Կգլխավորի՞ արդյոք Վարդան Մինասյանը «Արարատ-Արմենիա»-ն

26 Սեպտեմբերի 2018 10:29
Կգլխավորի՞ արդյոք Վարդան Մինասյանը «Արարատ-Արմենիա»-ն

Հայաստանի ընթացիկ առաջնությունում կրքերն այնքան են թեժ, որ որոշ ակումբներ, ոչ այնքան սպասված արդյունքների նկատմամբ անհանդուրժողականություն ցուցաբերելով, շտապում են օր առաջ կարգավորել իրավիճակը՝ փոփոխություններ կատարելով մարզչական շտաբերում: Երեկ «հերթը հասավ» «Արարատ-Արմենիա»-ին, որը նույնիսկ պաշտոնական հաղորդագրության մեջ խուսափեց դիվանագիտական սեթևեթանքներից և ուղիղ տեքստով «անբավարար արդյունքներ»-ը նշեց՝ որպես Սկրիպչենկոյի հեռացման պատճառ: Համաձայնեք, ՌՊԼ-ից մեր առաջնություն տեղափոխված մարզչի ինքնասիրության համար սա ծանր հարված կլինի:

Սակայն ուշագրավը ոչ այնքան Սկրիպչենկոյի հեռացումն է, որքան այն, թե ով է ակումբի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարը: Առաջին հայացքից բնական է, որ ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվում երկրորդ թիմի մարզիչը՝ տվյալ դեպքում Արտակ Օսեյանը: Բայց այստեղ այլ նրբություն կա: Ֆուտբոլային շրջանակների մեր աղբյուրները պնդում են, որ այս քայլն ավելի «հեռանկարային է» և միտված է գլխավոր մարզչի դերում Վարդան Մինասյանին տեսնելուն:

Նույն այդ շրջանակներին վաղուց է հայտնի Վարդան Մինասյանի սերտ կապն իր շտաբի հետ: Բացի այդ, «Արարատ-Արմենիա» անունով նախագծի ղեկավարների ու մարզչի ամբիցիաները շատ համահունչ են և բանակցությունների հաջող ընթացքի դեպքում կարող են ռեզոնանսային էֆեկտով սպասված արդյունքը գրանցել թիմի համար: Համենայն դեպս, ըստ նույն պաշտոնական հաղորդագրության, ակումբի վերջնական որոշումը երկար չի սպասեցնի:

Հիշեցնենք նաև, որ մրցաշրջանի մեկնարկից սկսած՝ «Արարատ-Արմենիա»-ն երրորդ ակումբն է, որը հայտարարեց գլխավոր մարզչի պաշտոնանկության մասին: Մինչ այդ Իլշատ Ֆայզուլինը փոխարինեց «Բանանց»-ից հեռացած Արամ Ոսկանյանին, ով, իր հերթին, շատ արագ «Ալաշկերտ»-ի ղեկը ստանձնեց Վարուժան Սուքիասյանի փոխարեն:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: