Չեմպիոնների լիգա. «Լիվերպուլ»-«Նապոլի». Վերջին տուրի կրակոտ եզրափակիչը

11 Դեկտեմբերի 2018 10:27
Չեմպիոնների լիգա. «Լիվերպուլ»-«Նապոլի». Վերջին տուրի կրակոտ եզրափակիչը

Չեմպիոնների լիգայի խմբային փուլն ավարտվում է: Արդեն այսօր կկայանան 6-րդ տուրի առաջին 8 հանդիպումները: Տեղի ունեցող խաղերից կենտրոնականը, միանշանակ, C խմբում կայանալիք հանդիպումն է լինելու «Լիվերպուլ»-ի ու «Նապոլի»-ի միջև:

Վիճակահանությունը դիտելիս բոլորն ափսոսանքով արձագանքեցին C խմբի ձևավորմանը, քանի որ 3 հզոր ակումբներից` ՊՍԺ-ից, «Լիվերպուլ»-ից ու «Նապոլի»-ից մեկը չէր շարունակելու ելույթները ՉԼ-ի փյել-օֆֆ փուլում: Եվ ահա եկել է այդ ափսոսանքի կիզակետը, քանի որ խմբային փուլի ամբողջ ընթացքում խելահեղ մրցակցության մեջ անցած պայքարի վերջին տուրում խաղարկվելու է 1/8 եզրափակչի ուղեգիրը: 8 միավոր ունեցող ՊՍԺ-ն խաղալու է «Ցրվենա Զվեզդա»-ի հետ ու մեծ հավանականությամբ խնդիրներ չի ունենա: Եվ ուրեմն` բոլորի ուշադրությունը կենտրոնանում է դեպի «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտ:

«Լիվերպուլ»-ն ու «Նապոլի»-ն այս մրցաշրջանի լավագույն թիմերից են: Անգլիական գրանդը գլխավորում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը, իսկ «Նապոլի»-ն շարունակում է պայքարել «Սկուդետո»-ի համար` թեև արդեն միավորներով զգալիորեն զիջում է առաջատար «Յուվենթուս»-ին: Ու այժմ երկու թիմերի համար էլ միմյանց միջև հանդիպումը ճակատագրական է, քանի որ նրանցից մեկը, անհաջողության դեպքում, ստիպված է լինելու դադարել պայքարել ՉԼ-ի ճակատով:

«Լիվերպուլ»-ը փայլուն մրցաշրջան է անցկացնում: Կլոպի թիմն ավելի բալանսավորված է դարձել. դեռ նախորդ մրցաշրջանից հետո զորեղ հարձակում ունենալուց բացի ակնհայտորեն ուժեղացել է նաև պաշտպանությունը: «Լիվերպուլ»-ն Անգլիայի առաջնության 16 տուրից հետո պատմական ռեկորդ է գրանցել` սեփական դարպասն ընդունելով ընդամենը 6 գնդակ: Ավելին` նրանք «Յուվենթուս»-ի, «Բորուսիա»-ի ու ՊՍԺ-ի հետ հանդիսանում են միակ թիմերը, որոնք եվրոպական թոփ առաջնություններում դեռևս պարտություն չեն կրել:

Սակայն «Լիվերպուլ»-ը չէր լինի «Լիվերպուլ», եթե այս տպավորիչ մրցաշրջանում էլ չկրեր անտրամաբանական պարտություն կարգով ավելի ցածր թիմից: ՉԼ-ում Կլոպի թիմը պարտվել է բոլոր արտագնա խաղերում` նույնիսկ «Ցրվենա Զվեզդա»-ին: Փարիզում վերջին պարտությունն էլ հարկադրում է անգլիական ակումբին հաղթել «Նապոլի»-ին, այն էլ` 1-0 հաշվով կամ 2 գնդակի առավելությամբ` անձնական խաղերում առավելություն ստանալու համար:

«Նապոլի»-ն էլ, որպես թիմ, նույնպես հետաքրքիր տեսք է ստացել: Հեռացավ Սարին, եկավ Անչելոտին: Դա նշանակում է, որ երբեմնի ռոմանտիկ ու գերհարձակվողական ֆուտբոլ խաղացող «Նապոլի»-ն արդեն սկսելու է անցնել շատ ավելի պրակտիկ ու հաշվարկող ֆուտբոլին: Անչելոտիին արդյունք է անհրաժեշտ. իտալացի մասնագետը հենց այս հանդիպմանը կարող է ապավինել հետախուզական ու հակագրոհային ֆուտբոլին, քանի որ հաջորդ փուլ դուրս գալու համար «Նապոլի»-ին կբավարարի նաև ոչ-ոքին: Հարավիտալական ակումբն ամեն ինչ անելու է 1/8 անցնելու համար, քանի որ, ինչպես Անչելոտին էր նշել` «Մենք հիմար կլինենք, եթե դուրս չգանք այս խմբից»:

Այսպիսով, ինչպես և կանխատեսվում էր, ՉԼ-ի մահվան խմբում պայքարը չի դադարելու մինչև վերջին րոպեն: «Լիվերպուլ»-«Նապոլի» հանդիպումն ունի եզրափակչի բնույթ, որտեղ պարտվողին չեն ների: Կկարողանա՞ «Լիվերպուլ»-ն «Էնֆիլդ»-ի ու լավ մարզավիճակում գտնվող Սալահի օգնությամբ հասնել կարևոր հաղթանակին, թե՞ պրագմատիկ ու «աղվես» իտալացիները կկորզեն ցանկալի արդյունքը: Պատասխանը` այսօր ուշ երեկոյան:

Իշխան Մելքոնյան


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: