Grand Chess Tour St. Louis. Արոնյանը բացահայտ առավելությամբ գլխավորում է արագ շախմատի մրցաշարային աղյուսակը

12 Օգոստոսի 2019 16:29
Grand Chess Tour St. Louis. Արոնյանը բացահայտ առավելությամբ գլխավորում է արագ շախմատի մրցաշարային աղյուսակը

Սենթ Լուիսում մեկնարկած Grand Chess Tour-ի արագ շախմատի մրցաշարում հանգստյան օրերին կայացան նախատեսված 9 տուրերից 6-ը: Մրցաշարում փայլուն է հանդես գալիս հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը:

Մեր գրոսմայստերը հաղթանակ է տոնել աշխարհի չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլենի, Ադրբեջանի ներկայացուցիչ Շահրիյար Մամեդյարովի, Ֆրանսիայի ուժեղագույն գրոսմայստեր Մաքսիմ Վաշիե-Լագրավի և աշխարհի նախկին փոխչեմպիոն Սերգեյ Կարյակինի նկատմամբ: 36-ամյա շախմատիստը հաշտությամբ է ավարտել Չինաստանի հավաքականի առաջատար Դին Լիժենի և ԱՄՆ ներկայացուցիչ Լենիեր Դոմինգեսի հետ պարտիաները:

Հիշեցնենք, որ հաղթանակի համար տրվում է 2 միավոր, իսկ ոչ-ոքիի համար՝ 1:

Այսպիսով, Արոնյանը վաստակել է 10 միավոր և գլխավորում է աղյուսակը: Երկրորդ հորիզոնականում է ընթանում Մաքսիմ Վաշիե-Լագրավը, իսկ Ֆաբիանո Կարուանան 8 միավորով եզրափակում է լավագույն եռյակը: Աշխարհի չեմպիոն Կարլսենը գտնվում է 7-րդ հորիզոնականում:

Արագ շախմատի մրցաշարի ավարտից հետո մասնակիցները ուժերը չափելու են կայծակնային շախմատում:

Լուսանկարը՝ շախմատի ֆեդերացիայի կայքի


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: