«Աստվածային պոչիկը». Ռոբերտո Բաջոն 51 տարեկան է

18 Փետրվարի 2018 14:40
«Աստվածային պոչիկը». Ռոբերտո Բաջոն 51 տարեկան է

Այսօր իր ծննդյան 51-ամյակն է նշում համաշխարհային ֆուտբոլի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը՝ Ռոբերտո Բաջոն: Այդ կապակցությամբ Sportal.am-ը ներկայացնում է հեղինակային հոդված իտալացի հանճարի մասին:

Աշխարհի 1994 թ. առաջնությունն առաջինն էր մեր շատ սերնդակիցների գիտակից կյանքում: Միայն հայկական և ռուսական ֆուտբոլ դիտելուց հետո դա ինչ-որ անհավանական բան էր: Որակյալ խաղադաշտեր, լեփ-լեցուն տրիբունաներ, ֆուտբոլիստներ, որոնց մասին միայն լսել էինք, կամ տեսել էինք «դոնալդների» վրա, համաշխարհային ֆուտբոլի բոլոր աստղերը՝ մի վայրում:

Դրանք այնպիսի ժամանակներ էին, երբ մենք կարող էինք քնել խաղի կեսից, որովհետև սովոր չէինք այդքան երկար արթուն մնալուն, երբ մենք ընտրում էինք մեր սիրած ֆուտբոլիստներին՝ կապված նրա հագած մարզաշապիկի գույնի կամ մազերի ձևի հետ: Վերջապես այն ժամանակ ոչ թե մենք էինք մեր հայրերին ներկայացնում այս կամ այն ֆուտբոլիստին, այլ նրանք էին մեզ հուշում, թե որ թիմում ինչ ֆուտբոլիստներ են խաղում: Հենց այդ ճանապարհով էլ, հավանաբար, հասկացել էինք, որ Ռոբերտո Բաջոն համաշխարհային մակարդակի աստղ է, որի խաղին անհրաժեշտ է առանձանահատուկ հետևել:

Բաջոն սովորական ֆուտբոլիստ չէր: Գնդակի հետ նրա ամեն մի հպումը, մրցակիցներին շրջանցելու ոճը, հարվածելու ձևը, ամեն ինչն այնքան գրավիչ էր և եզակի, որ ստիպում էր անկախ քեզնից երկրպագել այս ֆուտբոլիստին: Եվ չնայած Աշխարհի առաջնությանը տարբեր թիմերի կազմում մասնակցում էին համաշխարհային ֆուտբոլի այնպիսի աստղեր, ինչպիսիք էին Խրիստո Ստոիչկովը, Ռոմարիոն, Թոմաս Բրոլինը, Յուրգեն Կլինսմանը և այլն, բայց հենց «Աստվածային պոչիկն» (այսպես էին Բաջոյին անվանում Իտալիայում աստվածային խաղի և սանրվածքի համար) էր այն ֆուտբոլիստը, որ ստիպում էր սրտի թրթիռով սպասել իր յուրաքանչյուր խաղին:

Աշխարհի առաջնությունների խմբային մրցաշարերը սովորաբար հեշտ չեն դասավորվում իտալացիների համար: Այս անգամ էլ «Սկուադրա աձուրա»-ն դժվարությամբ հաղթահարեց խմբային փուլի արգելքը, իսկ Բաջոն էլ խաղում էր, որքան կարողանում էր, փորձում էր առաջնորդել Իտալիայի հավաքականին, բայց չէր փայլում: Հետո սկսվեց փլեյ-օֆֆ փուլը ու դրա հետ մեկտեղ համաշխարհային ֆուտբոլի պատմության մեջ ամենավառ ու ամենահուզիչ պատմություններից մեկը: 1/8 եզրափակչի հանդիպումը Նիգերիայի հավաքականի հետ անհաջող էր դասավորվում: Իտալիան պարտվում էր 0-1 հաշվով և խաղում էր 10 հոգով: Հենց այստեղ գործի մեջ մտավ Բաջոն, ով ուղղակի չէր կարող վատ գոլ խփել: Դարպասապահի հետ մղած գնդակին հասնելը կամ 2-3 մետրից գոլ խփելը Բաջոյի համար չէր: Նա պետք է գոլ խփեր՝ անպայման շրջանցելով մրցակցի մեկ կամ մի քանի խաղացողի, հարվածեր նրբագեղ և յուրահատուկ ոճով: Ու, չնայած երկրորդ գոլը Բաջոն խփեց 11 մետրանոցից, բայց այն ծնվել էր իր իսկ հնարամիտ պարաշյուտային փոխանցումից հետո:

 

1/4 և 1/2 եզրափակիչներում Բաջոն կրկին բարձրության վրա էր: Նա իր ուսերի վրա հասցրեց Իտալիայի հավաքականին մինչև եզրափակիչ: Հիմնական և լրացուցիչ ժամանակներն ավարտվեցին ոչ-ոքի, և Աշխարհի առաջնությունների պատմության մեջ առաջին անգամ աշխարհի չեմպիոնը պետք է որոշվեր 11-մետրանոցներով: Մասսարոյի և Բարեզիի վրիպումներից հետո Բրազիլիան առջևում էր հաշվի մեջ, իսկ այն, ինչ տեղի ունեցավ հետո, արդեն հասցրել է դառնալ լեգենդ: Դրա մասին գրվել են հազարավոր էջեր և նկարահանվել ֆիլմեր: Չիրացնելով վճռական հարվածը՝ Բաջոն մեկ ակնթարթում ազգի հերոսից վերածվեց գլխավոր հակահերոսի: Բոլորը մոռանում էին, թե ում շնորհիվ է ընդհանուր առմամբ միջին մակարդակի խաղ ցուցադրող Իտալիայի հավաքականը հասել եզրափակիչ, մոռանում էին, որ մինչ Բաջոն արդեն վրիպել էին ևս 2 առաջատար ֆուտբոլիստներ: Մինչ օրս էլ շատերին հուզում է այն հարցը, թե ինչ կլիներ, եթե Բաջոն չվրիպեր: Դժվար է ասել: Հնարավոր է՝ Իտալիան դառնար աշխարհի չեմպիոն, հնարավոր է նաև, որ բրազիլացիները, միևնույն է, իրացնեին իրենց հարվածը և դառնային չեմպիոն: Մի բան պարզ է. հենց այդ վրիպումը ստիպեց ֆուտբոլասերներին աշխարհի տարբեր ծայրերից հետևել ու ավելի հետաքրքրվել Ռոբերոտ Բաջոյով, կարեկցել նրան, սպասել վրեժխնդրության, դառնալ Իտալիայի հավաքականի երկրպագու: Այդ մարդիկ ստիպված եղան սպասել 12 տարի, մինչ Իտալիան, այս անգամ 11-մետրանոցներով հաղթելով Ֆրանսիայի հավաքականին, դարձավ աշխարհի չեմպիոն: Բաջոն չկար այդ ֆուտբոլիստների մեջ: Յակինտան, Բարոնեն, Ձակարդոն և էլի մի քանի ֆուտբոլիստներ, որոնց մասին ընդամենը մի քանի տարի անց արդեն քչերն են հիշում, դարձան աշխարհի չեմպիոն, իսկ Բաջոն՝ ոչ: Անարդա՞ր է: Իհարկե: Բայց ֆուտբոլը բոլոր մարզաձևերից, թերևս, ամենամոտն է կյանքին: Այստեղ անարդարությունն ավելի շատ է, քան արդարությունը:

Բաջոն չկոտրվեց, Աշխարհի առաջնությունից հետո անցկացրեց փայլուն մրցաշրջան «Յուվենթուս»-ում, տեղափոխվեց «Միլան», որտեղ գործերն այնքան էլ հաջող չդասավորվեցին: Բաջոն չմասնակցեց Եվրո-96-ին, իսկ 1997-1998 մրցաշրջանը Բաջոն սկսեց ոչ այնքան լավ օրեր ապրող «Բոլոնյա»-ում և հենց այստեղ ստիպեց բոլորին կրկին խոսել իր մասին՝ սահմանելով իր արդյունավետության ռեկորդը: Եվ այդպես շարունակ, Բաջոյի համար հաջող ժամանակահատվածները զուգորդվում էին անհաջողների հետ:

Աշխարհի 1998 թ. առաջնություն. վետերան Բաջոն պահեստայինների նստարանին թողեց ավելի երիտասարդ և փայլուն մրցաշրջան անցկացրած Ալեսանդրո Դել Պիերոյին: Խաղաց, խփեց գոլեր, իրացրեց 11-մետրանոցը 1/4 եզրափակչի Ֆրանսիայի դեմ խաղում և լքեց մրցաշարը «վերադարձած» հերոսի կարգավիճակով: Հետո հետևեց ոչ այնքան հաջող մրցաշրջանն արդեն «Ինտեր»-ում: Բաջոն չհրավիրվեց հավաքական Եվրո-2000-ին մասնակցելու համար, ու նորից թվում էր՝ Բաջոյի կարիերան գնում է անկման: Բայց Բաջոն հայտնվեց «Բրեշիա»-ում, և այստեղ սկսվեց հերթական հեքիաթը: Բաջոն գործում էր իսկական մաեստրոյի պես՝ ստիպելով իր՝ կարգով ոչ այնքան բարձր խաղընկերներին շարժվել իր իսկ թելադրած նրբագեղ երաժշտության ռիթմի տակ:

Բաջոն խարիզմայի իսկական մարմնավորում էր և, բնականաբար, ուներ նաև թույլ կողմեր: Խարիզման, ընդհանրապես, երբեք կատարյալ չի լինում: Բաջոն հաճախ էր վնասվածքներ ստանում, երբեմն չէր տեղավորվում դոգմատիկ մարզիչների սխեմաների մեջ, բայց դա իր մեղքը չէր: Պարզապես, պետք էր հասկանալ, որ չի կարելի սխեմատիկ մտածելակերպ թելադրել մի ֆուտբոլիստի, որը երիտասարդ տարիքից սովոր էր գործել բոլոր կաղապարներից դուրս, չի կարելի խաղադաշտում սահմանափակել մի ֆուտբոլիստի ազատություն, որն ինքն իրենով մարմնավորում էր 90-ականների «ֆանտազիստային»՝ ֆուտբոլիստի, որը, հնարավոր է, չուներ ներկայիս ֆուտբոլիստ-ռոբոտների մկաններն ու դիմացկունությունը կամ սպրինտերային արագությունը, բայց մտածում էր խաղադաշտում, խփում իտալական միջնադարի նկարիչների կտավների պես գեղեցիկ գոլեր և կերտում իր հայացքի նման խորհրդավոր ֆուտբոլային պատմությունը՝ «Աստվածային պոչիկի» պատմությունը:

Ա.Տ.


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: