Մելենդեսը պետք է որոշի մեր մարզիչների մակարդակն ու հասկանա, թե ում հետ է ուզում աշխատել. Սևադա Արզումանյան

11 Հունվարի 2019 18:46
Մելենդեսը պետք է որոշի մեր մարզիչների մակարդակն ու հասկանա, թե ում հետ է ուզում աշխատել. Սևադա Արզումանյան

«Արցախ»-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Սևադա Արզումանյանի հետ հարցազրույցը նախատեսել էինք անցկացնել դեռևս նախատոնական օրերին, ինչը ձախողվեց տեխնիկական պատճառներով: Այս ընթացքում էլ հենց տեղի ունեցավ նշանակումը: Անվանի մարզիչն էլ, ով Հայաստանի չեմպիոնի ու մրցանակակրի տիտղոսներ ունի, սիրով ընդունեց հրավերն ու հյուրընկալվեց մեր խմբագրությունում: Արդյունքում զրույցը շատ ընդգրկուն ու բովանդակալից ստացվեց:

- Ինչպե՞ս ստացվեց, որ գլխավորեցիք «Արցախ»-ը:
- Շնորհակալություն հրավերի համար: Առիթից օգտվելով հայկական ֆուտբոլային ընտանիքին ու ամբողջ հայ ազգին շնորհավորում եմ տոների կապակցությամբ և ցանկանում եմ հաղթանակների տարի: Հանդիպում ունեցանք ակումբի նոր սեփականատեր Կարեն Աբրահամյանի հետ և հենց առաջին հայացքից ինձ պարզ դարձավ, որ շատ ամբիցիոզ ու դրական էներգիայով մարդու հետ գործ ունեմ: Իհարկե, բնական է, հաշվի առնելով ակումբի զբաղեցրած դիրքը մրցաշարային աղյուսակում, այդպիսի մարտահրավեր ընդունելն այնքան էլ հեշտ չէ: Շնորհակալ եմ նրան վստահության համար:

- Ի՞նչ ծրագրեր ունի ակումբի նոր ղեկավարությունը, ի՞նչ առաջադրանքներ են դրված Ձեր առջև մրցաշրջանի 2-րդ հատվածի համար:
- Տրամաբանական է, որ բարդ է լինելու այս մրցաշրջանում նշանակալի հաջողությունների հասնել արդյունքի տեսանկյունից՝ հաշվի առնելով թիմի զբաղեցրած դիրքը մրցաշարային աղյուսակում: Այդ ամենը գիտակցում է նաև ակումբի սեփականատերը: Փորձելու ենք ստեղծել մեր ակումբի փիլիսոփայությունը, ներքին խոհանոցը, կանոնակարգն ու ակումբային ոգին, որը շատ կարևոր է: Իհարկե, դրա հետ մեկտեղ ձգտելու ենք նաև հաղթանակաների: Ամեն դեպքում զինվելու ենք համբերությամբ և մեծ ծավալի աշխատանք ենք տանելու այս տարի հաջորդ մրցաշրջանում ավելի բարձր նպատակներ դնելու և նշաձողը բարձրացնելու համար:

- Թիմի հետ արդեն առաջին մարզումն եք անցկացրել: Ի՞նչ կադրային փոփոխություններ կան ակումբում, թիմից հեռացած և թիմին նոր միացած ֆուտբոլիստներ կա՞ն: Ուսումնամարզական հավաքներ նախատեսվու՞մ են:
- Ակումբին միանալուց հետո թիմի գործադիր տնօրեն Արթուր Սահակյանը, ով, ի դեպ, մնացել է ակումբում սեփականատիրոջ փոփոխությունից հետո և շարունակում է աշխատել, ինձ տեղեկացրեց, որ կան հեռացած ֆուտբոլիստներ: Ես խնդրել եմ, որ բոլորին կրկին հրավիրենք փորձաշրջանի և այդ ընթացքում հասկանանք մեր ընտրությունը: Թիմից հեռացել են Համլետ Ասոյանը, Սարգիս Բալոյանը, Ակմալ Բախտիյարովը, Վալտեր Պողոսյանը նույնպես հեռացել էր ակումբից, սակայն կրկին միացել է թիմին և շարունակում է մեզ հետ մարզվել ու չի բացառվում, որ մնա ակումբում: Արդեն պաշտոնապես մեր ակումբ է տեղափոխվել Վարդան Մովսիսյանը, ով մինչ այս հանդես էր գալիս «Լոռի»-ում: Կան բազմաթիվ տեղացի ֆուտբոլիստեր այլ ակումբներից, ովքեր ցանկություն են հայտնել խաղալ մեր թիմում ու ներկա պահին մարզվում են մեզ հետ, սակայն անուններ դեռ չեմ ուզում տալ, քանի դեռ պաշտոնապես չեն տեղափոխվել: Չի բացառվում, որ թիմին միանան նաև լեգեոներներ և փորձաշրջան անցնեն, որից հետո կհասկանանք նրանց մակարդակն ու պիտանելիությունը թիմին:

- Որքա՞ն ժամանակով է նախատեսված Ձեր պայմանագիրը, և երկարաժամկետ ի՞նչ ծրագրեր ունի թիմը: Հաջորդ մրցաշրջանում նախատեսու՞մ եք պայքարել մրցանակային տեղերի համար:
- Սկզբնական համաձայնության ենք եկել 1,5 տարի ժամկետով, տեսնենք: Ամեն դեպքում ես մեծ կարևորություն չեմ տալիս պայմանագրի ժամկետին, քանի որ անկախ նրանից, թե որքան կաշխատեմ, փորձելու եմ այդ ժամանակահատվածում նվիրվել ու անել առավելագույնը՝ հանուն թիմի հաջողության: Ամեն ինչ ծրագրվածի պես ընթանալու դեպքում հաջորդ մրցաշրջանում անպայման պայքարելու ենք ամենաբարձր հորիզոնականների համար:

- Նախկին «Միկա» մարզադաշտի խոտածածկի որակը շարունակում է մնալ, մեղմ ասած, ոչ բարվոք վիճակում: Որտե՞ղ է թիմն անցկացնելու իր տնային հանդիպումները:
Այդ հարցը քննարկման փուլում է, բանակցություներ են ընթանում, մի քանի տարբերակներ ենք քննարկում: Ամեն դեպքում պետք է արձանագրել, որ «Միկա»-ում չենք կարող խաղալ, քանի դեռ խոտածածկը գտնվում է վատ վիճակում: Այնտեղ խաղալու մասին կարող ենք մտածել միայն այն ժամանակ, երբ այդ մարզադաշտի խոտածածկը փոխվի: Իհարկե, այդ մասին պետք է մտածեն նաև բոլոր մնացած ակումբները, որոնք ցանկություն ունեն խաղալ այդ մարզադաշտում:

- Ժամանակին «Ուլիս»-ին հասցրեցիք Հայաստանի չեմպիոնի տիտղոսին: Ի՞նչ տարբերություն եք տեսնում Բարձրագույն խմբի՝ այն ժամանակվա և ընթացիկ առաջնությունների միջև: Խաղային մակարդակը բարձրացե՞լ է, թե՞ իջել:
-
Ես կարող եմ այդ ժամանակահատվածը բաժանել որակական 3 փուլի: Առաջին փուլում՝ «Ուլիս»-ի չեմպիոնական տարում, բավական լավ մակարդակի առաջնություն ունեինք, եթե համեմատենք մրցակցությունը: Այդ ժամանակ մենք ընդհատեցինք «Փյունիկ»–ի չեմպիոնությունների բազմամյա շարքը: Այնպիսի մրցունակ ակումբներ ունեինք, ինչպիսիք էին «Միկա»-ն ու «Իմպուլս»-ը, որը մարզում էր ազգային հավաքականի ներկա մարզիչ Արմեն Գյուբուդաղյանցը: Ցավոք, «Ուլիս»-ը նույնպես լուծարվեց և հեղինակազրկվեց: «Գանձասար»–ը բավական ամուր թիմ էր, որը Խաշմայանի գլխավորությամբ այդ մրցաշրջանում դարձավ բրոնզե մեդալակիր: «Փյունիկ»-ում 2008-2012 թթ. հանդես եկան այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք էին Սարգիս Հովսեփյանը, Ռոբերտ Արզումանյանը, Գևորգ Ղազարյանը, Կառլեն Մկրտչյանը: Հենրիխ Մխիթարյանը նույնպես մինչև 2009 թվականը խաղաց Հայաստանի առաջնությունում: Այդ ֆուտբոլիստները 2011 թվականին իրենց խոսքն ասացին նաև ԵՎՐՈ-2012-ի ընտրական փուլում: Միտքս այն է, որ մեր չափանիշերով բավական բարձր մակարդակի ֆուտբոլիստներ էին խաղում Հայաստանի առաջնությունում: Երկրորդ փուլը նշված թիմերի լուծարումից հետո անկումայինն է: Տրամաբանական է, որ մրցունակ թիմերի լուծարումից հետո առաջնությունը չէր կարող չտուժել, և, ի վերջո, հասանք նրան, որ ունեցանք 6 թիմանոց անհետաքրքիր առաջնություն: Իսկ ահա երրորդ փուլը ներկա 9 թիմանոց առաջնությունն է, որը կրկին առավել հետաքրքիր է: Նոր ներդրողներ ու սեփականատերեր հայտնվեցին, ովքեր մրցունակ թիմեր ստեղծեցին:

- Բարձրագույն խմբի այս մրցաշրջանից ի՞նչ տպավորություններ ունեք:
-
Առաջնությունում ինտրիգ կա, հետաքրիր պայքար է ծավալվել: «Արցախ»-ը, «Արարատ-Արմենիա»-ն ու «Լոռի»-ն իրենց գոյությամբ հետաքրքրություն մտցրեցին առաջնությունում: «Շիրակ»-ը, չնայած բազմաթիվ խնդիրներին, «ամուր ընկույզ» դարձավ: Առանձնահատուկ ուզում եմ նշել Վարդան Բիչախչյանի աշխատանքն ու ներդրումն այդ ամենի մեջ: Նա «Շիրակ»-ին պատվով դուրս բերեց բարդ իրավիճակից: «Բանանց»-ից և «Գանձասար-Կապան»-ից սպասելիքներն ավելի մեծ էին առաջնության առաջին հատվածում: «Նվագախմբից» մի փոքր դուրս են մնացել «Արցախ»-ն ու «Արարատ»-ը, բայց մարզչի փոփոխությունից հետո տեսանք, որ «Արարատ»-ն էլ անակնկալներ մատուցեց: Բոլորս գիտենք ու հաճախ է նշվել, որ «Արցախ»-ը, ի տարբերություն մյուս ակումբների, ավելի քիչ բյուջե ու հնարավորություններ է ունեցել, բայց Ռաֆաել Նազարյանը կարողացել է հետաքրքիր ու համակրելի ֆուտբոլ ցուցադրող թիմ դարձնել այն: «Փյունիկ»-ն ու «Ալաշկերտ»-ը պատմական հաջողություններ գրանցեցին եվրոպական մրցասպարեզում: Անդրեյ Տալալաևի ներկայությունը նույնպես հետաքրրություն մտցրեց առաջնությունում բոլոր առումներով: Լրատվամիջոցների ուշադրությունը ևս ավելի պատասխանատու է դարձնում բոլորին: Մեր ֆուտբոլում նոր միտումներ են առաջ գալիս, որոնք դրական եմ գնահատում: Որքան բարձր լինի պատասխանատվության աստիճանը բոլորի մոտ, այնքան կշահի մեր ֆուտբոլը:

- Նախկին ֆուտբոլիստների հետ շփվելիս միշտ տեսակետ է հնչում, որ այն ժամանակ մարզումային պրոցեսի համար նման պայմաններ չկային: Ստեղծվել են ակադեմիաներ, հրաշալի պայմաններ: Այդ դեպքում, ո՞րն է, ըստ Ձեզ, պատճառը, որ ֆուտբոլիստների որակական զգալի աճ չկա, և արդյունքներն էլ էապես չեն տարբերվում:
-
Ի դեպ, անչափ հետաքրքիր ու տեղին հարց էր: Ես դա կապում եմ նախկին և ներկա ֆուտբոլային սերունդների հետաքրքրությունների մեծ տարբերության հետ: Մեր ժամանակ, իրոք, չկային պայմաններ, երիտասարդները հաճախ պարապում էին ասֆալտի վրա, նույնիսկ հաճախ փողոցներում 2 քարով դարպաս էին պատրաստում և սկսում ֆուտբոլ խաղալ: Երկիրն ապրում էր ֆուտբոլով, նույնիսկ ամեն գործարան իր թիմն ուներ, և գործարանների առաջնություն էր լինում: Բակային առաջնություններ էին լինում: Հենց բակային ֆուտբոլից էլ տաղանդներ էին բացահայտվում և նոր ֆուտբոլիստներ ծնվում: Երեխաները հաճախ դասից փախչում էին և դպրոցի հետևում ֆուտբոլ խաղում: Բոլորիս աչքերում կրակ կար, պայմաններ՝ ցավոք ոչ: Այժմ բոլոր այդ պայմանները ֆեդերացիայի և՛ նախկին, և՛ ներկա ղեկավարությունը ստեղծել և շարունակում է ստեղծել: Ես կարծում եմ՝ հիմնական խնդիրը նստակյաց ապրելակերպն ու նոր տեխնոլոգիաներն են: Շատերը նախընտրում են հեռախոսով կամ պլանշետով զբաղվել, քան ավելի շատ ֆուտբոլ խաղալ, պարապել:

- Դուք շատ լավ ծանոթ եք նաև Առաջին խմբի առաջնությանը: Այնտեղ տեսնու՞մ եք երիտասարդ ֆուտբոլիստների, ովքեր մոտ ապագայում կարող են խաղալ բարձր մակարդակով:
-
Առաջին խմբի ֆուտբոլիստներից շատերը ժամանակի ընթացքում մնում են առանց թիմի, քանի որ նրանցից միայն մի քանիսին է հնարավորություն տրվում շարունակել ելույթները Բարձրագույն խմբում: Քանի որ թիմերի քանակը քիչ է, տեղերն էլ սահմանափակ են: Իսկ այդ տարիքում 25 ֆուտբոլիստից ընտրել 2-ին և մնացածին թողնել առանց թիմ՝ ճիշտ չէ, որովհետև ֆուտբոլիստներ կան, ովքեր ավելի ուշ են աճում: Պետք է բոլոր հայ ֆուտբոլիստներին հնարավորություն տրվի խաղալու և բացահայտելու իրենց որակները, իսկ դրա համար անհրաժեշտ է, որ թիմերի քանակը շատանա:

- Անցած տարի փոխվեց նաև ՀՖՖ ղեկավարությունը, որը հայտարարել է, որ իր պատրաստած ծրագիրը ներկայացնելու է նաև ակումբներին, որոնք, ցանկության դեպքում, կարող են շարժվել դրանով: «Արցախ»-ը պատրա՞ստ է ընդունել այդ ծրագիրը: Ի՞նչ սպասելիքներ ունեք այս փոփոխություններից:
-
Փոփոխություններին դրական եմ վերաբերվում: Ուրախալի է իսպանացիների, հատկապես՝ Մելենդեսի ներկայությունը հայկական ֆուտբոլում: Բոլորս էլ գիտենք, թե ինչ մակադակի մասնագետ է նա, վերջին տարիներին ինչ հաջողությունների է հասել իսպանական ֆուտբոլը: Ի դեպ, հայ մարզչական խումբը Մելենդեսի հետ հանդիպել է դեռևս 2008 թվականին, երբ մինչև 19 տարեկանների հավաքականների մակարդակով մեր հավաքականը խաղաց նրանց դեմ: Կարծում եմ, նրա փորձը մեզ օգտակար կլինի: Բայց ուզում եմ նշել, որ հայերը յուրահատուկ մտածելակերպ ունեն, որին Մելենդեսը պետք է լիովին տիրապետի արդյունավետ մեթոդաբանություն կիրառելու համար: Եթե նրան է վստահվել հայկական ֆուտբոլի ճակատագիրը մոտակա տարիներին, պետք է հենց ինքն էլ որոշի մեր տեղի մարզչական կադրերի մակարդակն ու անձամբ որոշում կայացնի, թե ում հետ է ցանկանում աշխատել: Գտնում եմ, որ ամենակոմպետենտ մոտեցումն այն կլինի, որ նա մասնագիտական մոնիթորինգ անցկացնի, որոշի մեր մարզիչների մակարդակն ու հասկանա, թե ում հետ է ուզում աշխատել, ովքեր են համապատասխանում իր փիլիսոփայությանն ու պահանջներին: Մելենդեսը պետք է ծանոթանա բոլոր հայ մարզիչների հետ և անձամբ կարծիք կազմի, թե ով ինչով կարող է օգտակար լինել հայկական ֆուտբոլին:

- Ձեր կարծիքով, ի՞նչ է պակասում հայկական ֆուտբոլին որակական աճ գրանցելու համար և ի՞նչ կուզենայիք տեսնել, որը բացակայում է:
-
Պետք է մեր փիլիսոփայությունն ունենանք ֆուտբոլային աշխարհում ու հիմնվենք մեր ազգային մտածողության ու արժեքների վրա: Անշուշտ, արտասահմանցի մասնագետներ անհրաժեշտ են մեզ, որոնցից պետք է առավելագույնը քաղել ու զարգացնել մեր ֆուտբոլը, բայց ինչ-որ երկրի կրկնօրինակը դառնալ չէի ցանկանա, որովհետև դեռ մեծ հարց է՝ այլ մոդելներին ինտեգրվելու պատրա՞ստ ենք հոգեբանորեն, թե՞ ոչ: Որպես օրինակ, կցանկանայի, որ մի գեղեցիկ օր Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները գոլից հետո ազգային «Քոչարի»-ն պարեին, որը, հավատացեք, մեծ ուշադրության կարժանանար արտերկրում:

Ցանկալի է նաև, որ ֆուտբոլիստների մոտեցումները փոխվեն ու ավելի պրոֆեսիոնալ լինեն ցանկացած հարցում: Ֆուտբոլում մանրուքներ չեն լինում և պատահական ոչինչ չի լինում: Բացի այդ, ես այսպիսի գաղափար ունեմ. կցանկանայի այնպիսի կանոն լիներ, որ Բարձրագույն խմբի ամեն թիմում պարտադիր հանդես գար մեկ հայ՝ մինչև 19 տարեկան ֆուտբոլիստ: Հավատացե՛ք, ժամանակի ընթացքում դա մեծ օգուտ կտա մեզ: Երիտասարդներն ավելի կմոտիվացվեն՝ իմանալով, որ իրենց լավ դրսևորելու դեպքում կարող են խաղալ Բարձրագույն խմբում, իսկ նրանց մակարդակն ավելի շուտ կբարձրանա առավել փորձառուների կողքին խաղալով: Յուրաքանչյուր թիմում այդպիսի մի ֆուտբոլիստ ունենալու դեպքում մենք ժամանակի ընթացքում կարող ենք նաև ունենալ ուժեղ երիտասարդական հավաքական:

- Շնորհակալ ենք հարցազույցի համար, Ձեզ մարզչական մեծ հաջողություններ ենք ցանկանում:
- Ես էլ Ձեզ եմ շնորհակալ, հետաքրքիր ու անկեղծ զրույց ստացվեց:

Վահագն Միրզոյան

Լուսանկարները՝ «Արցախ» ՖԱ ֆեյսբուքյան էջից, Ս.Արզումանյանի պահոցից


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: