Շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղ. 10-րդ անընդմեջ ոչ-ոքին

23 Նոյեմբերի 2018 00:36
Շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղ. 10-րդ անընդմեջ ոչ-ոքին

Նորվեգացի և իտալացի գրոսմայստերներ Մագնուս Կարլսեն ու Ֆաբիանո Կարուանան Լոնդոնում շարունակում են պայքարել աշխարհի չեմպիոնի կոչման համար: Այս մրցամարտը հիրավի ամենաձանձրալիներից մեկը կարելի է համարել շախմատի պատմության մեջ:

Մեկնարկային 9 խաղափուլում՝ 9 ոչ-ոքի: Այս ամենի գլխավոր պատճառը գրոսմայստերների նախապատրաստական փայլուն աշխատանքն է: Անկասկած, արժանին պետք է մատուցել ազգությամբ իտալացի, բայց ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող Ֆաբիանո Կարուանային, ով Կարլսենի՝ վերջին տարիների ամենաարժանի հակառակորդն է:

Հավակնորդի կարգավիճակում լինելը իտալացուն բնավ չի անհանգստացնում և գերմանացուն հատուկ սառնասրտությամբ՝ կարողանում է հավասարաչափ կենտրոնացնել ուշադրությունը սկզբնախաղից մինչև վերջնախաղ: Նորվեգացու մասին ավելացնելու շատ բան չկա. աշխարհի չեմպիոնը իր բարձրության վրա է, սակայն այս դեպքում ավելին է պետք:
Բացառություն չեղավ նաև 10-րդ պարտիան, որտեղ Կարուանան խաղում էր սպիտակներով, իսկ Կարլսենի տրամադրության տակ էին սև խաղաքարերը: Խաղարկվեց սիցիլիական պաշտպանության Չելյաբինսկի տարբերակը, որը հիմնականում սուր դիրքերի է հանգեցնում. այդպես էլ եղավ: Աշխարհի չեմպիոնը խոստումնալից գրոհ սկսեց հակառակորդի արքայի վրա միջնախաղում, սակայն ամուր պաշտպանության հանդիպեց: 24-րդ քայլում արդեն Կարուանան ռիսկային տարբերակ ընտրելու հնարավորություն ուներ, ինչը, ըստ համակարգչային վերլուծության՝ նրան որոշակի առավելություն կտար: Երկար խորհելուց հետո ԱՄՆ-ը ներկայացնող շախմատիստը ավելի պաշտպանական քայլ ընտրեց, որից հետո դիրքը դարձյալ հավասարվեց:
Վերջնախաղում Կարուանան զինվորի առավելություն ստացավ, սակայն այն լուրջ առավելություն չտվեց իտալացուն, քանի որ ստացված նավակային վերջնախաղը տեսականորեն ոչ-ոքի է գնահատվում: 
Մասնակիցները ոչ-ոքի ձևակերպեցին 54-րդ քայլում:

Վաղը հերթական հանգստյան օրն է: Մնացած 2 խաղերում աշխարհի չեմպիոնին չպարզելու դեպքում կնշանակվի լրացուցիչ պարտիաներ՝ արագ և, անհրաժեշտության դեպքում, կայծակնային շախմատի կանոներով:

11-րդ պարտիան կմեկնարկի նոյեմբերի 24-ին Երևանի ժամանակով 19:00-ին: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: