Երևանում միջազգային չափորոշիչների աթլետիկական ստադիոնի խնդիրը գրեթե լուծված է. Ռոբերտ Էմմիյան

06 Սեպտեմբերի 2017 18:20
Երևանում միջազգային չափորոշիչների աթլետիկական ստադիոնի խնդիրը գրեթե լուծված է. Ռոբերտ Էմմիյան

Գյումրիում անցկացված աթլետիկայի «Էմմիյանի գավաթ»-ի խաղարկությունն այս տարի  համընկավ 1987 թվականին Ծաղկաձորում Ռոբերտ Էմմիյանի սահմանած հեռացատկի 8 մ 86 սմ Եվրոպայի ռեկորդի 30-ամյակին, որն այսօր էլ դեռ գերազանցված չէ:

«Այս մի քանի օրերն ինձ համար շատ կարևոր են: Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայում գործընկերներս ինձ կրկին ընտրեցին նախագահ: Շատ շնորհակալ եմ վստահության համար: Շնորհակալ եմ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանին, փոխնախարար Գաբրիել Ղազարյանին, երկրի ղեկավարներին, որ ըստ ամենայնի աջակցում են մեր «թագուհի» մարզաձևին:

Հայաստանում աթլետիկական ծածկույթի խնդիր կա: Հայաստանը, թերևս, աշխարհի միակ երկիրն է, որ տաղանդավոր մարզիկներ, բանիմաց մարզիչներ ունի, սակայն մարզաձևով լրջորեն զբաղվելու պայմաններ չկան: Ես մի մեծ երազանք ունեմ՝ Երևանում միջազգային չափորոշիչներին համապատասխանող աթլետիկական ծածկույթով ստադիոն  ունենալու երազանքը, որը շատ թանկ հաճույք է: Խնդիրը ներկայացրել եմ Աթլետիկայի միջազգային ֆեդերացիայի ղեկավարությանը, անձամբ բազմիցս զրուցել դրա նախագահի հետ, Երևան եմ հրավիրել մարզաձևի միջազգային ու եվրոպական ֆեդերացիայի ղեկավար կազմերին:

Աթլետիկական ամբողջական ծածկույթը շատ թանկ արժե, բայց միջազգային ֆեդերացիան ինձ ճանաչելով և հարգելով, զգալի զեղչ էր արել՝ սահմանելով $ 380 հազար գին, ընդորում, դրանից $ 160 հազարն ինքն է տրամադրում: Բայց մնացած 220 հազարն էլ մեր երկրի համար խնդիր է: Բոլորովին վերջերս Լոնդոնում, որտեղ ընթանում էր աշխարհի առաջնությունը, ես կարողացա կրկին մեկտեղ հավաքել մեր մարզաձևի համաշխարհային ու եվրոպական ֆեդերացիաների ղեկավարներին, իմ ընկերներին, ներկայացնել Հայաստանի քաղաքական և տնտեսական բարդ իրավիճակը: Եվ «Հերկուլան» հանրահայտ ընկերությունը, որի ղեկավարն ինձ լավ ճանաչում է, համաձայնեց ամբողջ աշխատանքը կատարել 170 հազար եվրոյով:

Այսպիսով, Հայաստանում միջազգային չափորոշիչներին համապատասխանող աթլետիկական ստադիոն ունենալու խնդիրը, կարելի է ասել, գրեթե ամբողջությամբ լուծված է: Ուզում եմ, որ այն Երևանում լինի»,- Էմմինյանի խոսքերն է մեջբերում ՀԱՕԿ լրատվական ծառայությունը:

Այս օրերին Ռոբերտ Էմմիյանի հրավերով Հայաստանում էր նաև խորհրդային ճանաչված աթլետ, հեռացատկի աշխարհի կրկնակի ռեկորդակիր, օլիմպիական խաղերի կրկնակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն Իգոր Տեր-Հովհաննիսյանը:

«1945 թվականին, երբ ես 7 տարեկան էի, մենք Երևան եկանք: Հայրս այստեղ էր աշխատում, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի թեթև աթլետիկայի ամբիոնի վարիչն էր, ինչպես նաև հանրապետության հավաքականի գլխավոր մարզիչը: Ավելի ուշ Մոսկվա տեղափոխվեցինք, որտեղ հայրս շարունակեց գիտությամբ զբաղվել, իսկ ես սկսեցի մարզվել»:

Աշխարհի ռեկորդներից մեկը (8 մ 31 սմ) Իգոր Արամովիչը սահմանել է 1962 թվականին Երևանում: Իսկ վեց տարի անց Տեր-Հովհաննիսյանը Լենինականում ցատկել է 8 մ 28 սմ (չորրորդ արդյունքը կարիերայի ընթացքում):

Լեգենդար մարզիկը լավագույն արդյունքը ցույց է տվել 1967 թվականին Մեքսիկայում (8 մ 35 սմ): Ի դեպ, 1967 թվականից Եվրոպայի ձմեռային ռեկորդը պատկանում էր հենց Տեր-Հովհաննիսյանին, որը 1986-ին Մոսկվայում գերազանցեց Ռոբերտ Էմմիյանը: Այնպես որ, աթլետիկայի այս մրցաձևում հայերն արդեն հիսուն տարի իրենց ձեռքում են պահում մայրցամաքի բարձրագույն նվաճումը:

«Հաջորդ տարի կլրանա 80-ամյակս: Ինձ շատ լավ եմ զգում: Աղջիկս՝ Մարիան, ևս հեռացատկով է զբաղվում, չնայած վերջերս ոլորել է ոտքը և առայժմ չի մարզվում: Հենց որ ցատկի 6 մ 50 սմ, կսկսի հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո»,- ասել է Տեր-Հովհաննիսյանը:

Լուսանկարը՝ ՀԱՕԿ լրավական ծառայության.


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: