Sportal Media Awards. մրցանակաբաշխության նպատակների, մեթոդաբանության և այլ հարցերի մանրամասներ

23 Հունիսի 2019 18:35
Sportal Media Awards. մրցանակաբաշխության նպատակների, մեթոդաբանության և այլ հարցերի մանրամասներ

Մեր մշտական այցելուները երեք օր շարունակ հետևում էին Instat Limited ընկերության հետ համատեղ մեր կայքի կողմից անցկացվող առաջին Sportal Media Awards մրցանակաբաշխությանը, ըստ որի հայտնի դարձավ ֆուտբոլի Հայաստանի 2018/19 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը, ինչպես նաև հանձնվեց 3 անհատական մրցանակ «Լավագույն դարպասապահ», «Լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ» և «Լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգերում:

Նախաձեռնության նպատակը ներքին առաջնության լավագույններին որոշելն ու խրախուսելն է, ինչպես նաև՝ մրցաշարի նկատմամբ հետաքրքրությունը բարձրացնելը: ՀՖՖ կողմից անցկացվող մրցանակաբաշխության հետ տարբերությունը կայանում է հետևյալում. նախ կառույցի կողմից որոշվում են ոչ թե մրցաշրջանի, այլ՝ օրացուցային տարվա լավագույնները: Փաստացի վերլուծվում են մեկ մրցաշրջանի երկրորդ, և մյուս մրցաշրջանի՝ առաջին հատվածի ելույթները: Երկրորդը՝ հավանական մրցանակակիրների շարքում ընդգրկելով արտերկրում հանդես եկող հայ ֆուտբոլիստներին՝ նվազում է ներքին առաջնության ներկայացուցիչների՝ աչքի ընկնելու հնարավորությունը: Եվ երրորդ, լավագույնները որոշվում են քվեարկության հիման վրա, ինչն իր մեջ պարունակում է սուբյեկտիվության ու ճաշակի տարր:

Ցանկանում ենք ներկայացնել մրցանակաբաշխության մեթոդաբանության մանրամասները: Հետևողական լինելով մեր սկզբնական նպատակին՝ հիմնվել ենք բացառապես ֆուտբոլիստների վիճակագրական տվյալների վրա՝ բացառելով ցանկացած սուբյեկտիվ մոտեցում այս կամ այն թիմի, խաղացողի նկատմամբ: Ստանալով տվյալները մեր գործընկերներից՝ մշակել ենք դրանք վերլուծելու ուրույն մոտեցում: Այն է.

  • նախ դիտարկվել են մրցաշրջանի ընթացքում 30%-ից ավելի խաղաժամանակ ստացած ֆուտբոլիստների արդյունքները, որպեսզի կարճաժամկետ հաջողությունները չազդեն ընդհանուր ելքի վրա.
  • համաձայն խաղային 15 չափորոշիչների, որոնք տրամադրել է Instat ընկերությունը, յուրաքանչյուր ֆուտբոլիստ ստացել է միավորների որոշակի քանակ՝ համապատասխան իր խաղային դիրքում զբաղեցրած հորիզոնականի: Օրինակ, եթե մրցակցում է 11 ֆուտբոլիստ, տվյալ չափորոշիչով լավագույնը ստացել է 11, երկրորդը՝ 10, երրորդը՝9 միավոր և այսպես շարունակ.
  • հավասար ցուցանիշերի դեպքում ֆուտբոլիստները ստացել են հավասար առավելագույն միավորը.
  • համաձայն խաղային դիրքի՝ տվյալ չափորոշիչի կարևորության՝ դրանցից յուրաքանչյուրը ստացել է համապատասխան գործակից: Օրինակ, հարձակվողների համար դարպասին հարվածն ավելի է արժևորվել, քան գնդակի խլումը, պաշտպանական ոճի դիրքի համար՝ հակառակը.
  • հավասարություն ու արդարություն ապահովելու նպատակով բոլոր խաղային դիրքերի գործակիցների հանրագումարը եղել է հավասար, դրանք քննարկվել են նաև մասնագիտական նեղ շրջանակում.
  • վերջում գործակիցներով բազմապատկված միավորների գումարից ստացել ենք հնարավոր բոլոր միավորներից հավաքած արժեքը՝ տոկոսային արտահայտմամբ: Այս քայլի իմաստը կայանում էր նրանում, որպեսզի կարողանանք համեմատել տարբեր դիրքերում ելույթ ունեցող ֆուտբոլիստի արդյունքները՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, ըստ որի տարբեր դիրքերում մրցակցել են տարբեր քանակի ֆուտբոլիստներ:

Որպեսզի սուբյեկտիվությունն իսպառ բացառվի, նախապես չենք որոշել խորհրդանշական հավաքականի խաղային սխեման: Պարտադիր են եղել մեկական դարպասապահի, եզրային պաշտպանների ու կիսապաշտպանների, կենտրոնական պաշտպանի, հենակետային կիսապաշտպանի, հարձակողական կիսապաշտպանի և հարձակվողի դիրքերը: Մյուս երկու դիրքերը դարձել են փոփոխական ու վերջնական սխեման ևս որոշվել է առավելագույն հնարավոր միավորների հաշվարկով և ստացվել 4-1-4-1:

Եվ ի վերջո, բոլոր հավանական միավորների տոկոսային թվով որոշվել են 3 գլխավոր մրցանակակիրները: «Լավագույն դարպասապահ»-ն ամենից հեշտն էր որոշել, «Լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ»-ը մինչև 23 տարեկան՝ առավելագույն հնարավոր միավորներ հավաքած ֆուտբոլիստն է, իսկ մրցաշրջանի «Լավագույն ֆուտբոլիստը»՝ բոլոր ֆուտբոլիստների մեջ առավելագույն հնարավոր միավորներ հավաքածը:

Քանի որ Instat ընկերության տվյալները բաց չեն հանրության լայն շրջանակի համար և վճարովի ծառայություն են, մենք չէինք կարող բացահայտել գործընկերոջ` առևտրային գաղտնիք պարունակող տեղեկությունները: Սակայն հանրության վստահությունը մրցանակաբաշխության վերաբերյալ ամրապնդելու համար, այնուամենայնիվ, պայմանավորվածություն ենք ձեռք բերել հրապարակել մեկ խաղային դիրքի ցուցանիշերն ամբողջությամբ:

Բեռնել

Ձեզ ենք ներկայացնում նաև Instat Limited ընկերության տարածաշրջանային մենեջեր Ղազար Հակոբջանյանի հարցազրույցը Sportal Media Awards մրցանակաբաշխության վերաբերյալ և օգտվելով առիթից՝ շնորհակալություն հայտնում նրան մրցանակաբաշխության կայացմանը ցուցաբերած մեծ ու բազմակողմանի աջակցության համար:

 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: