Կոուտինյոյի մեկ տարին «Բարսելոնա»-ում. Արդարացվա՞ծ տրանսֆեր էր

07 Հունվարի 2019 11:35
Կոուտինյոյի մեկ տարին «Բարսելոնա»-ում. Արդարացվա՞ծ տրանսֆեր էր

Մեկ տարի առաջ այսօր «Բարսելոնա»-ն պաշտոնապես հայտարարեց Ֆիլիպե Կոուտինյոյի տրանսֆերը գնելու մասին: Բրազիլացին Կատալոնիայի մայրաքաղաք տեղափոխվեց «Լիվերպուլ»-ի հետ ծանր ու երկար բանակցություններից հետո: Անգլիական ակումբը հրաժարվեց Կոուտինյոյի տրանսֆերը վաճառել 2017-ի ամռանը, սակայն արդեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ լիվերպուլցիները չկարողացան դիմադրել կիսապաշտպանի ճնշմանը. Ֆիլիպեն տեղափոխվեց «Բարսա» 120 միլիոն եվրոյի դիմաց` ևս 40 միլիոն բոնուսով: Թիվ, որը Կոուտինյոյին դարձրեց «Բարսելոնա»-ի պատմության ամենաթանկ տրանսֆերը:

Ուղիղ մեկ տարի անց հարց է ծագում` արդարացվա՞ծ տրանսֆեր էր, թե՞ ոչ: Հաշվի առնելով վճարված գումարի չափը` տրամաբանական է, որ սպասելիքները նրանից պետք է մեծ լինեն: Սակայն Կոուտինյոն դեռևս չի կարողանում ապացուցել իր արժեքը: Բրազիլացին, անխոս, բարձրակարգ ֆուտբոլիստ է և ունակ է վճռել ցանկացած խաղի ելք, սակայն նրան պակասում է այն ստաբիլությունը, որն առանձնացնում է գերաստղերին պարզապես լավ ֆուտբոլիստներից:

Մեկ տարին լրանում է անորոշության շրջանում: Կոուտինյոն կորցրել է թիմում իր կարգավիճակն ու չի կարելի ասել, որ նա համարվում է «Բարսա»-ի մեկնարկային կազմի լիարժեք խաղացող. նա դժվարությամբ է ընդգրկվում Վալվերդեի հիմնական կազմում: Ակումբի պատմության երկրորդ ամենաթանկարժեք խաղացողը` Ուսման Դեմբելեն, նրան հաղթել է մեկնարկային կազմի համար մղվող պայքարում ու Մեսսիի և Լուիս Սուարեսի հետ կազմում է կատալոնացիների հարձակման եռյակը:

Նրա դերն էլ դաշտի կենտրոնում առնվազն վիճարկելի է: Երբ Վալվերդեն հարձակման գծում հայտավորում է Դեմբելե – Սուարես – Մեսսի եռյակը, իսկ Կոուտինյոյին օգտագործում կիսապաշտպանությունում, թիմը կորցնում է կառավարումը դաշտի կենտրոնում ու չի կարողանում իր ձեռքում պահել խաղի թելը:

Կոուտինյոն թիմում իր տեղը չի գտնում, և սա պահանջում է Էռնեստո Վալվերդեի միջամտությունը: «Բարսելոնա»-ն մրցաշրջանի վերջում անպայման կունենա բրազիլացու կարգի խաղացողի կարիքը: Հարկ է նշել նաև, որ ակումբի ղեկավարության համար էլ դժվար է լինելու տեսնել, թե ինչպես է պահեստայինների նստարանից խաղերը դիտելու մի ֆուտբոլիստ, որի համար նրանք վճարել են 160 միլիոն եվրո:

Վիճակագրությունը

Երբ նայում ենք Կոուտինյոյի վիճակագրությանը, տեսնում ենք, որ այստեղ էլ դեռ բարելավելու շատ տեղ կա: Կոուտինյոն կապտանռնագույն մարզաշապիկով անցկացրել է 44 հանդիպում, խփել 15 գոլ ու կատարել 10 գոլային փոխանցում:

Իր լավագույն հատկանիշներից է նաև դարպասին կատարած հարվածները, որում էլ Ֆիլիպեն դեռևս չի փայլում. խաղում միջինը կատարում է մեկ հարված:

Այս ամենը` դեռ մեկ տարում: Սակայն Կոուտինյոն պարտավոր է քայլ առաջ կատարել իր առջև դրված մեծ սպասելիքներն ու իր համար վճարված աստղաբաշխական թվերն արդարացնելու համար:

Իշխան Մելքոնյան


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: