Կարուանան չկարողացավ գահընկեց անել Կարլսենին. նորվեգացին վերահաստատեց իր գերակայությունը

28 Նոյեմբերի 2018 22:28
Կարուանան չկարողացավ գահընկեց անել Կարլսենին. նորվեգացին վերահաստատեց իր գերակայությունը

Լոնդոնում րոպեներ առաջ ավարտվեց շախմատի աշխարհի չեմպիոնի համար մղվող պայքարը: 12 անընդմեջ ոչ-ոքիներից հետո հաղթողին պարզելու համար օգնության եկավ թայ-բրեքը:

ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում առաջին հորիզոնականը զբաղեցնող նորվեգացի Մագնուս Կարլսենը հերթական անգամ ապացուցեց, որ բոլորից մեկ գլուխ բարձր է, հատկապես, արագ շախմատում: ԱՄՆ-ն ներկայացնող Կարուանան, ով այդ նույն վարկանիշային աղյուսակի 2-րդ համարն է, չկարողացավ ոչինչ անել 25 րոպե + 10 վրկ ժամակարգով անցկացվող թայ բրեքում: Իտալացի շախմատիստը խնդիրներ ունեցավ հենց ժամանակի սղության պատճառով և վրիպեց, ինչից էլ սառնասիրտ «մարդասպանի» նման կարողացավ օգտվել Կարլսենը:

Ցանկացած շախմատիստ կհաստատի, որ 4 խաղից բաղկացած թայ-բրեքում առաջին 2 պարտիաները և հատկապես սևերով պարտվելուց հետո շատ քիչ են դրությունը փրկելու շանսերը: 3-րդ պարտիայում Կարուանան ստիպված էր սև խաղաքարերով հաղթանակի վրա խաղադրույք կատարել, սակայն շատերին էր պարզ, որ նրա գնացքը արդեն գնացել էր:
Թայ-բրեքն ավարտվեց 3:0 հաշվով:

Այսպիսով, նորվեգացի գրոսմայստերը, ով 2 օր անց դառնալու է 28 տարեկան, վերահաստատում է իր գերակայությունը համաշխարհային շախմատում: Կարլսենը ապացուցում է, որ 2013 թվականից ինքն է շախմատային «Օլիմպոսի» միակ տիրակալը: 
Պետք է արժանին մատուցել նաև հավակնորդին՝ Կարուանային, ով ոչնչով չզիջեց աշխարհի չեմպիոնին դասական շախմատի պարագայում: Նրանց դիմակայությունը նոր մակարդակի վրա բարձրացավ և ապագայում կշարունակի լարվածության մեջ պահել շախմատասերներին:

Իսկ մեզ մնում է հուսալ, որ աշխարհի թագի համար պայքարում Կարլսենի հաջորդ մրցակիցը կլինի մեր Լևոն Արոնյանը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: