Եվրո-2020. պատվի ու արժանապատվության շրջափուլ

21 Մարտի 2019 16:14
Եվրո-2020. պատվի ու արժանապատվության շրջափուլ

Ֆուտբոլի Հայաստանի Ազգային հավաքականը կրկին մեկնարկի է դուրս գալիս աշխարհամասի առաջնության որակավորման փուլում: Եվ ի տարբերություն վերջին մի քանիսի, այս անգամ, կարծես, հուսադրող քիչ բան կա: Ազգերի Լիգայի ընթացիկ խաղարկության ամենաթույլ դիվիզիոնում արդեն իսկ պայքարն ավարտած մեր ընտրանին լուրջ խնդիրներ ունի, որոնք չեն վրիպում թե՛ մասնագետների, թե՛ երկրպագուների աչքերից: Ու հենց այս ամենն էլ, սխալվելու մեծագույն ցանկությամբ հանդերձ, հիմնականում բերում է՝ լավագույն դեպքում ծանոթ գաճաճներից մեկ հորիզոնական բարձր զբաղեցնելու՝ կասկածելի պատվաբերությամբ կանխատեսման:

Որքան էլ բոլորս սրտացավ լինենք, որքան էլ յուրաքանչյուրիս մեջ հաղթի ամենաֆանտաստիկ երկրպագուին բնորոշ անսպառ հավատը, միևնույնն է, տարրական վերլուծությունն ու մտածելու կարողությունը շատ արագ մեզ ստիպում են դադարել ճախրել երազանքների գրկում ու իրականություն վերադառնալ: Հավանաբար, նույն այս պրագմատիկ մոտեցումն ունի նաև մեր՝ համեմատաբար նոր ֆեդերացիան, որի ղեկավարները չեն էլ խորշում հայտարարել, որ առաջիկա 5 տարվա կտրվածքով հավաքականից արդյունք պետք չէ ակնկալել: Այս հայտարարության կասկածելի ճշմարտացիությունը, սակայն, այլ թեմա է, որին ու նաև կառույցի մի քանի այլ հայտարարությունների խոստանում ենք անդրադառնալ ավելի ուշ:

Եվրո-2020-ի որակավորման այս փուլը, մի շարք առանձնահատկություններից բացի, նախորդներից տարբերվում է նաև մեկնարկի ժամկետներով: Առաջին հանդիպումները գարնանը կամ աշնանն անցկացնելու մեջ տարբերությունը ֆուտբոլիստների պատրաստության աստիճանների մեջ է: Եվ ակնհայտ է, որ մեծ մասամբ արտերկրի առաջատար առաջնություններում հանդես եկող մրցակից հավաքականների ֆուտբոլիստները մարզավիճակի ու խաղային ռիթմի առումով շոշափելի առավելություն են ստանում մեր կարգի հավաքականների հետ դիմակայությունում: Այս ամենի ֆոնին հենց վիճակահանության օրվանից J խմբի՝ շատերիս համար սպասելի մրցաշարային խաղացանկը առաջին տուրերում ևս մեզ համար այնքան էլ բարենպաստ չէր:

Մասնագետների կարծիքով, Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականը, ում հետ արտագնա խաղով էլ դուրս ենք գալիս մրցապայքարի, իտալացիների հետ մեկտեղ համարվում է խմբի բացահայտ ֆավորիտը: Հավելենք, որ Ռոբերտ Պրոսինեչկիի սաները խմբից դուրս գալու փորձ ունեն, երբ հաղթահարելով անվերջ անհաջողությունները՝ վերջապես դուրս եկան աշխարհի՝ 2014 թվականի առաջնության եզրափակիչ փուլ: Այդ պատմական նվաճման հիմնական հերոսները այսօր էլ հավաքականում են: Ֆիններն էլ, իրենց հերթին, «հեշտ մարսվող» թիմ չեն նախ մեր ընտրանու՝ սկանդինավյան երկրներին բնորոշ ուժային ֆուտբոլ դավանող թիմերի դեմ ոչ այնքան հաջող նախորդ հանդիպումների փորձից, ինչպես նաև հաշվի առնելով հենց Ազգերի Լիգայում ունեցած վերջին ելույթները:

Ճշմարտության դեմ չմեղանչելու համար կարելի է չմոռանալ, որ մեզ՝ նման իրավիճակներում մեկնարկելն ու հաջող հանդես գալը բոլորովին խորթ չեն: Բայց կա մի «բայց». թեկուզ հավաքականում անունները գրեթե նույնն են, իրավիճակն է այլ: Մեր «ոսկե» հավաքականի կորիզը, որը մինչ օրս էլ ծեծված «թարմ արյան» բացակայության պայմաններում ստիպված իր ուսերին է կրում ամբողջական շրջափուլի ամենածանր բեռը, ֆուտբոլային չափանիշերով այլևս այն երիտասարդները չեն, ովքեր ոչ միայն պատրաստ էին «խժռել» ցանկացած մրցակցի թեկուզ սեփական տրանսֆերային արժեքը բարձրացնելու, ազգային արժանապատվությունը բարձր պահելու համար, այլև ունեին դրա համար անհրաժեշտ մի քանի կարևոր նախապայման. մեծամասնությունը կայուն խաղային պրակտիկա ուներ միջին եվրոպական թիմերում, որոնց առաջնորդում էին Մխիթարյան-Մովսիսյան-Ղազարյան-Օզբիլիս հրաշալի քառյակն ու «ծերուկ» Բերեզովսկին: Իսկ այժմ սեփական ու ազգային շարժառիթներից բացի այլ կռվան գտնելը մերոնցից գերկամային հատկանիշներ է պահանջելու:

Եվս մեկ ծեծված թեմա է մարզչի հարցը: Որքան էլ ֆուտբոլային աշխարհի կողմից հարգված ու համակրելի անձնավորություն լինի Արմեն Գյուլբուդաղյանցը, շատ ու շատ մասնագետներ, երկրպագուներ հակված են մեր ընտրանու ղեկին տեսնել արտասահմանցի մարզչի: Սակայն մի բան ակնհայտ է: Մենք դեռ այն հավաքականը չենք, որ ում հրավիրենք՝ անմիջապես արձագանքի: Instat-ից օգտվել գիտեն բոլորն ու մերոնց առաջարկին համաձայնություն տալուց առաջ ևս մեկ անգամ ծանր ու թեթև անելը քիչ թե շատ հանրահայտ մարզչի համար դառնում է հետագայում այլ գործատուի կենսագրականը ներկայացնելու ռիսկերը հաշվարկելու ոչ պակաս գործոն:

Այսքանից ակնհայտ է դառնում, որ.

1/ բոլորս պետք է կարողանանք կառավարել մեր իղձերն ու ռեալ գնահատել իրավիճակը՝ հետագայում սեփական սպասելիքների գերին չդառնալու համար: Տա Աստված՝ լինի հակառակն ու բազմիցս էյֆորիկ տրամադրությունների մեջ հայտնվելու հնարավորություն ունենանք.

2/ անկախ բոլոր դժվարություններից՝ շրջափուլում՝ հնարավորություններից բարձր ցատկելը մեզ համար դառնում է պատվի հարց: Այլապես շատ մոտ ենք դառնալու նույն գաճաճներին՝ այսուհետ նաև փաստացի գրանցած արդյունքներով հանդերձ.

3/ յուրաքանչյուր խաղից առաջ հավաքականը կոնկրետ արդյունք ապահովելու խնդիր պետք է լուծի: Հանրագումարը պետք է հաշվել միայն վերջում.

4/ անկախ առաջին խաղերում գրանցած արդյունքից՝ պետք է շարունակել հավատարիմ մնալ ընտրված «գծին» ու ընթացքում կտրուկ քայլերի չգնալ:

Իսկ իրականում սա ոչ այնքան եզրափակիչ դուրս գալու համար պայքարի շրջափուլ է, այլ մեր երկրի՝ ֆուտբոլային լինելու կամ չլինելունը: Հետևում թողնելով օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներից բխած բազմաթիվ վայրիվերումները՝ պետք է կարողանանք հենց խաղով, շարժառիթով ու նվիրվածությամբ ապացուցել, որ անցյալ հաջողությունները պատահական չէին, իսկ ընտրանու ապագան առնվազն հուսադրող է: Հակառակ պարագայի մասին մտածել անգամ չենք ցանկանում:

Ս.Բ, Գ.Ռ.


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: