Մունդիալից մունդիալ. Ի՞նչ է փոխվել «Ռեալ»-ում

24 Դեկտեմբերի 2018 13:01
Մունդիալից մունդիալ. Ի՞նչ է փոխվել «Ռեալ»-ում

Անցավ մեկ տարի, ու երկնքում կրկին նույն ակումբն է. Մադրիդի «Ռեալ»-ը 3-րդ անգամ անընդմեջ դարձավ աշխարհի ակումբային չեմպիոն: 2017 թվականի դեկտեմբերի 23-ին Սերխիո Ռամոսը «Բեռնաբեու»-ին ներկայացրեց աշխարհի ակումբային գավաթը: 2018-ի նույն օրը մադրիդյան ակումբի թանգարանը համալրվում է նույն տիտղոսով: Զիդանն ու Կրիշտիանուն էլ դարձան պատմություն, սակայն «Ռեալ»-ը շարունակում է հաղթել:

Զիդան, Լոպետեգի, Սոլարի…

Ուղիղ մեկ տարի առաջ Սանտիագո Սոլարին գլխավորում էր «Կաստիլյա»-ն, որը 13 միավորով զիջում էր «Սեգունդա»-ի առաջատար «Ֆուենլաբրադա»-ին, այսօր «Ռեալ»-ի հիմնական թիմի գլխավոր մարզիչն է: Այդ պաշտոնը պատկանում էր Զիդանին, ով ակումբի համար նվաճելով 3-րդ անընդմեջ ՉԼ-ն, անակնկալ կերպով հեռացավ Մադրիդից: Սակայն Զիդանին փոխարինողը Սոլարին չէր: Ֆրանսիացի մասնագետի հեռանալուց հետո թիմը գլխավորեց Լոպետեգին, ով, սակայն, որպես «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ չհասցրեց անգամ համտեսել ամանօրյա նրբաբլիթները: Իսպանացի մասնագետը ձախողվեց, իսկ Սոլարին արժանիորեն վաստակեց մադրիդյան թիմը գլխավորելու պաշտոնն ու արդեն նվաճեց իր առաջին գավաթը:

Կյանքն առանց Կրիշտիանուի

Զիդանի հեռանալուց հետո Մադրիդը լքեց նաև Կրիշտիանուն: Կիևյան եզրափակչի ավարտից հետո նա հայտարարեց իր անակնկալ որոշման մասին: Մեկ տարի առաջ, կրկին Աբու Դաբիում, Ռոնալդուն հիասքանչ հարվածով վճռեց աշխարհի ակումբային առաջնության եզրափակչի ելքը: Երեկ խաղում էր Թուրինում` «Յուվենթուս»-ի մարզաշապիկով: «Ռեալ»-ի համար կյանքը շարունակվում է առանց Կրիշտիանուի, սակայն պորտուգալացուն կարոտում են Մադրիդում:

Փոխվեց դարպասապահը

Զիդանի համար երկու կարծիք չկար. «Ռեալ»-ի հիմնական դարպասապահը Կեյլորն էր: Սակայն ամռանը հեռացավ ֆրանսիացին, իսկ Պերեսը գնեց Աշխարհի առաջնության լավագույն դարպասապահի` Տիբո Կուրտուայի տրանսֆերը: Եվ եթե Լոպետեգին հավասարաչափ էր խաղաժամանակը բաշխում երկու դարպասապահների միջև, ապա Սոլարիի համար հիմնական դարպասապահը Կուրտուան է, ով խաղում է Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի առաջնությունում, ինչպես նաև աշխարհի ակումբային առաջնությունում: Կեյլորին մնաց միայն Արքայական գավաթը:

Բեյլը դարձավ առաջատար

Մեկ տարի առաջ Բեյլն անգամ չէր ընդգրկվում թիմի մեկնարկային կազմում, քանի որ այդ մրցակցությունում պարտվել էր Իսկոյին: Բայց Կրիշտիանուի հեռանալուց հետո «Ռեալ»-ի «դրոշակ»-ը հանձնեցին Բեյլին, ով Աբու Դաբիում դարձավ մրցաշարի լավագույն ֆուտբոլիստն ու լավագույն ռմբարկուն:

Ասենսիոյի հետընթացը

Առանց Կրիշտիանուի բացվեցին նաև Ասենսիոյի «օդերը»: Սակայն մալյորկացին դեռևս չի կատարում այն խաղային թռիչքը, որը սպասում էին նրանից: Սոլարիի գլխավորությամբ խաղում է ավելի շատ, քան, օրինակ` Իսկոն, բայց չի փայլում: Պետք է ժամանակ տրամադրել Ասենսիոյին, քանի որ նրա ձախ ոտքը կարող է հրաշքներ գործել:

Մոդրիչի «Ոսկե գնդակ»-ը

2017 թվականի Աշխարհի ակումբային առաջնության ժամանակ Մոդրիչը դարձավ մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ: Իսկ ահա 2018-ին Մոդրիչը նվաճեց աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչումը` «Ոսկե գնդակ»-ը` շնորհիվ իր կախարդական խաղի:

Վինիսիուսի հայտնությունը

Մեկ տարի առաջ Վինիսիուսը խաղում էր «Ֆլամենգո»-ում, իսկ այժմ նա արդեն գոլի հեղինակ է դառնում եզրափակչում` «Ռեալ»-ի մարզաշապիկով: Աշխարհի ամենատաղանդավոր երիտասարդներից մեկը պատկանում է «Ռեալ»-ին:

Ավելի մոտ Լա լիգային

Մեկ տարի առաջ «Ռեալ»-ը տարին փակեց`14 միավորով զիջելով «Բարսելոնա»-ին` կորցնելով կատալոնական ակումբին հասնելու բոլոր հույսերը: Այս տարի նույնպես «արքայական» ակումբը հետ է մնում «Բարսելոնա»-ից, սակայն այս անգամ միավորների տարբերությունը քիչ է` 8 միավոր: Մեկ հանդիպում էլ «Ռեալ»-ը պակաս է անցկացրել:

Իսկ Չեմպիոնների լիգա՞ն

ՉԼ-ի 1/8 եզրափակչում «Ռեալ»-ին սպասում է հոլանդական «Այաքս»-ը: Նախորդ տարի վտանգն ավելի մեծ էր. մրցակիցը ՊՍԺ-ն էր: «Ռեալ»-ը հաղթահարեց փարիզյան ակումբի արգելքը, հետագայում էլ նվաճեց իր 13-րդ գավաթը: Ի՞նչ կլինի այս անգամ…

Մեկ տարվա ընթացքում այսքան մեծ փոփոխություններ են եղել «Ռեալ»-ում, որոնք էլ ունեցել են իրենց հետևանքները: Սակայն մադրիդյան ակումբը, միևնույնն է, երբեք չի դադարում լինել անկանկախատեսելի:

Ւշխան Մելքոնյան


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: