Հայաստան - Լիտվա. 2018-ի առաջին հաղթանակի սպասումներով

26 Մարտի 2018 20:10
Հայաստան - Լիտվա. 2018-ի առաջին հաղթանակի սպասումներով

Վաղը՝ մարտի 27-ին, Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընկերական հանդիպում կանցկացնի Լիտվայի ընտրանու դեմ:

Խաղից մեկ օր առաջ հիշում ենք թիմերի միջև կայացած նախորդ դիմակայությունները, անդրադառնում վիճակագրությանն ու սպասում Պետրոսյանի գլխավորած ընտրանու՝ 2018 թվականի առաջին հաղթանակին:

Դիմակայության պատմությունը 

Հայաստանի և Լիտվայի հավաքականների ճանապարհները նախկինում հատվել են 3 անգամ: Պաշտոնական հանդիպում այս ընտրանիները միմյանց դեմ դեռ չեն անցկացրել:

Առավելությունը մեր հավաքականի կողմն է՝ 2 հաղթանակ և 1 պարտություն:

Լիտվա - Հայաստան՝ 1:2 (հունիսի 4, 2000 թվական)
0:1՝ Անդրեյ Մովսիսյան (4'), 1:1՝ Էդգարաս Յանկաուսկաս (23'), 1:2` Արթուր Պետրոսյան (29')

Լիտվայի և Հայաստանի հավաքականներն առաջին անգամ կանաչ խոտածածկի վրա հանդիպել են 2000 թվականին՝ Լիտվայում: Այդ խաղում մեր ընտրանին 2:1 հաշվով հաղթանակ տարավ: Խաղասկզբում Վարուժան Սուքիասյանի թիմը հավաքականի նորեկ Անդրեյ Մովսեսյանի գոլի օգնությամբ հաշվի մեջ առաջ անցավ: Լիտվացիները պատասխանեցին մոտ 20 րոպե անց, իսկ հաղթական գոլն Արմեն Շահգելդյանի հետ գեղեցիկ կոմբինացիա խաղարկելուց հետո խփեց հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչը՝ Արթուր Պետրոսյանը: 

Լիտվա - Հայաստան՝ 3:0 (օգոստոսի 10, 2011 թվական)
1:0՝ Կլիմավիչյուս (8'), 2:0` Չեսնաուսկիս (75'), 3:0` Բենիուսիս (78')

Երկրորդ անգամ լիտվացիներն ու հայերը մարզադաշտում «բախվել են» կրկին Լիտվայում: Վարդան Մինասյանի գլխավորած թիմը պատրաստվում էր Եվրո-2012-ի ընտրական փուլի հերթական հանդիպումներին: Չնայած Վարազդատ Հարոյանի կարմիր քարտին և կրած խոշոր հաշվով պարտությանը, տղաները շատ արագ մոռացնել տվեցին այս հանդիպումը, քանի որ հենց դրանից հետո Մինասյանի թիմը սթափվեց և 3 անընդմեջ հաղթանակ տարավ Եվրո-2012-ի ընտրական փուլում՝ լուծելով Անդորրայի (3:0), Սլովակիայի (4:0) և Մակեդոնիայի (4:1) ընտրանիների հարցերը: Ավելացնենք, որ այս խաղում հավաքականում իր նորամուտը նշեց Արթուր Սարկիսովը:

Հայաստան - Լիտվա՝ 4:2 (նոյեմբերի 14, 2012 թվական)
1:0՝ Էդգար Մանուչարյան (6'), 2:0` Կառլեն Մկրտչյան (48'), 3:0` Հենրիխ Մխիթարյան (55'), 3:1՝ Արթուրաս Ռիմևիչուս (66'), 4:1` Արաս Օզբիլիս (71'), 4:2` Արթուրաս Ռիմևիչուս (83')

Այս հանդիպումը, թերևս, ամենահիշարժանն է Լիտվայի հետ դիմակայություններում: Իր հրաժեշտի հանդիպումն անցկացրեց ընտրանու ավագ Սարգիս Հովսեփյանը, ով այդ օրը 131-րդ և վերջին անգամ կրեց հավաքականի մարզաշապիկը: «Հանրապետական»-ում հավաքված երկրպագուները հրաժեշտ տվեցին իրենց ավագին, իսկ Վարդան Մինասյանի թիմը վստահ հաղթանակ նվիրեց Սաքոյին ու 2012 թվականն ավարտեց հաղթական տրամադրությամբ: Մեր ընտրանու կազմում գոլ հեղինակեցին Էդգար Մանուչարյանը, Կառլեն Մկրտչյանը, Հենրիխ Մխիթարյանն ու Արաս Օզբիլիսը, իսկ լիտվացիների կազմում դուբլ ձևակերպեց Արթուրաս Ռիմևիչուսը: Սա նաև Հայաստանի հավաքականի պատմության հոբելյանական՝ 150-րդ խաղն էր:

Վիճակագրություն

Դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

Հայաստանի հավաքական - 91-րդ տեղ (385 միավոր)

Լիտվայի հավաքական - 147-րդ տեղ (182 միավոր)

Վերջին 5 հանդիպումները

Հայաստանի հավաքական

2 հաղթանակ, 2 ոչ-ոքի 1 պարտություն

Խփած և բաց թողած գոլեր՝ 9-10 (-1)

Լիտվայի հավաքական

4 պարտություն, 1 ոչ-ոքի

Խփած և բաց թողած գոլեր՝ 1-13 (-12)

Բուքմեյքերների կարծիքը

Մասնագետները ֆավորիտ են համարում Հայաստանի հավաքականին: Մեր ընտրանու հաղթանակի գործակիցը բուքմեյքերական ընկերություններում տատանվում է 1,55 - 1,70-ի սահմաններում, ոչ-ոքին՝ 3,6-ից 4,0 գործակցի սահմաններում, իսկ պարտությունը՝ 5,5-5,8 գործակցի սահմաններում:

Ի՞նչ սպասել առաջիկա խաղում

Լիտվայի հավաքականը, էստոնացիների հետ համեմատած, անկասկած, կարգով շատ ավելի թույլ մրցակից է: Այս մասին Էստոնիայի դեմ ընկերական խաղից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց նաև մեր ընտրանու գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը՝ ավելացնելով, որ մեզ համար ուժեղ և թույլ մրցակիցներ գոյություն չունեն: Պետք է դուրս գալ խաղադաշտ և ուժն ապացուցել այնտեղ:

Առաջիկա դիմակայությունում, անկասկած, պետք է շատ ավելի վստահ խաղ սպասել, քան մեր հավաքականն անցկացրեց Էստոնիայի ընտրանու դեմ: Մրցակիցը կարգով ցածր է, իսկ մեր ընտրանին խաղալու է սեփական երկրպագուների աջակցությամբ և կփորձի 2-րդ փորձից ուրախացնել հայ երկրպագուներին: Հենց դա էլ «Հանրապետական»-ում հավաքված հայ երկրպագուն սպասելու է տղաներից՝ հաղթանակ և միայն հաղթանակ:

Ինչպես նշեց Արթուր Պետրոսյանը, փոփոխություններ՝ թե՛ մարտավարական, թե՛ կազմի հետ կապված, անպայման լինելու են: Արդեն հիմա պարզ է, որ մեր ընտրանու դարպասը պաշտպանելու է Գոռ Մանուկյանը («Փյունիկ»): Պաշտպանությունում կարելի է սպասել Գաել Անդոնյանին և Հովհաննես Համբարձումյանին, ովքեր առաջին խաղում խաղաժամանակ չստացան: Գևորգ Ղազարյանն, ինչպես նշեց Պետրոսյանը, չի բացառվում, որ այս անգամ ավելի շատ խաղաժամանակ ստանա: Էրիկ Վարդանյանը, Ռոբերտ Դարբինյանն ու Արթուր Քարտաշյանը գուցե ոչ մեկնարկային կազմում, բայց որոշ ժամանակով, ամենայն հավանականությամբ, իրենց հնարավորությունները ցուցադրելու շանս կունենան: Հավաքականի հիմնական կորիզը (Հենրիխ Մխիթարյան, Կամո Հովհաննիսյան, Ռումյան Հովսեփյան, Սարգիս Ադամյան և այլն) անպայման կմասնակցի Պետրոսյանի փորձարկումներին, քանի որ հենց այս տղաներն են Ազգերի Լիգայում փորձելու հաղթանակներ գրանցել:

Լուսանկարը՝ Միքայել Նազարենկոյի

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: