«Լիվերպուլ»-ի հեղափոխությունը. երբ Կլոպն իր ռոքով հայտնվում է բարձունքում

30 Դեկտեմբերի 2018 16:02
«Լիվերպուլ»-ի հեղափոխությունը. երբ Կլոպն իր ռոքով հայտնվում է բարձունքում

“You say you want a revolution” - երգում էին լիվերպուլյան «Բիթլզ» խմբի տղաները: Եվ ահա, այստեղ է հեղափոխությունը: «Լիվերպուլ»-ն օգտվում է Ամանորի հրաշքներից ու ձմեռ պապիկից խնդրում է իր ցանկությունները, մասնավորապես` Անգլիայի պրեմիեր լիգայի տիտղոսը: Որովհետև Կլոպի թիմը կատարելության է հասցրել գերմանական Բլիցկրիգը` կայծակնային պատերազմը, որի միջոցով սրբում-տանում է իր առջև հանդիպած ցանկացած մրցակցի, և տրամաբանական է, որ «Լիվերպուլ»-ը 2018 թվականը փակում է Պրեմիեր լիգայի գագաթին` միավորների շոշափելի առավելությամբ:

Կլոպն իր ոճով այնպես է արել, որ ակումբը, երկրպագուներն ու քաղաքը սիրահարվեն իրեն: «Ռոք ըն ռոլ»-ը, կամ, ավելի ճիշտ`«Ռոք ըն Կլոպ»-ը Լիվերպուլում ապրելակերպ ու երաժշտական ոճ է դարձել, որը հնչում է լիվերպուլցի երկրպագուների սրտերում ու մերսիսայդյան հայտնի The Cavern Club փաբում: Չնայած նրան, որ արդեն 3 տարի է, ինչ գերմանացի մասնագետը ժամանել է ու թիմի խաղում մտցրել է ճնշումը, արագությունն ու հարձակողական խաղը, հենց այս տարի` 2018-ին է, որ «Էնֆիլդ»-ը 100 տոկոսով «վարակվել է Կլոպի վիրուսով»:

Գերմանացին դրան հասել է շատ լավ մշակված մարտավարության ու ծրագրի շնորհիվ, դրան էլ ավելացավ հարձակման հրաշալի եռյակը: Արդյունքը առավել, քան գոհացուցիչ է: Կլոպն արդեն ուներ ձայնը, կիթառն ու մարտկոցը, իսկ Սալահ - Մանե - Ֆիրմինո եռյակը գրանցեց բոլոր ռեկորդները Չեմպիոնների լիգայում, և այս երեք խաղացողները միայն այս տարի կարողացել են 75 գոլի հեղինակ դառնալ: Եգիպտացին, ով այս տարի փայլուն մրցաշրջան անցկացնելուց հետո դարձավ աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը, առաջնորդում է հզորագույն ու խաղային բազմերանգությամբ առանձնացող հարձակման եռյակը. Արագություն, գոլ ու առատաձեռնություն: Էլ ի՞նչ է պետք ցանկացած պաշտպանություն քանդելու համար:

Հունվարին թիմը հսկա «պատ» ձեռք բերեց: Մասնավորապես`1.93 մետր բարձրության: Վիրջիլ Վան Դեյկը դարձավ պաշտպանության այն հենասյունը, որի կարիքը «Լիվերպուլ»-ն ուներ: Վան Դեյկի շնորհիվ Կլոպը հանգիստ կարողացավ շունչ քաշել, թիմը տպավորիչ արդյունքներ ցույց տվեց թիկունքում: Վան Դեյկի տրանսֆերը պակաս կարևոր չէր, քան Սալահինը կամ Մանեինը:

Այսպես էլ թիմը կարողացավ հասնել մինչև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որում, ճիշտ է, պարտվեց «Ռեալ»-ին, սակայն դա ոչ թե վերջակետ էր, այլ մի նոր սկիզբ: Ամառային տրանսֆերային պատուհանին ակումբը շատ լավ աշխատեց ու կարողացավ թիմ հրավիրել այն խաղացողներին, թիմի փազլի հենց այն կտորներին, որոնք պակասում էին ամբողջական պատկեր ստանալու համար: Եզրափակիչը ձախողած Կարիուսի փոխարեն եկավ Ալիսոնը` լավագույններից մեկն իր դիրքում, դաշտի կենտրոնը լրջորեն համալրվեց Ֆաբինյոյով ու Կեյտայով, իսկ Շաքիրիի ժամանումով «Լիվերպուլ»-ն ունի բարձրակարգ պահեստային ու հրաշալի այլընտրանք: Գերազանց հիմնական կազմ, երկար պահեստայինների նստարան:

Այս ամենը «Լիվերպուլ»-ին դարձրին մի իսկական մեքենա, որն առաջնության 20 տուրում բաց է թողել ընդամենը 8 գոլ ու 9 միավորով առաջ է անցել այս պահին 2-րդ հորիզոնականում գտնվող «Տոտենհեմ»-ից, և մեծ քայլերով ընթանում է դեպի իր առաջին Պրեմիեր լիգան պատության մեջ. առաջինը` 1990-ից հետո, առաջինը մի սերնդի համար, որը գիտի, թե ինչ է նշանակում իշխել Եվրոպայում, սակայն որն իր գլխին դեռ չի տեսել անգլիական թագը: Ջերարդի մեկ սայթաքումը զրկեց իր թիմին բաղձալի տիտղոսից, սակայն այդ տիտղոսի հոտն ու շունչն արդեն զգում են Լիվերպուլում…

Իշխան Մելքոնյան


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: