Չեմպիոնների լիգա. 5-րդ տուր. Preview. հանգուցալուծումը մոտ է

27 Նոյեմբերի 2018 10:51
Չեմպիոնների լիգա. 5-րդ տուր. Preview. հանգուցալուծումը մոտ է

Նույնիսկ չզգացինք, թե ինչպես, բայց արդեն հասել ենք Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրին: Դա նշանակում է, որ խմբերում, անկախ իրավիճակների տարբերությունից, կա որոշակի հստակություն, սակայն ամեն ինչ չէ, որ ավարտված է: Արդեն այսօր երեկոյան շատ հարցեր կարող են ստանալ իրենց պատասխանները, քանի որ 4 խմբերի թիմերը դուրս են գալու մրցապայքարի:

E խումբ
ԱԵԿ - «Այաքս» և «Բավարիա» - «Բենֆիկա»: Սպասվում է, որ այս տուրից հետո 2 թիմեր՝ «Այաքս»-ն ու «Բավարիա»-ն կլուծեն 1/8 եզրափակիչ դուրս գալու խնդիրը, քանի որ մյունխենցիների՝ նվազագույնը չպարտվելու դեպքում հոլանդական ու գերմանական ակումբներն անհասանելի կդառնան մրցակիցների համար: Սակայն անգամ այս դեպքում ինտրիգը վերջնականապես չի մարի այս խմբում, քանի որ հաջորդ տուրում արդեն առաջին հորիզոնականի համար պայքարում միմյանց հետ ուժերը կչափեն արդեն հենց «Այաքս»-ն ու «Բավարիա»-ն: Ի դեպ, գերմանական գրանդ ակումբը կրկին ՉԼ է «ժամանում» վատ տրամադրությամբ՝ հերթական անգամ անհաջող հանդիպում անցկացնելուց հետո:

F խումբ
Այս խմբում ևս շատ բան կարող է վճռվել 5-րդ տուրում: «Մանչեսթեր Սիթի»-ն Լիոնում կփորձի ռևանշի հասնել համանուն ակումբի նկատմամբ, որը, անակնկալ կերպով, առաջին տուրում հաղթեց Գվարդիոլայի թիմին: Հաղթանակի դեպքում «Սիթի»-ն կապահովի առաջին հորիզոնականը, սական անգլիական ակումբին հեշտ հանդիպում չի սպասվում: «Լիոն»-ը, ճիշտ է, այդ հաղթանակից հետո այլևս 3 միավոր չի վաստակել այս խմբային փուլում, սակայն չունի նաև պարտություն: Ֆրանսիացիները լուրջ դիմադրություն կարող են ցույց տալ իրենց հարկի տակ: Հետաքրքիր է նաև «Հոֆենհայմ»-ի ու «Շախտյոր»-ի դիմակայությունը: Երկու թիմերն էլ դեռ տեսականորեն պահպանում են հաջորդ փուլ դուրս գալու շանսերը, հատկապես՝ «Հոֆենհայմ»-ը: Հանդիպումը կկայանա Գերմանիայում:

G խումբ
Այս խմբի կենտրոնական հանդիպումը կկայանա Հռոմում, որտեղ կվճռվի առաջին հորիզոնականի հարցը: Խմբում երկիշխանություն է՝ «Ռեալ»-ն ու «Ռոմա»-ն ունեն 9-ական միավոր: Ոչ-ոքիի դեպքում առավելություն կունենա մադրիդյան ակումբը, քանի որ հաղթել է «Ռոմա»-ին առաջին տուրում, սակայն այդ ոչ-ոքին ապահովելն էլ այսօր խնդիր է մի թիմի համար, որը 2 օր առաջ 0:3 հաշվով պարտվեց «Էյբար»-ին: Եվրոպա լիգայի ուղեգրի համար էլ պայքարելու են ԲԿՄԱ-ն ու չեխական «Վիկտորիա»-ն: Ռուսները «Ռեալ»-ի նկատմամբ սենսացիոն հաղթանակից հետո 2 անգամ պարտվեցին «Ռոմա»-ին: «Վիկտորիա»-ին հաղթելու դեպքում Վիկտոր Գոնչարենկոյի սաներն իրենց խնդիրը կարող են լուծված համարել:

H խումբ
Նախորդ տուրում «Յուվենթուս»-ի նկատմամբ անսպասելի հաղթանակ տանելուց հետո «Մանչեսթեր Յունայթեդ»-ն իր համար բավական բարենպաստ դրություն ստեղծեց: «Մանկունիանցիներ»-ը ոչ միայն շատ մոտ են 2-րդ հորիզոնականն ապահովելուն, այլ նաև դեռ խմբում հաղթելու շանսեր են պահպանում՝ չնայած նրան, որ քչերն են հավատում «Յուվենթուս»-ի ձախողմանը մնացած երկու տուրի ընթացքում: Ալեգրիի թիմը սեփական հարկի տակ ընդունելու է «Վալենսիա»-ին, իսկ Մոուրինյոյի սաներին հարմար հանդիպում է սպասվում «Յանգ Բոյզ»-ի դեմ, որին պետք է հաղթել ու սպասել «Յուվե»-ի սայթաքմանը:

Իշխան Մելքոնյան


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: