Բասկետբոլ. առաջիկա խաղերին հավաքականի մի քանի խաղացողների մասնակցությունը հարցականի տակ է

16 Նոյեմբերի 2017 21:50
Բասկետբոլ. առաջիկա խաղերին հավաքականի մի քանի խաղացողների մասնակցությունը հարցականի տակ է

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը սկսում է պատրաստվել Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Ալբանիայի և Դանիայի հետ կայանալիք խաղերին: Թիմն ամբողջական կազմով հավաքականի ճամբարում կլինի երկուշաբթի: Կան բասկետբոլիստներ, որոնք հանգստյան օրերին ակումբային խաղեր ունեն:

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը հայտնել է, որ կազմի հետ կապված լուրջ խնդիրներ կան.

«Մոտ տասը խաղացողներ տարբեր պատճառներով չեն կարողանում միանալ մեզ: Մասնավորապես ԱՄՆ-ում հանդես եկող բասկետբոլիստները, ինչը մեզ համար մեծ կորուստ է: Հարցականի տակ է Եվրոպայում խաղացող մի քանի բասկետբոլիստների՝ Քրիս Յանկու Օսկիյանի, Ռայան Բոաթրայթի, Մարսել Հովսեփյանի մասնակցությունը: Նրանց հարցը վերջնական պարզ կլինի երկուշաբթի:

Մեզ չի կարող օգնել նաև իրանահայ Վարդան Բիդրոսյանը: Վերջինս փաստաթղթերի հետ կապված խնդիրներ ունի: Նույն պատճառով հնարավոր է թիմին չկարողանա միանալ Արագատ Աբրահամյանը:

Թիմի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցևիչը հրավիրել է նաև Հայաստանի Ա լիգայի առաջնությունում հանդես եկող բասկետբոլիստների: Ա լիգայի շնորհիվ հավաքականի մի շարք թեկնածուներ ստանում են խաղային պրակտիկա: Օրինակ՝ Գեորգի Պոդկոլզինը, Էդգար Բաբայանը, Նիկիտա Զախարովը, Արարատ Քոչինյանը, Դավիթ Խաչատրյանը և ուրիշներ:

«Ամռանն Ալբանիայի հետ երկու ընկերական հանդիպում ենք անցկացրել և երկուսում էլ հաղթել ենք: Բայց, այդ ժամանակ մենք հանդես ենք եկել մարտական կազմով: Դանիան ավելի ուժեղ մրցակից է: Վերջին տարիներին նրանք լավ արդյունքներ են գրանցել»,-  Արթուր Նազարյանի խոոսքերն է մեջբերում ՀԱՕԿ լրատվական ծառայությունը:

Հայաստանի հավաքականն Ալբանիային կհյուրընկալվի նոյեմբերի 23-ին, և երեք օր անց սեփական հարկի տակ կընդունի Դանիային:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: