Չեմպիոնների լիգա. Preview. Երկիշխանական խմբերն ու Կրիշտիանուի երկրորդ մոտեցումը

07 Նոյեմբերի 2018 18:20
Չեմպիոնների լիգա. Preview. Երկիշխանական խմբերն ու Կրիշտիանուի երկրորդ մոտեցումը

Այսօր մեզ սպասում է ՉԼ-ի խմբային փուլի 4-րդ տուրի երկրորդ աստղազարդ երեկոն: Եվրոպական տարբեր քաղաքներում ու մայրաքաղաքներում թիմերը կփորձեն ևս մեկ քայլ անել 1/8 եզրափակիչ հասնելու համար: Աչքի անցկացնենք մնացած 4 խմբերն ու դրանց դասավորվածությունը:

E խումբ

Այս խմբում երկիշխանություն է տիրում: Այո՛, առաջին հայացքից թվացող ոչ այդքան բարդ խմբում «Բավարիա»-ի համար շատերն արդեն երաշխավորված էին համարում առաջին հորիզոնականը, սակայն մյունխենյան ակումբն այս պահին գտնվում է այնպիսի ճգնաժամում, որ նույնիսկ Գերմանիայում է զիջել իր անսասան դիրքերը: Ներքին լուրջ տարաձայնությունների, ուշացած կամ ընդհանրապես չստացված սերնդափոխության ու նոր մարզչի անհաջող ներգրավման պատճառով ուղին հարթ չէ նաև Եվրոպայում: Երիտասարդ ու ամբիցիոզ «Այաքս»-ն էլ, իր հերթին, լուրջ մարտահրավեր է նետում գերմանական գիգանտին ու պայքարում է առաջին հորիզոնականի համար: Սակայն հոլանդացիներին այսօր հեշտ զբոսանք չի սպասում, քանի որ մրցակիցը «Բենֆիկա»-ն է, խաղն էլ կայանալու է Լիսաբոնում: Իսկ «Բավարիա»-ի մրցակիցն ավելի համեստ ԱԵԿ-ն է, որի նկատմամբ հաղթանակը սեփական հարկի տակ կարող է լավ հակասթրես լինել Կովաչի թիմի համար, որն այս պահին այդքան անհրաժեշտ է նրանց:

F խումբ

Այս խմբի առաջին և երկրորդ հորիզոնականների թիմերը՝ «Մանչեսթեր Սիթի»-ն ու «Լիոն»-ը, կարող են հենց այսօր հաջորդ փուլի լուրջ հայտ ներկայացնել՝ իրենց իսկ հարկի տակ ընդունելով համապատասխանաբար «Շախտյոր»-ին ու «Հոֆենհայմ»-ին: Գվարդիոլայի թիմը կրկին թափ է հավաքել ու ջախջախում է իրեն հանդիպող բոլոր մրցակիցներին: «Շախտյոր»-ի դեմ Ուկրաինայում կայացած հանդիպումն էլ բացառություն չէր: Իսկ «Լիոն»-ը «Մանչեսթեր Սիթի»-ի նկատմամբ անսպասելի արտագնա հաղթանակ տանելուց հետո գոլառատ ու դրամատիկ պայքարում երկու ոչ-ոքի է խաղացել «Շախտյոր»-ի ու «Հոֆենհայմ»-ի հետ, և այսօր հաղթանակի դեպքում իր համար կստեղծի հաջորդ փուլ դուրս գալու բարենպաստ վիճակ:

G խումբ

Մեկ այլ երկիշխանական խումբ: «Ռեալ»-ի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սանտիագո Սոլարին իր նորամուտը նշեց Իսպանիայի գավաթում ու Լա լիգայում: Երկու դեպքում էլ՝ հաղթանակով: Այսօր հերթն արդեն Չեմպիոնների լիգայինն է, և արգենտինացի մարզիչն ամեն ինչ անելու է, որպեսզի այստեղ ևս իր նորամուտը հաղթական լինի, քանի որ, ինչպես գրում են Իսպանիայում, Սոլարին մտադիր է ձեռքից բաց չթողնել պաշտոնը: Մրցակիցը չեխական «Վիկտորիա»-ն է, որին կարելի է հաղթել անգամ այնպիսի խնդիրներով, որոնք առկա են հիմա Մադրիդում: «Ռոմա»-ն էլ առաջին տուրում կրած խոշոր հաշվով պարտությունից հետո բավական լավ տպավորություն է թողնում ու չոր հաշիվներով երկու հաղթանակ ունի իր ակտիվում: Հռոմում մտածում են անգամ առաջին հորիզոնականով խմբում դուրս գալու մասին՝ հաշվի առնելով «Ռեալ»-ի հավանական սայթաքումները: Իսկ ինչու՞ ոչ: Այդ ճանապարհին նրանց առաջին փոքրիկ եզրափակիչն այսօր սկսվում է Մոսկվայից՝ ԲԿՄԱ-ի դեմ խաղով:

H խումբ

Այստեղ էլ հակառակն է: Կանխատեսվում էր հավասար պայքար, սակայն «Յուվենտուս»-ն այնպես է պոկվել մրցակցիներից, որ այսօր «Մանչեսթեր Յունայթեդ»-ին հաղթելու դեպքում ոչ միայն կապահովի տեղը հաջորդ փուլում, այլ նաև միանգամից կամրագրի առաջին հորիզոնականը: Կրիշտիանուն չկարողացավ իր հարազատ «Օլդ Թրաֆորդ»-ում աչքի ընկնել: Ինտրիգը մնում է: Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն ռմբարկուն, որ դեռևս այս մրցաշրջանում իր սիրելի մրցաշարում գոլ չի հեղինակել, կփորձի գրավել մանկունիանցիների դարպասն արդեն Թուրինում: Սակայն պայքարը երկրորդ հորիզոնականի համար համառ է ստացվել: «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ու «Վալենսիա»-ն համառորեն միավորներ են կորցնում: Խմբի երկրորդ ուղեգրի հարցը, հավանաբար, հանգուցալուծում կստանա վերջին տուրում՝ այս թիմերի միջև հանդիպմանը:

Իշխան Մելքոնյան


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: