտածե՞լ եք լիմիտի ռիսկերի մասին: Հայ ֆուտբոլիստների աշխատավարձերը արհեստականորեն կբարձրանան, ինչպես եղավ Ռուսաստանում, որտեղ ահռելի գումարներ էին վճարում ռուս ֆուտբոլիստներին ու նրանք ցանկություն չէին ունենում ավելի բարձրակարգ առաջնություն տեղափոխվել ու աճել: Բացի դա, լինում են դեպքեր, երբ պայմանականորեն ուժեղ պաշտպանը չի խաղում, որպեսզի ուժեղ հարձակվողը դուրս գա խաղադաշտ, ինչպես հաճախ է պատահում «Ուրալ»-ում Վարազդատ Հարոյանի հետ: Այդ դեպքում հայ ֆուտբոլիստները սկսելու են միմյանց դեմ մրցակցել, որպեսզի խաղադաշտ դուրս գան:

Red Eagles - Մենք պետք է տարբերակներ գտնենք, որպեսզի հայ ֆուտբոլիստները խաղային պրակտիկա ունենան: Տարբերակներից մեկը ԲԿՄԱ-ի ստեղծումն է: Մեծ ռեսուրսներ չեն պահանջվում այդ թիմը պահելու համար: Եթե այն ունենա 2 թիմ՝ համապատասխանաբար Բարձրագույն և Առաջին խմբերում, մոտ 60 հայ ֆուտբոլսիտ կսկսի խաղալ: Ինչքան շատ խաղան հայ ֆուտբոլիստները, այնքան կշահի մեր ֆուտբոլը:

Sportal.am - Իսկ չե՞ք կարծում, որ հայկական ֆուտբոլում ավելի գլոբալ ու խորքային խնդիրներ կան, քան լեգեոներների լիմիտն է: Մասնավորապես՝ ովքե՞ր են մարզում ձեր նշած հայ ֆուտբոլիստներին, հայ պատանիներին: Խնդիրը այդտեղից է սկսվում: Շատ հայ ֆուտբոլիստ ունենալը դեռևս հաջողության գրավական չէ, քանի դեռ պրոֆեսիոնալիզմը բացակայում է:

Red Eagles - Ակումբները պետք է չզլանան գումարներ ծախսել մարզիչներին կրթելու և վերապատրաստելու համար: Հայ մարզիչներին համապատասխան կրթություն տալու, արտերկրում վերապատրաստելու դեպքում նրանցից կարելի է ստանալ լավ կադրեր: Եթե ակումբը չի անում այդ ամենը, ստացվում է, որ նրանց ձեռնտու է մարզչի ներկա մակարդակը:

Sportal.am - Ավելի կոնկրետացնենք լիմիտի հետ կապված խնդիրը: Ներկա պահին դուք հայկական ակումբների կազմում տեսնու՞մ եք հայ ֆուտբոլիստներ, ովքեր արժանի են իրենց ակումբների մեկնարկային կազմում խաղալու, բայց լիմիտ չլինելու պատճառով չեն խաղում:

Red Eagles – 19-21 տարեկան հայ ֆուտբոլիստը պետք է խաղա, որպեսզի մենք նրա որակները տեսնենք, եթե չեն խաղում, ինչպե՞ս տեսնենք՝ նրանք ավելի որակյալ են, թե ոչ:

Sportal.am - Եթե ամփոփենք քննարկումը, խնդրի վերջնական լուծումն ինչպե՞ս եք տեսնում: Ունե՞ք լիմիտի բանաձևի կոնկրետ տարբերակ, որը ձեր կարծիքով կաշխատի:

Red Eagles - Ամենակարևորն այն է, որ մենք արդեն մեր նպատակին հասել ենք ու այս հարցը սկսել է քննարկվել ֆուտբոլային հանրության շրջանում: Մեր ակցիայի գլխավոր նպատակը քննարկումն է եղել և խելամիտ լուծումները գտնելը: Վերջնական որոշումը պետք է ֆեդերացիան կայացնի, քննարկումները ինքնին արդեն դրական ենք գնահատում: Հնարավոր է, որ մենք էլ քննարկման ժամանակ հասկանանք, որ հիմա ժամանակը չէ կամ կա այլ՝ ավելի խելամիտ լուծում: Մեր նպատակը ոչ թե լիմիտն է, այլ լուծումներ գտնելը, մենք Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուներ ենք և հարցը բարձրաձայնողն ենք, իսկ որոշումներն արդեն կկայացնի ֆեդերացիան: Ամեն դեպքում առանց լեգեոներների սահմանափակման չենք պատկերացնում, թե ինչպես պետք է զարգանա հայկական ֆուտբոլը:

Վահագն Միրզոյան

Գլխավոր լուսանկարը՝ «Բանանց» ՖԱ ֆեյսբուքյան էջից


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: