Այս անգամ Կարլսենին բրդյա հագուստ հարկավոր չէր. 5-րդ անընդմեջ ոչ-ոքին

15 Նոյեմբերի 2018 23:42
Այս անգամ Կարլսենին բրդյա հագուստ հարկավոր չէր. 5-րդ անընդմեջ ոչ-ոքին

Շախմատային թագի համար մղվող պայքարը հետզհետե հատում է հասարակածը: Երեկ հանգստյան օր էր, իսկ այսօր մասնակիցները կրկին նստեցին խաղատախտակի առջև՝ մոլորակի թիվ 1 շախմատիստին որոշելու համար: Մի կողմից լարվածությունը մնում էր նույնը, մյուս կողմից՝ շախմատասերները ցանկանում էին ինչ-որ նոր բան տեսնել, որի արդյունքում, թեկուզ ժամանակավորապես, կողմերից մեկը կզիջեր դիրքերը:

Այս անգամ սև խաղաքարերով խաղում էր աշխարհի չեմպիոնը՝ Մագնուս Կարլսենը, իսկ սպիտակ ֆիգուրներին ղեկավարում էր հավակնորդը՝ Ֆաբիանո Կարուանան:  

Հատկանշական է այն, որ իտալացի շախմատիստը հիանալի է պատրաստված սկզբնախաղային տեսանկյունից և օլիմպիական սառնասրտությամբ անցկացնում է ամբողջ պարտիան: Նշվում է, որ ԱՄՆ-ում լուրջ հովանավորներ են զբաղվել Կարուանայի մինչմրցաշարային պատրաստության ծախսերով, և նա կարողացել է իդեալական պայմաններում պատրաստվել դիմակայությանը:

Կարլսենի մոտ փոքր-ինչ լարվածություն է նկատվում, ինչը ավելի ուրվագծվեց 4-րդ պարտիայում, երբ նորվեգացին սկզբից բողոքեց լուսավորությունից, հետո հայտարարեց, որ մրցասրահում շատ ցուրտ է ու նման պայմաններում շախմատ խաղալով՝ իրենք, անկասկած, կմրսեն: Կազմակերպիչները անմիջապես բարելավեցին լույսը և նրան հավելյալ բրդյա հագուստ տրամադրեցին: Իհարկե, սա առաջին դեպքը չէ աշխարհի ուժեղագույն շախմատիստի կարիերայում, սակայն, ըստ վերլուծաբանների, այդ ամենը ավելի շատ լարվածության և մրցակցի մոտ ակնհայտ թույլ կողմեր չտեսնելուց զայրանալու արդյունք է:
Նաև հետաքրքիր է այն, որ շախմատիստները հասակակիցներ են, և աշխարհի չեմպիոնին այժմ դժվար կլինի հույսը դնել ֆիզիկական հոգնածության ֆոնի վրա առավելություն ստանալուն: 
5-րդ պարտիան յուրահատուկ էր նրանով, որ հավակնորդը ստացավ առավելություն, ինչը չէր նկատվում նախորդ 4-ում: Ի պատիվ Կարլսենի նշենք, որ կարողացավ հավասարեցնել դիրքը և նույնիսկ փոքրիկ առավելություն ստացավ, սակայն դա բավարար չեղավ հաղթանակի համար: Կրկին ոչ-ոքի՝ կրկին 34-րդ քայլում: 

Վաղը Երևանի ժամանակով 19:00-ին կսկսվի 6-րդ խաղափուլը, որտեղ աշխարհի չեմպիոնը, խաղալով սպիտակ խաղաքարերով, կփորձի վերջ դնել այս անվերջանալի թվացող ոչ-ոքիների շարքին:

Ալբերտ Շահինյան


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: