Եզրափակիչներից՝ եզրափակիչը. մեր ընտրանու հավանական կազմը Մակեդոնիայի դեմ արտագնա խաղում

09 Սեպտեմբերի 2018 14:05
Եզրափակիչներից՝ եզրափակիչը. մեր ընտրանու հավանական կազմը Մակեդոնիայի դեմ արտագնա խաղում

Այսօր Երևանի ժամանակով 20:00-ին Ազգերի լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի շրջանակում Հայաստանի հավաքականն արտագնա խաղում ուժերը կչափի Մակեդոնիայի ընտրանու հետ: Անհնար է գերագնահատել այս խաղի կարևորությունը մեր ընտրանու համար: Եթե, ըստ Մինասյանի, մեր բոլոր խաղերը փոքր եզրափակիչներ են, ապա մակեդոնացիների դեմ սպասվողները, հաստատ, գերեզրափակիչներն են:

Մեր հավաքականի խաղում միշտ էլ որոշիչ է լինում ոչ միայն ընտրած մարտավարությունը, այլ նաև կոնկրետ կատարողները, քանզի բազմիցս ականատես ենք եղել դեպքերի, երբ նույն մարտավարությամբ տարբեր խաղերում տարբեր ֆուտբոլիստներ բացարձակ տարբեր արդյունք են ապահովել: Ուստի եկեք հասկանանք, թե որ խաղային սխեման ու որ ֆուտբոլիստներն են, որ առավելագույն արդյունք կարող են ապահովել սպասվող կարևորագույն խաղում:

Մեր ընտրանու գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հայտնի է իր զագուշավոր մարտավարությամբ: Մեր կարծիքով, առաջիկա խաղում ևս նա ռիսկի չի գնա և կխաղա իր սիրելի 4-2-3-1 սխեմայով, սակայն նախորդ խաղի համեմատ այս անգամ չենք ունենա «կեղծ 9 համար»:

Դարպասում, հավանաբար, կրկին կտեսնենք Արամ Հայրապետյանին, քանի որ վերջինն ավելի հաջող ու կենտրոնացած խաղ է ցուցադրում, քան Բեգլարյանն ու Այվազովը:

Լիխտենշտեյնի դեմ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Մինասյանն ակնարկեց, որ պաշտպանությունում փոփոխություններ չեն լինելու, բացառությամբ՝ Արմեն Մանուչարյանի, ով, ցավոք, հենց առաջին խաղում վնասվածք ստացավ: Չնայած հավաքականին հասցրեց միանալ «Բանանց»-ի եզրային պաշտպան Նարեկ Պետրոսյանը, մեր միակ ակնհայտ թույլ օղակը հենց ձախ պաշտպանի դիրքն է: Ընտրություն կատարելու համար բավարար տարբերակներ չկան, և եթե հաշվի առնենք Պետրոսյանի՝ նման պատասխանատու խաղերի փորձի բացակայությունը, ուստի կարելի է հույս դնել միայն Արտակ Եդիգարյանի վրա:

Կարծում ենք, հենակետային դիրքում այս անգամ Կառլեն Մկրտչյանի կողքին խաղադաշտ դուրս կգա Ռումյան Հովսեփյանը, ով Մկրտչյանի հետ կողք-կողքի հանդես է գալիս «Փյունիկ»-ում: Նրանք շատ լավ ճանաչում են միմյանց թույլ և ուժեղ կողմերն ու կարող են հիանալի գործակցել:

Կիսապաշտպանության գծում տարբերակները շատ են, սակայն ֆուտբոլիստների մարզավիճակները հաշվի առնելով՝ մեր թիմի գրոհների կազմակերպման դժվարին գործը կարելի է վստահել Մխիթարյան-Պիզելի-Օզբիլիս եռյակին: Փլեյմեյքերի դիրքում հանդես կգա Մարկոս Պիզելին, ով ֆանտաստիկ մարզավիճակում է գտնվում: Հենրիխ Մխիթարյանը տեղ կգտնի հարձակման ձախ եզրում, իսկ Արաս Օզբիլիսը՝ աջում: Չմոռանանք նաև Իվան Յագանի ու Գևորգ Ղազարյանի մասին: Երկուսն էլ արագավազ ֆուտբոլիստներ են, ովքեր կարող են երկրորդ կեսում զգալիորեն թարմանցնել թիմի խաղը, իհարկե, եթե կարիքը զգացվի:

Հարձակման կրակագծում հանդես գալու համար երեք տարբերակ ունենք. Սարգիս Ադամյան, Տիգրան Բարսեղյան և Արթուր Սարկիսով: Հաշվի առնելով մրցակցի կարգը, կարող ենք հետևություն անել, որ այս խաղում մենք չենք ունենալու այնքան գոլային պահեր, որքան Լիխտենշեյնի դեմ խաղում էր: Այսինքն հարկավոր է այնպիսի առաջ քաշված հարձակվող, ով կկարողանա առավելապես օգտագործել իր պահերը, իսկ այդ աշխատանքը նպատակահարմար կլինի վստահել Տիգրան Բարսեղյանին:

Ամեն դեպքում, անկախ ընտրված կազմից ու խաղային սխեմայից, ամենակարևորն ու որոշիչը լինելու են ֆուտբոլիստների անմնացորդ նվիրումն ու պայքարը խաղադաշտի յուրաքանչյուր կտորի համար: Առա՜ջ, Հայե՛ր:

Լուսանկարները՝ ՀՖՖ ֆեյսբուքյան էջի

Արամ Ավագյան
Ս.Բ.


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: