Ի՞նչ է կատարվում Մադրիդի «Ատլետիկո»-ի հետ

17 Հունվարի 2019 13:48
Ի՞նչ է կատարվում Մադրիդի «Ատլետիկո»-ի հետ

«Ատլետիկո Մադրիդ»-ը երեկ դուրս մնաց Իսպանիայի գավաթի խաղարկությունից, և դա, կարելի է ասել, արտահայտում է իսպանական ակումբի ընթացիկ մրցաշրջանի ընդհանուր պատկերը: Ճիշտ է՝ թիմը դեռ շարունակում է պայքարը Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի առաջնությունում էլ երկրորդ հորիզոնականում է և պահպանում է չեմպիոնության շանսերը, սակայն տպավորությունը խաղից ու ընդհանուր արդյունքները գոհացնող չեն, մինչդեռ սպասելիքներն այս մրցաշրջանից բավական մեծ էին:

Տարիների հսկայական աշխատանքի ու մարզական ճիշտ առաջընթացի շնորհիվ «Ատլետիկո»-ն վերածվեց իսկական գրանդ ակումբի, և մադրիդցիների ղեկավարությունն էլ «իրեն պահում է» գրանդ ակումբի նման: 2017-ին տեղի ունեցավ «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտի բացումը, որն այս տարի կընդունի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, ակումբը նախորդ ամռանն իրականացրեց իր պատմության ամենաթանկ տրանսֆերը՝ Լեմարի տրանսֆերի համար վճարելով 60 մլն եվրո, թիմում մնացին առաջատարները՝ Գրիզմանը, Օբլակը, Գոդինը, մնաց նաև Սիմեոնեն, մրցաշրջանը սկսեց Եվրոպայի սուպերգավաթի նվաճմամբ՝ «Ռեալ»-ի նկատմամբ տարած հաղթանակով... սակայն «հնդկացիներ»-ի համար մրցաշրջանը սպասվածից ավելի անհաջող է դասավորվում: 

Չեմպիոնների լիգա

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրում «Ատլետիկո»-ն անակնկալ կերպով չկարողացավ հաղթել «Բրյուգե»-ին, զբաղեցրեց երկրորդ հորիզոնականն ու պատժվեց. 1/8 եզրափակչում Սիմեոնեի սաները մրցելու են այս Չեմպիոնների լիգայի գլխավոր ֆավորիտներից մեկի՝ «Յուվենթուս»-ի հետ, որի արգելքը հաղթահարելն այս պահին առավել, քան դժվար է թվում: Իտալական գրանդն անպարտելի է, Ա սերիայում վստահ քայլերով ընթանում է դեպի չեմպիոնություն, իսկ երեկ արդեն նվաճեց իր առաջին տիտղոսն այս մրցաշրջանում՝ Իտալիայի սուպերգավաթը: 

Նախորդ մրցաշրջանում «Ատլետիկո»-ն նույնիսկ չկարողացավ հաղթահարել ՉԼ խմբային փուլի արգելքը, սակայն Եվրոպա լիգայում չեմպիոն դառնալն այդ ձախողմանը ծառայեց որպես փոխհատուցում: Այս տարի 1/8-ից դուրս մնալու դեպքում այդ հնարավորությունն էլ չի լինելու, ուստի՝ Կրիշտիանուի և ընկերների հետ դիմակայությունը «ատլետներ»-ի համար եզրափակիչ է լինելու: 

Լա լիգա

Առաջին հայացքից՝ այստեղ ամեն ինչ կարգին է. «Ատլետիկո»-ն 2-րդ հորիզոնականում է, առաջատար «Բարսելոնա»-ին էլ զիջում է ընդամենը 5 միավորով: Սակայն անցկացրած 19 խաղից «Ատլետիկո»-ն հաղթել է 10-ում՝ խաղերի 50%-ից մի փոքր ավելին, ինչը, մեղմ ասած, տպավորիչ արդյունք չես համարի, և եթե «Ռեալ»-ն էլ այսքան անհաջող մրցաշրջան չանցկացներ, դժվար թե «Ատլետիկո»-ն այժմ 2-րդը լիներ: Մադրիդցիների հաղթանակներն էլ համոզիչ չեն՝ գրեթե միշտ նվազագույն առավելությամբ ու առանց խաղային փայլի: 19 խաղում խփած 27 գոլը վկայում է այն մասին, որ թիմի հարձակման գծում հաջող է գործում միայն Անտուան Գրիզմանը, քանի որ Կոստան վնասվածքի պատճառով բացակայում է, իսկ Լեմարը դեռևս չի կարողանում գտնել իր տեղը նոր թիմում: 

Արքայական գավաթ

Արքայական գավաթում կրած պարտությունն էլ մեծ հարված էր Սիմեոնեի թիմին, քանի որ ոչ ոք չէր սպասում, որ «Ատլետիկո»-ն մրցաշարն այսքան վաղ կլքի: «Ժիրոնա»-ն այն մրցակիցը չէր, որի արգելքն «Ատլետիկո»-ն չկարողանար հաղթահարել, սակայն այս պարտությունն էլ ցույց տվեց արդեն թիմի բացերը թիկունքում. «Ատլետիկո»-ն այլևս նախկին «պողպատյա» պաշտպանությունը չունի: 

Դիեգո Սիմեոնեն պետք է դասեր քաղի այս ամենից, քանի դեռ ամեն ինչ կորած չէ: Անհրաժեշտ է օգտվել ձմեռային տրանսֆերային պատուհանից ու համալրումներ անել հարձակման գծում, պաշտպանությունում խաղն ավելի կազմակերպված դարձնել ու վերադարձնել հզոր բնավորությունը և թիմային ոգին, որն «Ատլետիկո»-ին 2 անգամ հասցրեց Չեմպիոնների լիգայի եզրափակիչ ու բազմաթիվ տիտղոսներ տվեց: 

Իշխան Մելքոնյան


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: