Կատարյալ հավասարություն. Կարլսենն ու Կարուանան աշխարհի չեմպիոնին կորոշեն թայ-բրեքում

27 Նոյեմբերի 2018 00:25
Կատարյալ հավասարություն. Կարլսենն ու Կարուանան աշխարհի չեմպիոնին կորոշեն թայ-բրեքում

Շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղի հիմնական փուլը արդեն պատմություն է:

Նորվեգացի Մագնուս Կարլսենը և իտալացի Ֆաբիանո Կարուանան 12-րդ անգամ ոչ-ոքի խաղացին՝ յուրատեսակ հակառեկորդ գրանցելով շախմատի պատմության մեջ:

Բազմահազար շախմատասերներ ավելի քան երկու շաբաթ հետևեցին շախմատի համաշխարհային մեծության 2 աստղերի պայքարին և ինչ-որ չափով հիասթափված մնացին՝ այդպես էլ հաղթանակ չտեսնելով: Անբացատրելի է այն, որ վերջին խաղում աշխարհի չեմպիոնը, խաղալով սև խաղաքարերով, խաղի ընթացում մի քանի շանս բաց թողնելուց հետո ոչ-ոքի համաձայնվեց մի դիրքում, որտեղ ուներ և՛ դիրքային, և՛ ժամանակի առավելություն: 
Ճակատագրական կլինեն այս բացթողումները Կարլսենի համար, թե ոչ ցույց կտա մրցախաղի մյուս հատվածը:
Եվ այսպես, առջևում թայ-բրեքն է: Գրոսմայստերները կանցկացնեն 2 պարտիա 25րոպե + 10վրկ կիրառվող ժամակարգով, եթե հաղթողը չպարզվի՝ ևս 2 պարտիա կանցկացվի 5+3 ժամակարգով և այդ պարագայում ոչ-ոքի լինելու դեպքում կկիրառվի «արմագեդոն» կամ «մահվան» պարտիա:
Այս պարտիայի էությունը կայանում է նրանում, որ սպիտակներով խաղացողը ստանում է 1 րոպե ավել խաղաժամանակ, սակայն պետք է պարտադիր հաղթի, նույնիսկ ոչ-ոքիի դեպքում հաղթող է ճանաչվում սևերով խաղացող շախմատիստը:

Արդյո՞ք այդքան դաժան կգտնվի շախմատը և երկու փայլուն գրոսմայստերների շախմատային ճակատագիրը կհանձնի «արմագեդոնի» քմահաճույքին, թե ոչ՝ ցույց կտա թայ-բրեքի ընթացքը:

Վաղը հանգստյան օր է. թայ-բրեքը կմեկնարկի նոյեմբերի 28-ին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: