Մոուրինյոն միշտ վերադառնում է

08 Նոյեմբերի 2018 19:59
Մոուրինյոն միշտ վերադառնում է

Ժոզե Մոուրինյոն վերակենդանում է: Նա երբեք չի հանձնվում: Պորտուգալացին, լինելով բոլորի ուշադրության կենտրոնում, ևս մեկ անգամ վերապրում է Մանչեսթերում: Դեռ մեկ ամիս առաջ ամեն ինչ ավարտված էր թվում Ժոզեի համար «Յունայթեդ»-ում, սակայն «իրավիճակ է փոխվել»: «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հաղթեց «Յուվենթուս»-ին Եվրոպայի ամենաբարդ մարզադաշտերից մեկում: Եվ, որ ամենակարևորն է, հսկայական քայլ կատարեց դեպի հաջորդ փուլ:

Իրադրությունը բոլորովին ուրիշ էր ոչ վաղ անցյալում. խնդիրներ Պոգբայի հետ, վատ հարաբերություններ թիմի խաղացողների հետ, ովքեր հրապարակավ քննադատում էին պորտուգալացուն, խղճուկ արդյունքներ Պրեմիեր լիգայում... Այս ամենը Մոուրինյոյին կանգնեցրել էին հեռացման եզրին: Բայց իրավիճակը շրջվեց 3 կարևոր հաղթանակից հետո՝ «Էվերթոն»-ի, «Բորնմուտ»-ի ու «Յուվենթուս»-ի նկատմամբ:

Պոգբայի հետ կռիվը

Մրցաշրջանի սկզբից սկսած՝ հանդերձարանում ու դրա սահմաններից դուրս տարաձայնությունները շարունակվում էին Մոուրինյոյի ու Պոգբայի միջև: Բանը հասավ նրան, որ մարզիչը զրկեց ֆրանսիացուն ավագի թևկապից: Կիսապաշտպանը բացահայտ քննադատությամբ հանդես եկավ Մոուրինյոյի տակտիկական մարտավարության վերաբերյալ «Վուլվերհեմփթոն»-ի հետ ոչ-ոքիից հետո:

««Օլդ Թրաֆորդ»-ում մենք միշտ պետք է հարձակվենք, հարձակվենք ու էլի հարձակվենք: 1-0-ից հետո հետ քաշվեցինք ու գնդակը տվեցինք մրցակցին: Կարծում եմ՝ մենք շատ ավելի լավ տարբերակներ ունեինք մեր որակները ցույց տալու համար»,- ասաց Պոգբան:

Մոուրինյոյի արձագանքն իրեն երկար սպասեցնել չտվեց: Պորտուգալացին անմիջապես արգելեց Պոգբային կրել ավագի թևկապը:

«Պոգբան այն մարդը չէ, ով պետք է ներկայացնի «Յունայթեդ»-ը: Ակումբը միշտ ավելի բարձր է, քան յուրաքանչյուր խաղացող». սա արդեն Մոուրինյոյի պատասխանն էր:

«Հատուկ Ձեզ համար, սրիկանե՜ր»

Լարվածությունը հասել էր կիզակետին: Անգլիական լրատվամիջոցները «Նյուքասլ»-ի դեմ խաղից առաջ գրում էին, որ չհաղթելու դեպքում Մոուրինյոն անմիջապես պաշտոնանկ կարվի: Բայց բեկումնային պահը հենց այդ օրն էր՝ հոկտեմբերի 6-ին: 2-0 հաշվով ընդմիջման գնալուց հետո ՄՅՈՒ-ն կարողացավ վերջին 20 րոպեի ընթացքում «ռեմոնտադա» իրականացնել ու հաղթանակ տանել 3-2 հաշվով: Ոգևորված ու կատաղած Մոուրինյոն էլ պոռթկաց խաղավարտից հետո. «Հատուկ ձեզ համար, սրիկանե՜ր»,- բղավեց Ժոզեն՝ նայելով տեսախցիկին:

Կոնֆլիկտները մամուլի հետ

Մոուրինյոյի ու անգլիական մամուլի միջև հազարավոր պատերազմներ են եղել: Վերջին ճգնաժամային ժամանակներում Մոուրինյոյի մտքով անցավ մամուլի ասուլիս հրավիրել առավոտյան ժամը 8-ին... ու շփվել լրագողների հետ ընդամենը 3 րոպե: Իսկ այդ օրվա հանդիպման ավարտից հետո Ժոզեն շարունակեց իր մտքի գոհարներով պատասխան հարվածներ հասցնել լրագրողներին:

«Իմ կնքած պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2020 թվականի հուլիս: Ես ատրճանակով չեմ ստիպել նրանց ստորագրել այն, նրանք ինձ առաջարկել են պայմանագիր, որովհետև այդպես են ուզել: Ես այսօր երեկոյան գնալու եմ Լոնդոն: Եթե վաղը անձրևի Լոնդոնում, ապա դրա մեղավորը ես եմ: Եթե խնդիրներ են առաջանում Brexit-ի հետ, ապա դրանում նույնպես ես եմ մեղավոր: Իմ կյանքը դաժան է»:

Պրովոկացիան Թուրինում

Կարելի է գիրք գրել Մոուրինյոյի լավ ու վատ կողմերի մասին... որովհետև հիասքանչ հանդիպումից հետո նա սովորություն ունի տգեղ պահվածքով աչքի ընկնելու: Երեկ, «Յուվենթուս Սթեդիում»-ում խաղից հետո Ժոզեն մտավ խաղադաշտ, ձեռքը դրեց ականջին ու պրովոկացիոն կերպով նայեց դեպի տրիբունայում հավաքված իտալացիներին, ովքեր, իր իսկ պնդմամբ, ամբողջ խաղի ընթացքում փորձել էին հունից հանել նրան: Դիբալան, Բոնուչին ու Կյելինին առաջինն էին, որ փորձեցին «վնասազերծել» պորտուգալացուն:

«Ինձ 90 րոպե վիրավորում էին: Բայց ես ընդամենը անում եմ իմ աշխատանքը, ոչ ավելին: Ի վերջո, ես ոչ ոքի չեմ վիրավորել, արեցի այդ ժեստը, քանի որ նրանց ցանկանում էի լսել մի փոքր ավելի: Սառը գլխով դա չէի անի: Եկել եմ այստեղ՝ որպես պրոֆեսիոնալ, ով անում է իր աշխտանքը, իսկ հանրությունը վիրավորում է իմ ընտանիքին: Դրա համար արեց, թեև այլևս չեմ ուզում մտածել սրա մասին»,- ասել էր Մոուրինյոն խաղից հետո տված ճեպազրույցում:

Այսպիսին է Ժոզե Մոուրինյոն՝ խարիզմատիկ, խելագար, բայց հաղթող: Ու ինչպիսին էլ նա լինի՝ միշտ վերադառնում է: Իր «Յունայթեդ»-ն արդեն ուրիշ տեսք ունի: Կիրակի նրան սպասում է «մանչեսթերյան դերբի»-ն՝ Գվարդիոլայի թիմը: Ներկայացումն ապահոված է: Կարող եք պատրաստել ձեր պոպ-կոռները:

Իշխան Մելքոնյան


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: