Անգլիական ԶԼՄ-ներ. Մխիթարյանի՝ խաղադաշտում դիտորդի կարգավիճակն օրեցօր «սպանում» է «Արսենալ»-ի խաղը

27 Նոյեմբերի 2018 18:38
Անգլիական ԶԼՄ-ներ. Մխիթարյանի՝ խաղադաշտում դիտորդի կարգավիճակն օրեցօր «սպանում» է «Արսենալ»-ի խաղը

Լոնդոնի «Արսենալ»-ի հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի անհաջող խաղը շարունակում է մնալ բրիտանական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Մեր ֆուտբոլիստը չի կարողացել խուսափել կոշտ քննադատություններից, թեև փաստենք, որ դրանք մեծամասամբ արդարացի են: Թե՛ լրատվամիջոցներին, թե՛ «զինագործներ»-ի երկրպագուներին դուր չի գալիս այն հանգամանքը, որ 29-ամյա կիսապաշտպանը բավական շատ ժամանակ է անցկացնում խաղադաշտում, սակայն այդպես էլ չի կարողանում արդարացնել իրեն:

Երկրպագուների նյարդերը սկսել են տեղի տալ «Բորնմութ»-ի դեմ կայացած հանդիպումից հետո: Չնայած այն փաստին, որ լոնդոնցիները դժվարին հաղթանակ տարան մրցակցի նկատմամբ, Մխիթարյանն այդպես էլ մնաց ստվերում՝ չկարողանալով ոչնչով աչքի ընկնել: Եթե մինչև մրցաշրջանի ավարտն այսպես շարունակվի, ապա հաջորդում, դժվար թե, Մխիթարյանին տեսնենք «Արսենալ»-ում: Համենայն դեպս, թիմի երկրպագուներն այդպես են կարծում: Ահա, թե սոցիալական ցանցերում ինչ են գրում մեր ընտրանու ավագի խաղի մասին.

«Կարո՞ղ եք 1 հանդիպում նշել, որում Մխիթարյանը լավ է խաղացել: Ես, կարծես թե, չեմ հիշում»
«Հետաքրքիր է, թե «Մանչեսթեր Յունայթեդ»-ի և «Արսենալ»-ի երկրպագուներն ինչ են կարծում Մխիթարյան - Սանչես փոխանակության վերաբերյալ: Տեսնես՝ ո՞ւմ բախտը չի բերել»

Pain in the Arsenal անգլիական պարբերականն էլ ծավալուն հոդված է հրապարակել, որի գլխավոր հերոսը կրկին մեր ֆուտբոլիստն է: Ըստ լրատվամիջոցի՝ Մխիթարյանը փայլուն հնարավորություն էր ստացել երկրպագուների սիրտը կրկին նվաճելու համար, սակայն դրա փոխարեն հերթական անփառունակ հանդիպումն անցկացրեց:

«Մխիթարյանի խաղն օրեցօր ավելի ու ավելի է վատանում: «Բորնմութ»-ի դեմ հանդիպումը միանշանակ վատագույնն էր ընթացիկ մրցաշրջանում: Տպավորություն է, թե նա դիտորդի կարգավիճակ ունի խաղադաշտում, ինչն էլ օրեցօր «սպանում» է թիմի խաղը: Մխիթարյանը հազվադեպ է մասնակցում թիմի գրոհներին, բացի այդ էլ կոպիտ սխալներ է թույլ տալիս պաշտպանությունում: Վերջերս նա անընդհատ անհետանում է խաղադաշտում: Տպավորություն է, թե չգիտի՝ որտեղ է հայտնվել և ինչ պետք է անի: Հանուն արդարության՝ պետք է նշել, որ մրցաշրջանի կեսը դեռ առջևում է: Միգուցե ստացվի այնպես, որ մրցաշրջանի վերջում կրկին հիանանք Մխիթարյանի խաղով: Մնում է սպասել և հուսալ»,- եզրահանգում է պարբերականի վերլուծաբանը:

Անի Շահբազյան


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: