Համաշխարհային ֆուտբոլի նոր արքան. 20 փաստ Կիլիան Մբապեի մասին

25 Դեկտեմբերի 2018 11:42
Համաշխարհային ֆուտբոլի նոր արքան. 20 փաստ Կիլիան Մբապեի մասին

Օրեր առաջ, դեկտեմբերի 20-ին Կիլիան Մբապեն դարձավ 20 տարեկան: Երիտասարդ այս ֆուտբոլիստը հսկայական քայլերով խաղային առաջընթաց է գրանցում ու պատրաստվում է պատմություն կերտել: Սակայն, ինչպես գրեթե բոլոր մեծագույն խաղացողների դեպքում, Ֆրանսիայի հավաքականի աստղի արմատներն էլ համեստ են. ծնվել ու մեծացել է աղքատիկ Բոնդիում, որը Փարիզի արվարձաններից մեկն է: Հենց այնտեղ էլ նա կատարել է իր առաջին ֆուտբոլային քայլերը, այնտեղից է սկսվել նրա խոստումնալից կարիերան:

Հետագայում նրա տրանսֆերը գնելու էր «Մոնակո»-ն, այնուհետև 180 միլիոն եվրոյով վաճառեր ՊՍԺ-ին, իսկ հետո արդեն Մբապեն Ֆրանսիայի հավաքականի հետ դառնալու էր աշխարհի չեմպիոն ու լիներ ամենացանկալի խաղացողն աշխարհում:

Այժմ փորձենք ավելի շատ տեղեկանալ 20 տարեկանը վերջերս բոլորած հրաշամանուկի մասին:

Ֆուտբոլային ընտանիքը

Մբապեն ծնվել է ֆուտբոլային ընտանիքում: Նրա հայրը` Վիլֆրեդը, եղել է ֆուտբոլիստ, մարզիչ, իսկ այժմ հանդիսանում է Կիլիանի գործակալը: Մայրը` Ֆայզա Լամարին, զբաղվել է հանդբոլով: Ավագ եղբայր Կեմբո Էկոկոն նույնպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է ու խաղում է թուրքական «Բուրսասպոր»-ում, իսկ կրտսեր եղբայրը հանդես է գալիս ՊՍԺ-ի մանկապատանեկան դպրոցում:

Պատիժ` Կլասիկոյի պատճառով

Ամիսներ առաջ Մբապեն ուշացավ թիմի մարզումից: Պատճառը մեկն էր` հարձակվողը դիտում էր «Ռեալ»-ի ու «Բարսելոնա»-ի միջև ընթացող սուպերկլասիկոն: Տուխելը սպասում էր, սակայն Մբապեն ժամանեց մեկ ժամ ուշացումով, որի պատճառով Կիլիանը պատժվեց` մեկ խաղ մնալով պահեստայինների նստարանին. «Դա մեծ դաս էր ինձ համար: Այժմ գալիս եմ ճիշտ ժամանակին` չնայած, որ ստիպված եմ չհետևել բոլոր հանդիպումներին»,- ասել էր Մբապեն:

Ո՞րտեղից է գալիս Մբապեի` գոլերը տոնելու յուրահատուկ ձևը

Կանգնած, ձեռքերն էլ` ծալած. ահա այսպես է տոնում Մբապեն իր գոլերը: Բայց ո՞րտեղից է գալիս այս տարօրինակ սովորությունը. «Անկեղծ ասած, ես չեմ հորինել սա: Գոլերն այս կերպ նշելու հեղինակը կրտսեր եղբայրս է, ումից ես դա սովորել եմ Playstation-ով FIFA խաղալիս»,- բացատրել է Մբապեն:

Հրաժեշտ դահուկներին` հանուն ֆուտբոլի

Մբապեն երկար ժամանակ զբաղվել է դահուկավազքով: Ցանկացել է նաև անցնել պրոֆեսիոնալ մակարդակի, սակայն այդ մրցակցության մեջ «հաղթել» է ֆուտբոլը, և Մբապեն ստիպված հրաժարվել է իր երկրորդ նախասիրությունից: Ֆուտբոլիստը մտադիր է հետագայում էլ զբաղվել դահուկավազքով:

Time ամսագրի շապիկին

2018 թվականի հոկտեմբերին Մբապեն հայտնվեց ամերիկյան հանրահայտ Time ամսագրի շապիկին: Հեղինակավոր ամսագրի շապիկին պատիվ է ունեցել հայտնվել միայն 4 խաղացող` Մեսսին, Նեյմարը, Բալոտելին և Մբապեն: «Մբապեն ֆուտբոլի ապագան է ու հաջորդ սերնդի առաջատարը»,- գրված է ամսագրի առաջին էջին:

Ո՞րն է Մբապեի համար լավագույն նվերը

Մբապեի համար լավագույն անհատական նվաճումը եղել է «Կոպա»-ի մրցանակը` մինչև 21 տարեկանների աշխարհի լավագույն խաղացողի կոչումը: «Չեմ ցանկանում սահմանափակվել այս հաջողությամբ ու երազում եմ գալիք տարի ՊՍԺ-ի հետ նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը»,- ասել է Մբապեն Le Parisien-ին տված հարցազրույցում:

Իր առաջին ակումբը` «Բոնդի»-ն

Մբապեն «Բոնդի» ֆուտբոլային ակումբի սան է: Հենց այս ակումբում բացահայտվեց նրա տաղանդը, որի շնորհիվ էլ «Մոնակո»-ն նկատեց ու գնեց նրան: Անվանի ֆրանսիական ակումբում էլ Մբապեն 16 տարեկան հասակում նշեց իր նորամուտը` որպես պրոֆեսիոնալ:

Ի՞նչ սովորություն ուներ Մբապեն, երբ մանուկ էր

Մբապեն իր մանկության տարիներին քնում էր իր սիրելի ֆուտբոլիստների մարզաշապիկներով:

20 տարեկան, 150 խաղ

Նախորդ երեքշաբթի՝ դեկտեմբերի 18-ին, 20-ամյա Մբապեն անցկացրեց իր պրոֆեսիոնալ կարիերայի 150-րդ հանդիպումը, որի մասին նա հատուկ գրառում կատարեց Instagram-ում` նշելով, որ «երջանիկ է ու հպարտ այդ կապակցությամբ»:

Մբապեի կուռքը Կրիշտիանու Ռոնալդուն է

Մբապեն երբեք չի թաքցրել իր հիացմունքը Կրիշտիանուի նկատմամբ: Համացանցում վաղուց է տեղ գտել նրա հայտնի նկարը, որտեղ փոքրիկ Մբապեն է իր սենյակում` շրջապատված Կրիշտիանուի պաստառներով:

14 տարեկանում Մբապեն կարողացավ իրականացնել իր երազանքը: «Ռեալ»-ում փորձաշրջան անցնելու օրերին Կիլիանը հաջողացրեց հանդիպել CR7-ի հետ, և այդ պահը, բնականաբար, անմահացվեց:

Ռեկորդային մուտքը

2015 թվականի դեկտեմբերի 2-ին Մբապեն նշեց իր նորամուտը «Մոնակո»-ի կազմում, և արդեն կարողացավ ռեկորդ սահմանել` դառնալով ակումբի ամենաերիտասարդ նորեկը. 16 տարեկան 347 օրական Մբապեն այդ ցուցանիշով գերազանցեց Թիերի Անրիին:

Ամենաճանաչված ֆրանսիացի մարզիկներից մեկը

Մբապեի խաղային աճը նրան տվեց նաև մեծ ճանաչելիություն: Եվ իր երկրում ճանաչելիությամբ 2018 թվականին Մբապեն շրջանցեց Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամին, ինչպես նաև «Ատլետիկո»-ի առաջատար Անտուան Գրիզմանին:

Որո՞նք են Մբապեի նախասիրությունները

Մբապեի գլխավոր նախասիրությունը վիդեոխաղերն են: Ամենահաճախը Կիլիանը խաղում է կրտսեր եղբոր` Էթանի հետ:

Զիդանի հետ խաղալու չկայացած երազանքը

Մբապեի համար իսկական երազանք է եղել «Ռեալ»-ի նախկին ֆուտբոլիստ ու մարզիչ Զինեդին Զիդանի հետ խաղալը, որից նա ժամանակին ինքնագիր է խնդրել: «Խոստովանում եմ, որ Զիդանն այն եզակի մարդկանցից է, ում մոտ ինձ շատ փոքր եմ զգում: Նա այնքան խարիզմատիկ է, որ նրա առջև կանգնելիս տպավորություն է ստեղծվում, որ դիմացդ 15 հոգի են կանգնած»,- ասել է Մբապեն France Football-ին տված հարցազրույցում:

Բոնդիի պատվավոր քաղաքացի

Փարիզից քիչ հեռու գտնվող Բոնդիում, որն ունի 52 հազար բնակչություն, ծնվել է Մբապեն: Մայրաքաղաքի արվարձանում Մբապեին շնորհել են պատվավոր քաղաքացու կոչում` այն բանից հետո, երբ Կիլիանը դարձավ աշխարհի չեմպիոն:

Նախանձելի նվաճումներ

Մբապեն արդեն այնպիսի նվաճումների է հասել, որը շատերի նախանձն է շարժում: 20-ամյա հարձակվողն արդեն աշխարհի չեմպիոն է, 2 անգամ հաղթել է Ֆրանսիայի առաջնությունում, նվաճել է Ֆրանսիայի գավաթն ու սուպերգավաթը, դարձել է Եվրոպայի մինչև 19 տարեկանների չեմպիոն: Բացի այդ, 2017-ին ստացել է Golden boy մրցանակը, աշխարհի առաջնության լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի կոչումը և «Կոպա»-ի մրցանակը:

Ոգեշնչել է ռեփ կատարողի

Ֆրանսիացի ռեփեր JXSE-ն ոգեշնչվել է ֆրանսիացի խաղացողով ու նրան ներառել իր նոր հիթում: Երգը կոչվում է «Պարիր ինչպես Մբապեն»: Երգիչն իր տեսահոլովակում հայտնվում է ՊՍԺ-ի մարզաշապիկով:

2 անգամ մոտ է եղել «Ռեալ» տեղափոխվելուն

Առաջին անգամ Մբապեն մոտ էր «Ռեալ» տեղափոխվելուն 14 տարեկանում, երբ փորձաշրջան էր անցնում Վալդեբեբասում: «Կոնկրետ ոչինչ տեղի չունեցավ: Առաջնահերթությունը տվեցի իմ երկրում մնալուն, և կարիերաս շարունակեցի «Մոնակո»-ում»,- պատմել է Մբապեն:

2017 թվականին էլ Մբապեն կարող էր հայտնվել Մադրիդում: «Ռեալ»-ն ու «Մոնակո»-ն հասել էին նախնական համաձայնության`կանգ առնելով 180 միլիոն եվրոյի վրա, սակայն ինչ-ինչ պատճառներով Կիլիանը նախընտրեց ՊՍԺ-ն:

4 գոլ` 13 րոպեի ընթացքում

Հավանաբար, «Լիոն»-ի դեմ խաղը Մբապեի լավագույն ելույթն էր: 13 րոպեի ընթացքում Կիլիանը պոկեր գրանցեց` 61-ից մինչև 74-րդ րոպեն: Բացի այդ, վաստակեց 11-մետրանոցի իրավունք, որն էլ հստակորեն իրացրեց Նեյմարը: Հանդիպումն ավարտվեց 5-0 հաշվով:

«Ոսկե գնդակ»-ը` ժամանակի հարց

Մբապեի համար «Ոսկե գնդակ» նվաճելը ժամանակի հարց է: Մի օր Մբապեն անպայման կնվաճի այդ մրցանակը: Նա արդեն իսկ դարձել է ռեկորդի հեղինակ` իր տարիքում 2 անգամ անընդմեջ հայտնվելով «Ոսկե գնդակ»-ի լավագույն տասնյակում: 2017-ին Մբապեն 8-րդն էր, իսկ 2018-ին` 4-րդը:

Համաշխարհային ֆուտբոլում, իսկապես, հայտնվել է նոր արքա, նոր գերաստղ, ֆուտբոլիստ, ով եկել է ավարտելու Ռոնալդուի և Մեսսիի գերիշխանությունն ու տիրանալու ֆուտբոլային գահին:

Իշխան Մելքոնյան


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: