2018թ. տարվա լավագույն ֆուտբոլիստները՝ ըստ Sportal.Am-ի

20 Դեկտեմբերի 2018 18:28
2018թ. տարվա լավագույն ֆուտբոլիստները՝ ըստ Sportal.Am-ի

Քիչ առաջ ավարտվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից հայտարարված քվեարկությունը «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում: Sportal.am-ը ևս ներկայացրել է իր տարբերակը, որը ներկայացնում ենք նաև մեր ընթերցողներին:

Արդեն ձևավորված ավանդույթի համաձայն և կարևորելու համար մեր առաջնությունը, այս տարի ևս որոշեցինք 3-րդ հորիզոնականում նշել Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը ներկայացնող ֆուտբոլիստի: Առավել ևս, որ 2018/19 մրցաշրջանի առաջին կեսը ցույց տվեց, որ ընթացիկ առաջնությունը շահեկանորեն տարբերվում է նախորդներից: Եվ մեր ընտրությունը կանգ առավ «Բանանց» ակումբի ավագ Վահագն Այվազյանի թեկնածության վրա:

Ընդհանուր առմամբ թե՛ մասնագետների, թե՛ լրագրողների ու երկրպագուների շրջանում հակասական կարծիքներ են հնչում Այվազյանի խաղի վերաբերյալ: Մի մասը կարծում է, որ աջ պաշտպանի դիրքում նա չի կարողանում բացահայտել իր ողջ ֆուտբոլային ներուժը, մյուս մասն էլ վստահ է, որ այդ խաղային դիրքում ևս ֆուտբոլիստը բավական հասուն ֆուտբոլ է ցուցադրում: Անկախ ամեն ինչից, Վահանգնը մեղավոր չէ, որ արդեն տևական ժամանակ ակումբի մարզիչները թիմի դիրքային խնդիրները հենց իր միջոցով են փակում, ինչն էլ, բնականաբար, կաշկանդում է խաղացողին՝ ցույց տալու իր կարողությունների ամբողջ զինանոցը: Այս իրավիճակում 26-ամյա ֆուտբոլիստն օրացուցային տարում կարողացել է կայուն խաղ ցուցադրել, աչքի է ընկել առաջնորդին բնորոշ որակներով, իսկ նրա հեռահար հարվածները դարձել են մեր առաջնության՝ երկրպագուներին մարզադաշտ բերելու սակավաթիվ հաղթաթղթերից մեկը: Եվ անկախ ամեն ինչից կարծում ենք, որ նա արժանացել է հավաքականի կազմում իր՝ թեկուզ փորձնական խաղաժամանակը ստանալուն:

Եվ այսպես, ըստ Sportal.am-ի, Վահագն Այվազյանն արժանի է լինել Հայաստանի 2018 թ. տարվա լավագույն ֆուտբոլիստների եռյակում:

Այլընտրանք - Պետրոս Ավետիսյան, Ալիկ Առաքելյան

Մեզ համար առաջին հայացքից առավել բարդ խնդիր էր երկրորդ հորիզոնականի թեկնածուի ընտրությունը, սակայն համադրելով վիճակագրությունն ու փաստերը՝ առավել ծանրակշիռ ստացվեց ընտրության կշեռքի՝ Սարգիս Ադամյանի նժարը: Եվ ահա թե ինչու: Առաջին հերթին ֆուտբոլային խաղի հասունության տեսակետից Ադամյանն այս տարի հսկայական աճ է գրանցել: Դա անզեն աչքով նկատելի է նաև խաղադաշտում ունեցած նրա վստահության չափաբաժնի ավելացումից: Անցած տարի իր թիմի հետ երկրորդ Բունդեսլիգա տեղափոխությունը, նոր ու բավական բարդ մրցաշարում միջին ու բարձր հորիզոնականներ զբաղեցնող թիմի մեկնարկային կազմում տեղի ապահովումը, հավաքականի կազմում աչքի ընկնող ելույթներն ու, անկասկած, նրա խաղային սխեմաներում առանցքային դերակատարումն այն կռվաններն են, որոնք հնարավորություն կարող են տալ մեր 25-ամյա ֆուտբոլիստին նոր թռիչք կատարել ակումբային կարիերայում և ուժերի ծաղկման շրջանում մեզ հպարտության առիթներ պարգևել թե՛ թոփ-5 առաջնություններից մեկում, թե՛ ազգային ընտրանու կազմում:

Եվ այսպես, Sportal.am-ի վարկածով, Սարգիս Ադամյանն արժանի է լինել Հայաստանի 2018 թ. տարվա լավագույն ֆուտբոլիստների ցանկի երկրորդ հորիզոնականում:

Այլընտրանք - Գևորգ Ղազարյան

Անցած տարվա լավագույն ֆուտբոլիստի մեր ընտրությունը հիմնավորելիս միտք էինք արտահայտել, թե ցավոք, քանի դեռ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում չի կայացրել` առանձնացնել Հայաստանի և Հայաստանի առաջնության տարվա լավագույն ֆուտբոլիստների անվանակարգերը, Հենրիխ Մխիթարյանն այլընտրանք չունի և չի ունենա ևս մի քանի տարի: Պետք է փաստենք, որ մեր կանխատեսումը «չաշխատեց» ընդամենը մեկ տարի հետո: Եվ դրա «մեղավորը» մեր Մարկոսն էր՝ աշխարհի «ամենահայ» ու Հայաստանի հավաքականի երկրպագուների կողմից ամենասիրված բրազիլացին: Դժվար է պատկերացնել, թե տարեսկզբին որևէ մեկը կենթադրեր, որ Մարկոսն այդքան վառ մրցաշրջան կանցկացնի՝ հաշվի առնելով նրա տարիքը, Ղազախստանի նման բարդ առաջնությունը, ներկա թիմի վիճակն ու կազմակերպական խնդիրները: Սակայն 34-ամյա ֆուտբոլիստը հենց սկզբից դարձավ ոչ միայն իր թիմի, այլ մի ողջ առաջնության ակնհայտ առաջատարն ու գլխավոր դերակատարը: Ու երբ ամեն անգամ թվում էր, թե ուր որ է կվերջանան փամփուշտները նրա զինանոցում, Պիզելլիին հաջողվում էր հերթական գլուխգործոցն արարել՝ հպարտության ու զարմանքի հերթական ալիքն առաջ բերելով հայկական ու ղազախական մամուլում: Եթե այս ամենին գումարում ենք նաև այն հսկայական ավանդը, որը կիսապաշտպանն ունի Հայաստանի հավաքականի խաղում, նրա նվիրվածությունն ու հավատարմությունը, 2018 թվականի լավագույն ֆուտբոլիստի ընտրության հարցը մեզ համար դառնում է փակված:

Եվ այսպես, ըստ Sportal.am-ի, Հայաստանի 2018 թ. տարվա լավագույն ֆուտբոլիստը Մարկոսն է:

Այլընտրանք - չկա

Ինչու՞ չենք ընտրել Հենրիխ Մխիթարյանին

Այս հարցում ևս մեր ուրույն մոտեցումն ունենք: Անկախ նրանից, որ Մխիթարյանն այս տարի չկարողացավ ցուցադրել իր հնարավորությունների առավելագույնը թե՛ Անգլիայի Պրեմիեր Լիգայում և թե՛ Հայաստանի հավաքականի կազմում, կարծում ենք, որ վերջին ժամանակներին նրա խաղի շուրջ հնչած խիստ գնահատականներն առավել շատ մասնագետների և հասարակության կողմից ունեցած սպասելիքների արդյունք են: Եթե համեմատենք զուտ խաղային ցուցանիշերը, առաջնության ու եվրագավաթի խաղարկությունների մակարդակը, ճանաչելիությունը, Հենրիխը կրկին այլընտրանք չի ունենա: Եվ այս պարագայում նրան կրկին լավագույնը ճանաչել՝ չգնահատելով Մարկոսին, կամ հակառակ դեպքում Մխիթարյանին դնել 2-րդ, կամ, առավել ևս, 3-րդ հորիզոնականում մենք ճիշտ չհամարեցինք: Հավատացեք, այս մեկ՝ հերթական տիտղոսը չունենալը նրանից ոչինչ չի խլի:

Լուսանկարները՝ ՀՖՖ պաշտոնական կայքի


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: