Ամեն ինչ անում ենք հավաքականի խաղերին պատվով ներկայանալու համար. ֆան-շարժման ղեկավար

11 Փետրվարի 2018 15:47
Ամեն ինչ անում ենք հավաքականի խաղերին պատվով ներկայանալու համար. ֆան-շարժման ղեկավար

Հայաստանի Ազգային հավաքականի՝ Red Eagles (Կարմիր Արծիվներ) ֆան-ակումբի հիմնադիր- նախագահ Դենիս Սարգսյանը՝ Ազգերի Լիգայում մեր հնարավորությունների, հայկական ֆուտբոլի ներկա վիճակի և ֆան-շարժման մշակույթի մասին:

- Վերջերս տեղի ունեցավ Ազգերի Լիգայի վիճակահանությունը: Ձեր կարծիքը Հայաստանի հավաքականի հեռանկարների վերաբերյալ:

- Կարծում եմ՝ լավագույն վիճակահանությունն է մեզ բաժին հասել: Եթե նայենք թիմերի մակարդակներին, ապա խմբից միանշանակ պետք է դուրս գալ, իսկ D դիվիզիոնում հաղթելու հավանականությունը գնահատում եմ 90%:

- Այսինքն, Ձեր կարծիքով, բոլոր շանսերն ունենք՝ հայտնվելու Եվրո-2020-ի եզրափակիչ փուլում:

- Շանսերն իրատեսական են: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես իրեն կդրսևորի մեր հավաքականը, թե որքան համախմբված կխաղա: Մնացածը, կարծում եմ, կստացվի:

- Վերջին՝ ձախողած մրցափուլից հետո ի՞նչ ճանապարհներ եք տեսնում հավաքականի խաղը բարելավելու համար:

- Մարզիչն էլ իր խոսքում նշեց, որ թարմ արյուն է հարկավոր, փոփոխություններ: Երևի մոտակա ընկերական խաղերին փորձարկումներ կտեսնենք և քիչ թե շատ պարզ կլինի, թե որ ճանապարհով ենք առաջ շարժվում:

Լիտվայի և Էստոնիայի հավաքականները ներկա պահին ավելի բարձր կարգ ունեն, քան մեր դիվիզիոնի թիմերը, և հենց այն մրցակիցներն են, որոնց հետ խաղերում կարելի է շատ բան տեսնել:

- Ձեր խոսքում նշեցիք «թարմ արյուն ներարկելու» մասին: Դուք, Ձեր հսկա թիմի հետ միասին, անընդհատ տեղեկատվական դաշտում եք, արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստներից ո՞վ կարող է իրապես ուժեղացնել մեր ընտրանին:

- Բարձր մակարդակի ֆուտբոլիստներ, ցավոք, այս պահին չունենք: Միայն Յուրչենկոն է ունակ ուժեղացնել մեր ամենաթույլ օղակը՝ դարպասապահի դիրքը: Այլ ֆուտբոլիստ, ով կգա ու անմիջապես բարձր արդյունք ցույց կտա, ես չեմ տեսնում: Իմ կարծիքով, եթե այդպիսին լիներ, վաղուց պետք է հավաքական հրավիրված լիներ:

- Եթե մի փոքր ընդհանրացնենք, ինչպե՞ս կգնահատեք հայկական ֆուտբոլի ներկա վիճակը:

- Ակումբային ֆուտբոլն ու հավաքականը սերտորեն կապված են: Եթե ակումբային ֆուտբոլը զարգացած լինի, ինքնըստինքյան բավարար ռեսուրս կտրամադրի հավաքականին, որը նույնպես կշահի դրանից՝ ստեղծված մրցակցության առումով:

Ակումբային ֆուտբոլը շատ վատ վիճակում է, չնայած հույսեր կան, որ եկող մրցաշրջանից դրական փոփոխություններ կլինեն. թիմեր են ավելանալու, մրցակցությունը կթեժանա: Տեսնենք՝ ինչպես կստացվի: 2012 թվականից մենք սկսել ենք հետընթաց ապրել: Այն ժամանակ էլ, կարելի է ասել, ակումբային ֆուտբոլ չունեինք, բայց գոնե հավաքականն արդյունքներ էր ցույց տալիս, իր խաղով ուրախացնում երկրպագուներին: Հիմա հավաքականը նույնպես չի ուրախացնում, եկող ֆուտբոլային սերունդ չունենք, այդ առումով նաև՝ ֆուտբոլիստների պակաս կա: Մեկ-երկու ֆուտբոլիստ վնասվածք է ստանում, և անմիջապես լուրջ կադրային խնդիրներ են առաջանում: Հենրիխ Մխիթարյանին օգնողներ են պետք, շուտով Մարկոսը կավարտի ֆուտբոլային կարիերան...

Ակումբային ֆուտբոլի զարգացման համար ֆինանսներ ու ներդրումներ են պետք: Այստեղ ֆեդերացիայից այդքան էլ շատ բան չէ կախված:

- Ելք կա՞:

- Պետք է ներդրողներ գտնել ակումբների զարգացման համար: Մի պահ պատկերացնենք, օրինակ, «Արարատ-Մոսկվա»-ն հայտնվում է Եվրոպա Լիգայի խմբային փուլում: Երեխաները, բնականաբար, կձգտեն ընդգրկվել հենց այս ակումբի մանկապատանեկան թիմերում: Ակադեմիաներ ունենք, բակային ֆուտբոլը զարգացած է, խաղադաշտեր կան, բայց ոչ ոք չի պատրաստվում թակել մարդկանց դռներն ու ասել՝ Ձեր երեխային բերեք ֆուտբոլի:

Մենք նաև մարզիչների խնդիր ունենք: Շատերին թվում է, որ հենց այսպես պետք է մարզել երեխաներին, և ոչ այլ կերպ: Այնինչ ՖԻՖԱ-ում և ՈւԵՖԱ-ում մարդիկ մեթոդական լուրջ ցուցումներ են մշակում: Պարզապես պետք է վերցնել ու շարժվել դրանցով: Քանի տարի է, ինչ գործում է Ավանի ակադեմիան, բայց, ցավոք, արդյունքներ չենք տեսնում:

Մեզ պետք է ոչ թե մի տարով որևէ մեկին արտասահմանից բերել ու ճանապարհել, այլ երկարաժամկետ ծրագրեր պետք է իրականացնել: Դրսից եկած մարդուն պետք է տալ, ասենք, 4 տարի, թողնել, որ աշխատի և պահանջել: Մյուս կողմից, սակայն, այս ամենը մեծ գումարներ է պահանջում, և դեռ հարց է՝ կլինի՞ արդյոք այդ սպասված արդյունքը:

- Եթե վերադառնանք գործունեության Ձեր ոլորտին, չե՞ք կարծում արդյոք, որ հենց ակումբային ֆան-շարժումը կարող է, այսպես ասած, պահանջատեր դառնալ թիմերի ղեկավար կազմի համար, որպեսզի վերջիններն ավելի պատասխանատու մոտենան իրենց աշխատանքին:

- Նախ այդ ամենը կապակցված են: Ակումբը պետք է արդյունք ցույց տա, որպեսզի երկրպագուներ ունենա: Մյուս կողմից, կարծում եմ, որ մեր ակումբային ֆուտբոլում շատերը լուրջ չեն վերաբերվում իրենց ադմինիստրատիվ աշխատանքներին: Այսպիսի մի օրինակ բերեմ: «Ալաշկերտ» ակումբին շատ եմ հարգում և համակրում, բայց նրանք մեկ օրվա մեջ կարող են իրար հակասող երկու տարբեր հաղորդագրություն տարածել. մեկ ասում են՝ մարզիչը հեռացավ, հետո՝ չէ, չի հեռացել՝ երկարաձգել է պայմանագրի ժամկետը: Դա անլրջություն է: Կամ հանդես են գալիս հայտարարությամբ, որ «Տաշիր» ընկերությունը հովանավորելու է թիմին, 3 օր հետո հաղորդագությունն անհետանում է ու այլևս նման խոսակցություն չկա: Սա վկայում է վատ ադմինիստրատիվ աշխատանքի մասին:

- Երկրպագու ունենալու համար հարկ է նաև հոգ տանել նրա մասին: Համաձայնեք, դժվար է մարդուց ակնկալել անընդհատ ստադիոն հաճախել, երբ դու՝ որպես ակումբ, ի վիճակի չես նույնիսկ մաքուր նստատեղ առաջարկել նրան:

- Դա լուրջ հարցերից մեկն է: Այո՛, եթե 100 հոգի գնան խաղին և տեսնեն, որ նստելու մաքուր տեղ չկա, հաջորդ անգամ չեն գա մարզադաշտ: Դրանից բացի, խաղերի մասին ազդարարման աշխատանքները ևս ցածր մակարդակի են: Շատ դեպքերում ոչ ոք տեղյակ չի լինում, որ այսինչ օրը՝ այսինչ ժամին այս խաղն է տեղի ունենալու: Օրինակ, կարծում եմ, Հայաստանի գավաթի եզրափակչին ֆուտբոլասերների շատ ավելի մեծ բազմություն կգա մարզադաշտ, եթե իրազեկումը բարձր մակարդակով իրականացվի: Հավաքականի դեպքում էլ է այդպես լինում, սակայն դա առավելապես պասիվ երկրպագուների պարագայում է:

Մեր թիմերից երևի միայն «Բանանց»-ն է, որ երկրպագուներին ստադիոն բերելու համար որոշակի աշխատանքներ է իրականացնում:

- Ինչպե՞ս եք ընդհանուր առմամբ գնահատում ֆուտբոլային ֆան-շարժումը մեր երկրում՝ այդ թվում ակումբային մակարդակում:

- Ակումբներում այս գործընթացը շատ ցածր մակարդակի է: Մեկ-երկու ակումբ կա, որոնք փորձում են ինչ-որ բան անել: Կարծում եմ, այս ամենին զարկ կտա մարզային ֆուտբոլի զարգացումը: Այնտեղ երկրպագուներն ավելի նվիրված են իրենց թիմերին և գործընթացը շատ ավելի հեշտ կարելի է զարգացնել:

Հավաքականի մասով դեռ շատ աշխատանք ունենք անելու: Առաջնահերթ խնդիրը մեր երկրպագուներին այս մշակույթը ներարկելն է: Հայ ժողովրդի մտածելակերպին դեռ խորթ է երկրպագմանը մասնակից դառնալը. մենք ավելի շատ սովոր ենք մարզադաշտից ուղղակի դիտել ֆուտբոլային հանդիպումը: Այս առումով դեռ շատ անելիք ունենք:

Արդեն 3 ամիս է, ինչ մեր թիմն աշխատում է ամենօրյա ռեժիմով: Ամեն ինչ անում ենք մեր առջև դրված խնդիրները պատշաճ լուծելու և աշնանը մեկնարկող պաշտոնական խաղերին պատվով ներկայանալու համար:

Ս.Բ.

Լուսանկարները՝ Դենիս Սարգսյանի ֆեյսբուքյան էջից


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: