Տարվա խորհդանշական հավաքականը` ըստ Sportal.am-ի

31 Դեկտեմբերի 2018 12:59
Տարվա խորհդանշական հավաքականը` ըստ Sportal.am-ի

2018 թվականին համաշխարհային ֆուտբոլն աստղերի կարիք չզգաց: Առաջին մեծության տղաներն իրենց հիանալի դրսևորեցին ակումբային ու միջազգային ասպարեզում: Մեծ ու դժվար տարբերակների մեջ կազմեցինք աշխարհի 2018 թվականի խորհրդանշական հավաքականը, որը հանձնում ենք Ձեր դատին:

Ալիսոն Բեկեր

Դարպասապահի դիրքում մեծ մրցակցության մեջ «հաղթում է» Բրազիլիայի հավաքականի ու «Լիվերպուլ»-ի դարպասապահ Ալիսոնը: Բրազիլացին հայտնվեց ֆուտբոլային երկնակամարում հենց այս տարի ու միանգամից գերեց շատերի սրտերը: Ալիսոնը «Ռոմա»-ի հետ 2017/18 մրցաշրջանում հասավ մինչև ՉԼ-ի կիսաեզրափակիչ: Իր հիանալի ելույթների շնորհիվ դարպասապահը կարողացավ հաղթել մրցակցությունը Էդերսոնի նկատմամբ հավաքականի հիմնական կազմում հայտնվելու համար: Իսկ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Ալիսոնն այդ պահին ռեկորդային` 75 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Լիվերպուլ» ու այնտեղ էլ իրեն փայլուն է դրսևորում` մեծ հույս տալով լիվերպուլցիներին ԱՊԼ-ն ու ՉԼ-ն հաղթելու հարցում:

Դանի Կարվախալ

Դանի Ալվեշից հետո մյուս Դանին` Կարվախալը, հանդիսանում է աշխարհի լավագույն աջ պաշտպանը: Արդեն երկար տարիներ է, ինչ իսպանացի ֆուտբոլիստը կայուն ու բարձրակարգ ֆուտբոլ է ցուցադրում: Կարվախալն այս տարի էլ իրեն բնորոշ կերպով կարողանում էր գերազանցապես հասցնել պաշտպանությունում ու սրություն մտցնել հարձակման գծում: Նրա ավանդը մեծ էր նաև «Ռեալ»-ի` ՉԼ-ի նվաճման մեջ:

Վիրջիլ Վան Դեյկ

Ո՞վ կարող էր մտածել, որ շախմատում հայտնի հոլանդական պաշտպանության «քարե պատ» համակարգը իր ուրույն մեկնաբանությունը կստանա ֆուտբոլում։ 27-ամյա պաշտպանի տրանսֆերի համար վճարված 75 մլն եվրոն կոպեկ է թվում, երբ հիշում ես նրա պրոֆեսիոնալ աճը 2018-ին. նախ ֆանտաստիկ խաղը Ազգերի լիգայում՝ Հոլանդիայի ընտրանու կազմում, հետո հուսալիության բարձ մակարդակը «Լիվերպուլ»-ում, ինչի անվիճելի ապացույցն է Պրեմիեր լիգայի 20 խաղում բաց թողած ընդամենը 8 գոլը։ Վիրջիլի տեղափոխությունը թիրախային տրանսֆերի դասական օրինակ էր։

Ռաֆաել Վարան

Վարանն այն եզակի երջանիկներից է, ով մեկ տարվա ընթացքում կարողացավ հաղթել Չեմպիոնների լիգան ու Աշխարհի առաջնությունը: Եվ դա արեց արժանիորեն, քանի որ երկու մրցաշարերում էլ պաշտպանը ցուցադրեց բացառիկ վստահ խաղ: Կարևորագույն խաղերում Ռաֆան ուղղակի անանցանելի էր: Նաև կարևոր գոլ հեղինակեց ԱԱ-ի 1/4 եզրափակչում Ուրուգվայի դարպասը: Երբեմնի երիտասարդ տաղանդն այժմ շատ հասուն ֆուտբոլիստ է` հասուն խաղով:

Խորդի Ալբա

«Բարսելոնա»-ի ձախ պաշտպանը 2018-ին լավագույններից մեկն էր աշխարհում, եթե ոչ լավագույնը։ Այս իրողությունը առավել համոզիչ է դառնում Մարսելոյի ակնհայտ խաղային անկման առկայության պայմաններում։ Իսպանացին Վալվերդեի գրոհների այլընտրանքային մարտկոցն է։ Ավելորդ է նշել նրա դերակատարությունը Մեսսիի խաղում. այն հանդիպումներում, որոնցում «կապտանռնագույններ»-ը ավտոբուսային մարտավարության էին հանդիպում, Ալբա-Մեսսի արդեն հանրահայտ կոմբինացիան որոշիչ նշանակություն էր ունենում։ Ալբան իր բացառիկ արագության շնորհիվ հասցնում էր ծածկել նաև պաշտպանությունում առաջացած բացերը։

Նգոլո Կանտե

Այդ փոքրամարմին «հսկան» Ֆրանսիայի հավաքականի տրիումֆի ստվերային կերտողն էր։ Ֆրանսիացին բացառիկ անձնավորություն է, ում համեստությամբ հիանում են թե’ խաղընկերները, թե’ երկրպագուները։ Նա իդեալական հենակետայինի լավագույն օրինակ է՝ չափազանց բարձր օգգ-ով և անբացատրելի խարիզմայով։ Վերընշվածի ընդհանրացված դրսևորումն էլ ««Չելսի»-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստ»-ի նոր կարգավիճակն է: Ու ինչպես Անգլիայում են հումորով ասում ` «Մոլորակի 75%-ը ծածկում է ջուրը, 25%-ը` Կանտեն»: 

Լուկա Մոդրիչ

«Ոսկե գնդակ»-ի արժանի հաղթողը: 2018-ը Մոդրիչի երազանքների տարին էր: Այս խաղացողը երկու ճակատով ֆանտաստիկ ֆուտբոլ խաղաց: Մեծ նվիրվածությունը, բացառիկ տաղանդն ու աշխատասիրությունը, ֆուտբոլային ինտելեկտը և ուժեղ բնավորությունը Մոդրիչին դարձրին «Ռեալ»-ի ու Խորվաթիայի ընտրանու ուղեղը, հիմնաքարը: Այս տղան իր ողջ ջանքերը ներդրեց իր ակումբի ու հավաքականի հաջողությունների համար. առաջինի հետ հաղթեց Չեմպիոնների լիգան, իսկ երկրորդին հասցրեց մինչև ԱԱ-ի եզրափակիչ, որոնց էլ հետևեց արդեն անհատական մրցանակների տարափը. UEFA-ի լավագույն խաղացող, The Best մրցանակի հաղթող, «Ոսկե գնդակ»-ի հաղթող, Խորվաթիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ... Այսպիսին է վերջին տասնամյակի լավագույն կիսապաշտպաններից մեկը:

 

Մոհամեդ Սալահ

2017/18 մրցաշրջանը պրոֆեսիոնալ աճի տեսանկյունից թռիչքաձև զարգացման տարի էր եգիպտացու համար. ավելի բարձրակարգ թիմ, տրանսֆերային արժեքի քառակի աճ ու գոլեր, գոլեր, գոլեր։ Ու եթե չլիներ Սերխիո Ռամոսի հետ բախման արդյունքում ստացած վնասվածքը, միգուցե, հիմա կխոսեինք «Ոսկե գնդակ»-ի դափնեկրի մասին։ Հատկանշական է, որ տարվա երկրորդ հատվածում 26-ամյա կիսապաշտպանը, պահպանելով բարձր տեմպը, ապացուցում է, որ ինքը «մեկ մրցաշրջանի ֆուտբոլիստների» շարքին չի պատկանում և որ ամենակարևորն է, հաստատուն քայլերով շտկում է նախորդ սեզոնի բացթողումները։ «Ոսկե գնդակ»-ն էլ սարերի հետևում չէ...

Լիոնել Մեսսի

2018թ. «այլմոլորակայինի» խաղի վրա ստվեր գցեցին «Բարսելոնա»-ի ու Արգենտինայի հավաքականի գրանցած ընդհանուր արդյունքները։ Սակայն այսօր համաշխարհային ֆուտբոլում դժվար է գտնել մեկին, ով իր մեջ ներառում է թե խաղարկողի, թե «մարդասպան»-ի ֆունկցիաները և երկուսն էլ՝ երկնային մակարդակի վրա։ Երևում է՝ անհաջող մրցաշրջանը ավելի է մոտիվացրել արգենտինացուն, ով ընթացիկ մրցաշրջանում Պրիմերայի լավագույն ռմբարկուն է։ Ակնհայտ է, որ եթե անգամ նրա աչքերը կապես, ապա ի վերուստ տրված գերմարդկային դրիբլինգի ու ձախ ոտքի կործանիչ հարվածի հետ ոչինչ չի պատահի։

Կիլիան Մբապե

Վիրտուոզը 2018-ին էլ շարունակեց ֆուտբոլային աշխարհը նվաճելու իր ճանապարհը: Այն խաղացողն, ով եկել է նոր Մեսսի կամ նոր Ռոնալդու դառնալու, արդեն հասել է այն բաղձալի նվաճմանը, որը արգենտինացու ու պորտուգալացու համար, հավանաբար, այդպես էլ երազանք կմնա. Աշխարհի գավաթ: Մբապեն 19 տարեկանում, որպես Ֆրանսիայի հավաքականի առաջատարներից մեկը, դարձավ աշխարհի չեմպիոն: Նրա կայծակնային արագությունը, սուր հարվածներն ու կտրուկ անցումները տպավորում են բոլորին, իսկ ինչ վերաբերում է վիճակագրությանը, ապա այստեղ էլ Կիլիանը փայլում է. նա արդեն Ֆրանսիայի առաջնության գլխավոր ռմբարկուն է, իսկ ընդհանուր առմամբ խփել է 16 գոլ այս մրցաշրջանում: Նեյմարը չէր կարող մտածել, որ Մեսսիի ստվերից փախչելով գալու է Փարիզ ու հայտնվի Մբապեի ստվերում...

Կրիշտիանու Ռոնալդու

33 տարեկանում շատերը գնում են ԱՄՆ` կարիերան ավարտելու, կամ էլ պարզապես ավարտում են այն: Բայց կա Կրիշտիանուն, ով 33 տարեկանում նոր փուլ է սկսում իր կարիերայում, նոր մարտահրավերներ է ընդունում ու խաղում բարձրակարգ ֆուտբոլ: Կրիշտիանուն 2018-ին լավագույններից էր: Տարին սկսեց փայլուն արդյունավետությամբ, գրեթե միայնակ հաղթահարեց ՊՍԺ-ի արգելքը, իր ապագա թիմի դարպասը շեդևր գոլ հեղինակեց ու ի վերջո նվաճեց «Ռեալ»-ի հետ 3-րդ անընմեջ Չեմպիոնների լիգան, որում էլ դարձավ լավագույն ռմբարկու: Եզրափակչից անմիջապես հետո հայտարարեց, որ հեռանալու է Մադրիդից ու հուլիսին սենսացիոն կերպով տեղափոխվեց «Յուվենթուս»: «Յուվենթուս»-ում էլ շարունակում է ցուցադրել նույն ֆուտբոլն ու խփում իր գոլերը: Ի հակառակ բոլոր կանխատեսումների, Կրիշտիանուն լավ էլ հարմարվել է իտալական ֆուտբոլին ու իր նոր ակումբի հետ անպարտելի է Ա սերիայում, Չեմպիոնների լիգայում էլ հաղթողի գլխավոր հավակնորդներից է:

Ահա այսպիսին էր մեր կայքի կազմած խորհրդանշական հավաքականը: Ըստ մեզ` 2018-ին հենց այս խաղացողներն էին լավագույններն իրենց դիրքերում: Սպասենք ու տեսնենք, թե նրանցից յուրաքանչյուրն ինչպես իրեն կդրսևորի արդեն գալիք տարում:

(սեղմեք նկարին մեծացնելու համար)

Իշխան Մելքոնյան, Ալբերտ Շահինյան

 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: