Եվրոպայի «մարած աստղերը». Թոփ խաղացողներ, ովքեր ընդհատակ են անցել

13 Հունվարի 2019 17:12
Եվրոպայի «մարած աստղերը». Թոփ խաղացողներ, ովքեր ընդհատակ են անցել

Հայացք գցելով եվրոպական թոփ առաջնություններում հանդես եկող ֆուտբոլիստներին՝ հասկանում ենք, որ շատ աստղեր այս պահին, մեղմ ասած, իրենց լավագույն ժամանակաշրջանը չեն ապրում իրենց ակումբներում: Տեխնիկական կամ ֆիզիկական պատճառներովով մի շարք թոփ դեմքեր չեն կարողանում մարզավիճակ ձեռք բերել այս մրցաշրջանում:

Օզիլ. Անկայուն խաղ Էմերիի գլխավորությամբ

Գերմանացին արդեն վերադարձել է մարզումներին ու կրկին ցանկանում է մեծ մասնակցություն ունենալ անգլիական թիմում. հաղթահարել է վնասվածքը և մոտակա ժամանակներում պարզ կդառնա, թե երբ կկարողանա խաղալ մեկնարկային կազմոմ: Մինչ այս պահը, Օզիլը Պրեմիեր լիգայում մասնակցել է 13 հանդիպման ու դարձել 3 գոլի հեղինակ: Կիսապաշտպանն արդեն հայտարարել է, որ չի հեռանալու այս ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: «Վեսթ Հեմ»-ի դեմ կայացած վերջին հանդիպմանն էլ Օզիլը չկար թիմի մեկնարկային կազմում. «Ես խաղացողներին հայտավորում եմ խաղին՝ ըստ այն բանի, թե ովքեր են մոտենում հանդիպմանը լավագույն ֆունկցիոնալ վիճակով», - այսպես էր բացատրել Ունաի Էմերին Օզիլի հերթական բացակայությունը մեկնարկային կազմում:

Ալեքսիս Սանչես. Անհետացած է Մոուրինյոյի ժամանակներից

Չիլիացին դեռ ոչինչ չի արել «Մանչեսթեր Յունայթեդ»-ում: Մինչև Մոուրինյոյի հեռացվելը, Ալեքսիսը ոչ մի հանդիպման չի մասնակցել նոյեմբեր ամսվանից սկսած: Վիճակագրությունն էլ չափազանց աղքատ է՝ իր նման ֆուտբոլիստի համար. 11 հանդիպում (որից 5-ը՝ մեկնարկային կազմում), խփած 1 գոլ: Սա այն չէր, ինչ սպասում էին «կարմիրներ»-ի երկրպագուները:

Դիեգո Կոստա. «խաղից դուրս»՝ մինչև մարտ      

          

Դիեգո Սիմեոնեն չի կարող հույսեր կապել իր կենտրոնական հարձակվողի հետ մինչև մարտ: Ստացած մեկ վնասվածքը լուրջ հետք է թողնում խաղացողի մրցաշրջանի վրա: Դեկտեմբերի 2-ին «Ժիրոնա»-ի դեմ հանդիպման ժամանակ Կոստան ստացավ չարաբաստիկ վնասվածքը: Ու դեռ պարզ չէ՝ վերադառնալուց հետո կկարողանա՞ արդյոք անհրաժեշտ մարզավիճակ հավաքել Դիեգոն, թե ոչ: Եվ այսպիսի իրավիճակը հարկադրում է «Ատլետիկո»-ին ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ համալրում անել հարձակման գծում:

Խամես Ռոդրիգես. Իր տեղը չի գտնում Մյունխենում

Խամեսն այն ֆուտբոլիստներից է, ում անունն ամենաշատն է շրջանառվում վերջին ժամանակներում: Չնայած՝ շաբաթներ առաջ կոլումբիացին հայտարարեց, որ չի հեռանալու «Բավարիա»-ից, սակայն այս գալիք ամռանը՝ խաղացողի վարձակալության ժամկետի ավարտից հետո, կարող են փոփոխություններ լինել: Խամեսը չի խաղում այնքան, որքան կցանկանար. այս մրցաշրջանում մասնակցել է ընդամենը 8 հանդիպման: Նիկո Կովաչն այլ տարբերակներ է նախընտրում:

Ռաբիո. «գործադուլ» և մեկ ոտքով ՊՍԺ-ից դուրս

Տաղանդավոր կիսապաշտպանն իր վերջին օրերն է անցկացնում ՊՍԺ-ում: Խաղացողը դեկտեմբերի սկզբին «գործադուլ» հայտարարեց, որպեսզի ավելի արագ կարողանա հեռանալ ֆրանսիական ակումբից: Տոմաս Տուխելն էլ նրան խաղաժամանակ չի տրամադրում: Ռաբիոյի համար թեժ պայքար է սկսել «Բարսելոնա»-ի, «Բավարիա»-ի ու «Չելսի»-ի միջև:

Իսկո. չկարողացավ «լեզու գտնել» Սոլարիի հետ

Սանտիագո Սոլարիի ժամանումից հետո Իսկոն դժոխային ժամանակներ է ապրում: Իսպանացին ոչ միայն քիչ խաղաժամանակ է ստանում, այլ նաև մեկնարկային կազմում չի ընդգրկվում նույնիսկ այն ժամանակ, երբ «Ռեալ»-ի հարձակման գծի գրեթե բոլոր ֆուտբոլիստները վնասվածք ունեն: Սոլարիի ու Իսկոյի միջև ինչ-որ գաղտնի ու միստիկ խնդրի արդյունքում, արգենտինացի մարզիչը ոչ մի կերպ Իսկոյին չի ընդգրկում մեկնարկային կազմում: Հայտնի չէ, թե ինչ կլինի հետագայում, սակայն այս իրավիճակը երկար շարունակվել չի կարող, ու Իսկո, ի վերջո, ստիպված կլինի լսել առաջարկներ այլ գրանդ ակումբներից, որոնք, ի դեպ, քիչ չեն:

Վերոնշյալ խաղացողներն ու մի շարք այլ աստղեր այս պահին դժվար ժամանակներ են ապրում: Նրանցից յուրաքանչյուրը պետք է ճիշտ լուծում ու ճանապարհ ընտրի, որպեսզի բոլորս կրկին վայելենք նրանց լավագույն խաղը:

Իշխան Մելքոնյան


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: