Սա առաջին դեպքն է, երբ կորուստներ չունենք. Նիկշա Բավցևիչ

16 Օգոստոսի 2017 12:03
Սա առաջին դեպքն է, երբ կորուստներ չունենք. Նիկշա Բավցևիչ

Օգոստոսի 16-ին կայանալիք ԱԱ2019-ի նախընտրական փուլի Շվեդիա-Հայաստան հանդիպումից առաջ մեր ընտրանու գլխավոր մարզիչ Նիկշա Բավցևիչը խոսել է խաղի մասին:

«Հաղթանակի դեպքում մենք կերաշխավորենք մեր տեղը հաջորդ փուլում։ Դեռ ավելին, հաղթանակը թույլ կտա 1-ին հորիզոնականում հայտնվելու շատ մեծ շանսեր ստանալ մեր ենթախմբում։

Արդեն նշել եմ, որ մեր խմբում բոլոր խաղերը չափազանց մեծ նշանակություն ունեն, քանի որ բավական հավասար խումբ է՝ անկանխատեսելի խաղերով։

Շվեդիայի հավաքականը մեծ հարգանքի արժանի մրցակից է, որն ինձ համար ամենաուժեղ մրցակիցն է այս խմբում։ Շվեդներն արդեն 5-6 տարի է խաղում են նույն մարզչի՝ Վեդրան Բոսնիչի գլխավորությամբ։ Շվեդիայի ներկայիս կազմը միջազգային խաղեի բավական մեծ փորձ ունի։ Որպես թիմ, նրանք շատ լավ են պաշտպանվում և հարձակվում, քանի որ վաղուց են խաղում միասին։ Իհարկե, Շվեդիան էլ ունի թույլ կողմեր, որոնցից մենք կփորձենք հնարավորինս արդյունավետ օգտվել առաջիկա խաղում։

Ուրախ եմ, որ առանց կադրային կորուստների ենք մոտենում խաղին։ Սա առաջին դեպքն է, երբ կորուստներ չունենք։ Երևանում կայացած առաջին 2 խաղերին վնասվածք ուներ Ալբերտ Թադևոսյանը, ապա Բոսնիայի խաղը վնասվածքի պատճառով բաց թողեց Ալան Հեսը։ Նախորդ տուրում էլ Չրաբաշը ոչ լրիվ ուժով խաղաց Սլովակիայի դեմ։ Հուլիսին կայացած ընկերական խաղերին էլ մենք մասնակցել ենք կորուստներով։

Հույս ունեմ, որ վաղվա խաղին բոլորն էլ իրենց կարողությունները ցույց կտան։ Արդեն 3 օր է Շվեդիաում ենք և այս ընթացքում փորձել ենք թիմին վերականգնել։ Հուլիսի սկզբից տղաները հավաքականում են և արդեն մեծ ծանրաբեռնվածություն կա նրանց մոտ։ Սա նաև մեր հավաքականի առաջին միջազգային փորձն է։ Տղաներից շատերը նախկինում հանդես չէին եկել նման մակարդակում, իսկ այժմ 18 օրվա ընթացքում 6 կարևոր խաղն ունեն»,- Նիկշա Բավցևիչի խոսքերն է փոխանցում Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ Շվեդիա-Հայաստան հանդիպումը սկսվելու է Երևանի ժամանակով 21:00-ին և հեռարձակվելու է YouTube-ով:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: